Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Եթե սխալ ենք, պատրաստ ենք պատասխանատվություն կրել»

Հուլիս 27,2019 12:30

Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում:

ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը ՀԱՕԿ-ի ղեկավարությանը եւ լուծարված սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախկին ղեկավարությանը մեղադրում է ֆեդերացիայի գործերին ապօրինաբար միջամտելու մեջ, ՀԱՕԿ-ն էլ իր հերթին, մտահոգված բռնցքամարտի աշխարհում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով մասնագետների երկու բանակի բաժանված լինելու փաստով, ցանկանում է լուծման մի որեւէ ելք գտնել, որից չեն տուժի առաջին հերթին անտեսված մարզիկները եւ մարզիչները:

Մեկ տարի փոխադարձ մեղադրանքներից հետո, որը հասել է նաեւ միջազգային ատյաններ՝ ՖԻԲԱ ու ՄՕԿ, երեկ ՀԱՕԿ արտահերթ ասամբլեան «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն հեռացրեց ՀԱՕԿ-ի անդամակցությունից եւ ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամի կարգավիճակ տվեց «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին:

Ասամբլեայի մեկնարկից մի քանի ժամ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում կոչ է արվում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ին՝ հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով: Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործընթացին ու ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմին առաջիկա օլիմպիական խաղերին մինչեւ ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրի հանգուցալուծումը, իսկ հանգուցալուծումը պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում»:

Այս հայտարարությունը Հրաչյա Ռոստոմյանի տարակուսանքն է առաջացրել, ինչի մասին նա ասաց ասամբլեային հաջորդած մամուլի ասուլիսում. «Եթե իրավական առումով նայենք, խնդիր չկա: Եթե համամիտ չեն, կարող են դիմել դատարան, որը կարող է լինել միայն Լոզանի արբիտրաժային դատարանը: Մենք պատրաստ ենք: Ես վստահ եմ, որ մենք որեւէ բան չենք խախտել, քանի որ ամեն ինչ քննարկել ենք եւ եթե խնդրահարույց չլիներ, այս ամենը մեկ տարի չէր տեւի: Նախարարության հայտարարության մեջ քննարկելու, համագործակցելու կոչ կա: Ի սեր Աստծու: Մեկ տարի է՝ շարունակվում է: Եթե չեմ սխալվում՝ հունիսի 1-ից սպորտի գծով փոխնախարարը դե յուրե նշանակվել է: Բայց դե ֆակտո, որքան գիտեմ՝ ավելի շուտ: Խնդիր չկար, այս չորս ամիսների ընթացքում չի եղել մի անգամ, որ ասեն եկեք խոսենք, մենք հրաժարվենք: Հակառակը, մենք ենք անընդհատ ասել՝ եկեք նստենք՝ հասկանանք, թե սրա վերջն ինչ է լինելու, ինչի՞ է այս օրին հասել, ու որեւէ արձագանք չենք ստացել: Գլխավոր ասամբլեայից ընդամենը մեկ ժամ առաջ հայտարարություն տարածելու իմաստն ուղղակի չեմ հասկանում: Նախարարը քաղաքական պաշտոն է: Ուղղակի, ով այդ նախարարությունում սպորտի համար պատասխանատու է, ինքը պետք է ժամանակին զեկուցած լիներ: Իմ կարծիքով՝ դա ավելի ճիշտ կլիներ եւ նախարարությունն այդ հայտարարությունը չէր անի: Ավելին ասեմ. լրիվ տեղեկացված կլինեին խնդրի իրական էությունից: Ես իմ ելույթում 30-ից ավելի կետ բերեցի, բոլորն էլ իրավական փաթեթավորումով: Որեւէ խնդիր չկա, թող դիմեն դատարան: Մեր որոշումը կարող է բողոքարկվել Լոզանի դատարանում: Եթե մենք սխալ ենք, պատրաստ ենք պատասխանատվություն կրել»:

Հարցին, թե Եվրոպական խաղերում մեդալ նվաճած մեր բռնցքամարտիկներից ով որ ֆեդերացիան էր ներկայացնում, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Մեզ համար բոլորն էլ մերն են, տարբերություն չկա: Մենք փորձում ենք համախմբել բոլոր մարզիկներին, այդ թվում նաեւ՝ բռնցքամարտիկներին: Ով կլինի ֆեդերացիայի նախագահ, ով կլինի նախարար, ամբողջը երկրորդային է: Նախարարները, ֆեդերացիաների նախագահները անցողիկ են, գալիս-գնում են: Մարզիկներն ու մարզիչներն են մնայուն արժեք»:

Հարց հնչեց նաեւ, թե ինչ սկզբունքով է ընտրվել Մինսկ մեկնող բռնցքամարտի հավաքականի կազմը: «Մենք երկու ֆեդերացիաներից ստացել ենք թիմերի կազմերի առաջարկներ: ՀԲՖ-ն 10 քաշային կարգերից ներկայացրել էր ութ բռնցքամարտիկի անուն՝ 52 եւ 81 կգ քաշային կարգերում թեկնածու չկար: Վիճահարույց են եղել երեք քաշային կարգի թեկնածուներ: Ինը հոգու ներկայությամբ առաջարկվել է նրանց միջեւ կազմակերպել փոձնական մարտ՝ հրաժարվել են: Նայել ենք արդյունքները, թիմի կազմը որոշվել է կոլեգիալ եւ ճիշտ ենք դուրս եկել»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

26.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031