Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանյան կոնֆլիկտը կարող էր եւ տեղի չունենալ…

Հուլիս 27,2019 15:00

Երբ գրում էի այս հոդվածը, ակամա հիշեցի մեր գյուղացի Արմենակ պապին ու նրա պատգամները, ով գյուղի ամենատարեցն էր, շատ շրջահայաց ու իմաստուն մարդ եւ ապրում էր գյուղխորհրդի շենքից շուրջ 50-60 մետրի վրա: 1993թ. սեպտեմբեր ամիսն էր, Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Դովեղ գյուղը ադրբեջանցիները հրետակոծում էին «Գրադ» տեսակի հրթիռներով: Այն ժամանակ ես գյուղխորհրդի նախագահն էի եւ գյուղխորհրդի բակում կանգնած ինքնապաշտպանության ջոկատի տղաների հետ հրետակոծությունից հանկարծակի եկած ու շվարած՝ հետեւում էի գյուղի վրա ընկնող հրթիռներին: Այդ պահին մոտեցավ Արմենակ պապն ու հարցրեց. «Հը, խելքդ ի՞նչ ա կտրում, ի՞նչ ենք անելու»: Ի նկատի ուներ՝ գյուղի բնակչությանը պետք է տարհանել, թե պատսպարել նկուղներում: Չգիտեմ, ոչինչ չգիտեմ, ասացի առանց մտածելու: Այդ պահին ես մտածում էի մի բանի մասին միայն, որ ինչ անենք, որ հանկարծ զոհեր չունենանք: «Ո՞նց չգիտես, դու պարտավոր ես իմանալ, ամբողջ գյուղը քո երեսին է նայում, բա որ դու չգիտես, ուրիշ ո՞վ պետք է իմանա:

Մենք պատերազմի մեջ ենք, դու շփոթվելու, հուսահատվելու եւ սխալվելու իրավունք չունես, քեզ հավաքիր ու մտածիր: Եթե պետք է՝ գիշերները մի քնիր, մտածիր եւ կգտնես ցանկացած խնդրի լուծման ամենալավագուն տարբերակը: Անպայման խորհրդակցիր մարդկանց հետ, դու դեռ երիտասաւդ ես, փորձի պակաս ունես: Ամեն մի հարց իր լուծումն ունի, ամեն ինչին ելք կա»,-բարեկամաբար եւ մեծ կենսափորձ ունեցողի իրավունքով ասաց նա: Կարծում եմ՝ խաղաղ լուծման ելք կար նաեւ իջեւանյան հիմնախնդրի պարագայում, եթե շատ մտածեին ու ելքեր փնտրեին: Ժողովուրդն ու պետությունը լուրջ բան են, նրանց պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել: Իջեւանյան իրադարձությունները միանգամայն անլուրջ ու աննպատակ էին, ի սկզբանե չունեին որեւէ հեռանկար եւ արդյունք էին փորձառության պակասի, անխոհեմ, չկշռադատված, անհամաչափ գործողությունների եւ դատապարտված էին ձախողման: Այդպես հարցեր չեն լուծում, վերջապես մենք պետություն դառնալո՞ւ ենք, թե՞ ոչ: Շանտաժի միջոցով հիմնախնդիրների լուծումը լավագույն տարբերակը չէ, եւ որպես կանոն, շանտաժի դիմում են, երբ չեն առաջարկվում կամ սպառված են լինում հիմնախնդիրների լուծման քաղաքակիրթ բոլոր տարբերակները: Ըստ էության, Աստված մեր՝ տավուշցիներիս նկատմամբ շատ ավելի բարեհաճ է գտնվել՝ մենք ունենք չքնաղ բնություն եւ մեղմ, մերձարեւադարձային բարենպաստ կլիմա, որտեղ աճում են արժեքավոր մշակաբույսեր: Մենք օգտվում ենք անտառի անսպառ բարիքներից, արտոնյալ պայմաններով վառելափայտ ենք ձեռք բերում: Իսկ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Ջեռուցման համար կատարվող ծախսերը Տավուշի մարզում շատ ավելի քիչ են, քան այլ մարզերում: Իսկ ինչ ասեն Շիրակի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզում ապրող մարդիկ, որտեղ անգամ մեկ թուփ ու ծառ չկա, իսկ ձմեռն այդ մարզերում անհամեմատ ցուրտ է ու դաժան: Եվ վերջին հաշվով այդ անտառը համազգային հարստություն է եւ միայն իջեւանցիներինը կամ տավուշցիներինը չէ:

Իսկ անտառներն ու Սեւանը Հայաստանի համար ունեն ռազմավարական կարեւորագույն բնապահպանական, տնտեսական ու սոցիալական նշանակություն, առանց որոնց մենք կարող ենք պարզապես անապատի վերածել մեր երկիրը: Այս տեսակետից անտառներն ու Սեւանը պետք է արժանանան հասարակության ու պետության ամենահոգատար վերաբերմունքին: Իջեւանյան հիմնախնդիրը կարո՞ղ էր այլ լուծում ստանալ: Այո, անշուշտ, եթե ժամանակին արժանանար իշխանությունների ուշադրությանը եւ տրվեր արդարացի լուծում՝ զուգակցելով պետության, բնապահպանական ու բնակչության շահերը: Իսկ եթե դա կազմակերպված սադրանք էր, ուրեմն այս հարցում թերացել են իրավապահ՝ օպերատիվ մարմինները: Փաստը նա է, որ արդյունքում մենք ունենք տասնյակ քրեական գործեր եւ այս պետությունից դժգոհ ու չարացած հարյուրավոր մարդիկ, ինչից միանգամայն կարելի էր խուսափել: Իջեւանյան իրադարձությունները, սակայն, վեր հանեցին հասարակությունում ու պետությունում առկա խորքային շատ խնդիրներ, ինչին առաջիկայում առաջնակարգ ուշադրություն պետք է դարձնել եւ լուրջ հետեւություններ անել:

Առաջինը, որ մենք այդպես էլ դասեր չենք քաղում պատմությունից, եւ չենք կարողանում դառնալ օրինապաշտ քաղաքական ազգ: Նորից շարունակում ենք անձնական շահը բարձր դասել հանրային ու պետական շահից, որոշ դեպքերում շարունակում ենք նույնիսկ թշնամաբար վերաբերվել հանրային եւ պետական ունեցվածքին, լուրջ եւ հարգանքով չենք վերաբերվում պետությանն ու պետական ինստիտուտներին: Բոլորս շատ լավ գիտենք, թե անկախության տարիներին մենք ինչպիսի դաժանությամբ ու երախտամոռությամբ վերաբերվեցինք մեր բնությանը, նրա օգտակար ռեսուրսների եւ առաջին հերթին անտառների ու Սեւանի նկատմամբ: Այն Սեւանի նկատմամբ, որը մեզ փրկել է սովից ցուրտ ու մութ տարիներին: Պետք է ի նկատի ունենալ, որ այն հողը եւ բնությունը, որ մեզ տրվել է, դա միայն հարաբերականորեն է մերը, դա նաեւ ապագա սերունդներին է պատկանում, եւ մենք պատասխանատվություն ենք կրում նաեւ այդ սերունդների առջեւ:

Երկրորդ, որ պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգը կարիք ունի լուրջ բարեփոխումների: Անհրաժեշտ է վերանայել կառավարության, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ կատարել դրանց օպտիմալ վերաբաշխում: Գաղտնիք չէ, որ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումը երկրի եւ հասարակության առաջընթացի ու տնտեսության զարգացման կարեւոր պայմաններից մեկն են հանդիսանում: Այդ նպատակով անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ տարածքային միավորներում առկա են տարաբնույթ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Կարծում եմ՝

– Անհրաժեշտ է իրականացնել վարչատարածքային նոր բարեփոխումներ եւ վերանայել խոշորացված համայնքների սահմանները:

– Համայնքների ու մարզպետարանների կառավարման արդյունավետության եւ պատասխանատվության բարձրացման նպատակով անհրաժեշտ է մշակել նրանց գործունեության գնահատման մեթոդաբանություն:

– Միջազգային փորձում լայն տարածում գտած համայնքների համագործակցության ինստիտուտի ներդրումը թույլ կտա լուծել խնդիրներ, որոնք առանձին համայնքների համար հասանելի չեն կամ կապված են լուրջ բարդությունների հետ եւ մասշտաբի դրական էֆեկտի շնորհիվ նպաստում են կառավարման արդյունավետության բարձրացմանը: Որպես այդպիսի ծառայություններ, որտեղ գործում է մասշտաբի դրական էֆեկտը, կարելի է առանձնացնել ջրամատակարարումը, ջրահեռացումը, աղբահանությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ոռոգումը եւ մի շարք այլ ծառայություններ:

– Անհրաժեշտ է նաեւ փոփոխություններ կատարել ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում եւ վերանայել համայնքներին տրվող դոտացիան ձեւավորող գործոնների համակարգը:

Երրորդ, որ պետական կառավարման մարմինները կամ մատնված են անգործության, կամ ավելի մեղմ ասած՝ չեն կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում եւ շատ դեպքերում ի վիճակի չեն ժամանակին լուծել հանրության շրջանում առաջացած կոնֆլիկտներն ու խնդիրները: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք անկախության տարիներին հետեւողականորեն արժեզրկեցինք եւ այժմ էլ արժեզրկում ենք պետական ինստիտուտներն ու պաշտոնները՝ հաճախ պատգամավոր դարձնելով կամ պատասխանատու պաշտոնների նշանակելով պատահական մարդկանց: Արդյունքում՝ հասարակությունն այլեւս լուրջ չի ընկալում պետական ինստիտուտներն ու պաշտոնյաներին:

Չորրորդ, որ ցածր է ագրարային արտադրության զարգացման մակարդակը, որը հնարավորություն չի տալիս լուծել մարզում ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ու ժողովրդագրական կարեւոր շատ խնդիրներ, ինչը պայմանավորված է՝ ցածր տոկոսադրույքով վարկերի ու ժամանակակից տեխնիկայի անբավարարությամբ, աշխատատար գործընթացների մեքենայացման ցածր մակարդակով, նյութատեխնիկական անբավարար բազայով, բնական ռեսուրսների (հողի, ջրի) անարդյունավետ օգտագործմամբ, իրացման համակարգի անկատարությամբ, ապահովագրության բացակայությամբ, ֆերմերային տնտեսությունների փոքր չափերով եւ տնտեսվարման առաջադիմական ձեւերի բացակայությամբ, բարձր տեխնոլոգիաների եւ ընդհանրապես գիտական նվաճումների դանդաղ ներդրմամբ, աշխատանքի եւ արտադրության կազմակերպման ցածր մշակույթով, ագրարային կրթության եւ գիտության վրա կատարվող ներդրումների անբավարարությամբ, տեղեկատվական եւ խորհրդատվական սպասարկման ծառայությունների ցածր արդյունավետությամբ, իրավական դաշտի անկատարությամբ, գյուղում շուկայական, արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքի զարգացման ցածր մակարդակով, իրականացվող ծրագրերի ցածր արդյունավետությամբ, ոլորտում իրականացվող ոչ գրագետ քաղաքականությամբ եւ պետական աջակցության ոչ բավարար մակարդակով, կադրային սխալ նշանակումներով ու բազմաթիվ կամայական եւ չարդարացված կառավարչական որոշումներով եւ այլն: Երկրում տեղի ունեցող նմանատիպ ու այլ գործընթացներն ու երեւույթները հիմք են տալիս եզրակացնելու, որ բավական ցածր է պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության մակարդակը: Կառավարման գրեթե բոլոր մակարդակներում ու օղակներում նկատվում է պասիվություն, անպատասխանատվություն եւ անտարբերություն: Պաշտոնյաների մի զգալի մասը նախկին համակարգի կադրերն են, մի մասը դավանափոխ եղածներ են եւ շահագրգռված չեն հեղափոխության հաջողություններով, իսկ մի որոշ մասն էլ անփորձ, գործից անտեղյակ եւ անհայտ կենսագրություն ունեցող մարդիկ են, որոնք ինչպես հարկն է՝ չեն գիտակցում պետության լրջության աստիճանը եւ անգամ չեն տիրապետում կառավարման վերաբերյալ պարզագույն գիտելիքների ու իրենց գործառույթներին եւ դեռ զինվոր չծառայած իրենց արդեն գեներալ են երեւակայում: Այդ կապակցությամբ Գարեգին Նժդեհը գրել է. «Մեծ պաշտոններն առանց հոգեւոր մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա», իսկ 19-րդ դարի ճանաչված անգլիացի փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքական գործիչ եւ տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլը ասել է. «Պետության արժանապատվությունը վերջին հաշվով, կախված է այն ձեւավորող անհատների արժանապատվությունից»:

Կառավարումը դա իմաստուն մարդկանց գործ է: Դեռեւս հին հույն փիլիսոփաները նշում էին, որ ամենադժվարին եւ բարդ գործը դա դաստիարակելն է եւ կառավարելը: Իսկ 20-րդ դարի ամերիկացի գործարար, քաղաքագետ, քաղաքական եւ պետական գործիչ Ռոբերտ Մակնամարան ասել է. «Կառավարումը դա ամենաստեղծագործ արվեստն է, այն արվեստների արվեստ է՝ արվեստ, որը ստեղծում է (արարում է) տաղանդներ»: Հիմնական ելքը քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանու ձեւավորումն է, որոնց համար պետական (հանրային) շահը առաջնային են, գործիմաց են, օժտված են կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով եւ իշխանական լիազորությունները արդյունավետ կօգտագործեն հանրային խնդիրները լուծելու համար: Պետական կառավարման համակարգում պետք է տեղ ունենան մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, ունեն անբիծ անցյալ, բարոյական աշխարհայացք, վաստակ, ընտրասերված ծագում, հասուն են, գործիմաց են, հավասարակշռված եւ համարձակ են, հուսալի են, փորձառու են, անշահախնդիր են, օժտված են կամային եւ կազմակերպչական ունակություններով, վայելում են հանրության հարգանքը եւ վստահությունը: Այդպիսի մարդիկ միայն կարող են անցնցում կառավարել երկիրն ու ժողովրդին եւ արդյունավետ ձեւով լուծել հանրության հիմնախնդիրները: Իսկ գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկն այն կարծիքն է արտահայտել, որ «Վատ օրենքներով, սակայն լավ պետական պաշտոնյաներով միանգամայն կարելի է արդյունավետ կառավարել երկիրը»: Սա խոսում է այն մասին, որ մարդկային գործոնը կառավարման գործում ամենաառաջնայինն է: Անհրաժեշտ է մշակել պետական պաշտոնյայի գործունեության արդյունավետության գնահատման մեթոդաբանություն եւ սահմանել պատասխանատվություն պաշտոնեական պարտականությունների կատարման ձախողման դեպքում: Եթե ինձ հարցնեին, թե որն է պետության համար ամենակործանարար ու վտանգավոր երեւույթներից մեկը, ապա ես կպատասխանեի, որ դա անիշխանությունն է, որի պայմաններում գլուխ են բարձրացնում անցանկալի շատ երեւույթներ: Հետհեղափոխական Հայաստանում, սակայն, մենք շատ հաճախ ժողովրդավարությունը շփոթում ենք ամենաթողության հետ: Մինչդեռ այն առաջին հերթին ենթադրում է օրենքի իշխանություն՝ բարձր կարգապահություն եւ կարգ ու կանոն: Մենք շատ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ տավուշցիները խիզախ, հայրենասեր եւ իմաստուն ժողովուրդ են, ովքեր ամուր կանգնած են իրենց հողի վրա եւ արժանապատվորեն պաշտպանում են այն: Կարծում եմ՝ նրանք վեր կկանգնեն ամեն ինչից, հանդես կբերեն խոհեմություն ու պետական մտածողություն եւ չեն տանի սահմանամերձ մարզն ու պատերազմող երկիրը նոր ցնցումների:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

1990-96թթ. Նոյեմբերյանի շրջանի Դովեղի գյուղխորհրդի նախագահ, «Նոյեմբերյան» հայրենակցական միության

նախագահ, տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ, 

26.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031