Խորհուրդ եմ տալիս ընթերցել «Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործը, համեմատել այն փաստարկները, որոնք այդ գործով ներկայացվում են Ադրբեջանի կողմից եւ որոնց մի մասը ընդունվել է ՄԻԵԴ-ի կողմից` Սամվել Բաբայանի աջակիցների նախաձեռնող խմբի առաջարկի հետ եւ փաստաթղթի ուսումնասիրությունից հետո որոշակի հետեւություններ անել. «Առավոտի» զրուցակիցներն են Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցների կողմից ստորագրման ներկայացված տեքստը, որը խորհրդարանի կամ այլ մարմնի կողմից չի կարող փոփոխվել, սահմանադրական իրավունքի, ընդհանրապես իրավագիտության տեսանկյունից խիստ խնդրահարույց է համարում:
Հիշեցնենք, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցները ստորագրահավաք են նախաձեռնել` Արցախում սահմանադրական փոփոխություններ կատարելու: Նպատակը` Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու համար Արցախում վերջին տասը տարվա բնակության պարտադիր նորմը փոփոխելն է, որպեսզի Սամվել Բաբայանը հնարավորություն ունենա մասնակցել 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին: Ստորագրահավաքն արդեն ավարտվել է, 17 հազարից մի փոքր ավելի ստորագրություն է հավաքվել եւ փաստաթղթերը հանձնվել են ԿԸՀ: Հետագա քննարկումները կշարունակվեն Արցախի գերագույն դատարանում, ապա` խորհրդարանում: Նախաձեռնող խումբն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին տալ Արցախում ընտրվելու իրավունք` առանց ընտրելու իրավունքի:
Ռուբեն Մելիքյանն իր մոտեցումն «Առավոտի» հետ զրույցում այսպես հիմնավորեց. «Որովհետեւ պարունակում է ձեւակերպումներ, որոնք որեւէ այլ պետության Սահմանադրությունում ես չեմ հանդիպել»: Մեր զրուցակիցն այստեղ շեշտադրում է հարցի միջազգային իրավական համատեքստը. «Արցախի Հանրապետության միջազգային իրավական խնդիրները բոլորիս են հայտնի եւ տարբեր հարթակներում մեր հակառակորդները ներկայացնում են փաստաթղթեր, որոնք վերաբերվում են նրան, որ Արցախի Հանրապետությունը, որպես ինքնուրույն սուբյեկտ, գոյություն չունի, Հայաստանն է իրական սուբյեկտը եւ, որ Հայաստանն, ըստ իրենց, օկուպացրել է իրենց տարածքների 20 տոկոսը եւ այլն: Ես վախենում եմ, որ այս ձեւակերպումները, եթե նույնությամբ ընդունվեն, մեղմ ասած, լուրջ նվեր կլինեն մեր հակառակորդին`ամրացնելու իրենց փաստարկները եւ, համապատասխանաբար, բանակցային դիրքերը»:
Ռուբեն Մելիքյանը խորհուրդ է տալիս բոլորին, որպեսզի ընթերցեն «Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործը, համեմատել այն փաստարկները, որոնք այդ գործով ներկայացվում են Ադրբեջանի կողմից եւ որոնց մի մասը ընդունվել է ՄԻԵԴ-ի կողմից` Սամվել Բաբայանի աջակիցների նախաձեռնող խմբի առաջարկի հետ եւ փաստաթղթի ուսումնասիրությունից հետո որոշակի հետեւություններ անել: Ինքն իր կողմից, այս պահին զերծ է մնում դատողություններից:
Կարդացեք նաև
«Ստորագրահավաքի քաղաքական նպատակը, ըստ հայտարարվածի, Սամվել Բաբայանի համար Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընձեռելն է: Բայց ընտրված ճանապարհը, երեւի բոլոր հնարավոր տարբերակներից, ես կասեի, վատագույնն է կամ վատագույններից մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը: Դա ինչ-որ միտումո՞վ է արվել, թե`ոչ, ասել չի կարող, քանի որ առնչություն չի ունեցել, անգամ չգիտե, թե ովքե՞ր են Սամվել Բաբայանի թիմի իրավական խորհրդատուները, չի ճանաչում նրանց: Ամեն դեպքում, արձանագրում է. «Իրավական տնային աշխատանքը որակյալ արված չէ»:
Մեկնաբանություններ եղան նաեւ, որ Սամվել Բաբայանն այլոց համար է փորձում ճանապարհ հարթել, մասնավորաբար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունն է շատ շրջանառվում` «Առավոտի» դիտարկմանն էլ այսպիսի արձագանք եղավ. «Դրա համար որեւէ օբյեկտիվ հիմք այս պահին չեմ տեսնում»:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն էլ, այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նախաձեռնության հայտարարված նպատակն այն է, որ որեւէ մեկը, ով հավակնում է Արցախի քաղաքական կյանքում բարձրաստիճան դիրք գրավելուն`կաշկանդված չլինի նստակյացության թեզով: Եթե այդ գործընթացին դրական արդյունք տրվի, ապա այդ հնարավորությունը ստանում է Հայաստանի ցանկացած քաղաքացի: Ճիշտն ասած, ես այդ կարծիքին չեմ: Ես դեմ եմ դրան: Ես կարծում եմ, որ Արցախի քաղաքական կյանքում արցախցիները, նրանք ովքեր իրավականորեն Արցախի քաղաքացի են եւ ապրել են Արցախում, իրենք այդ իրավունքը ստանան»: Մեր զրուցակցի համոզմամբ, Արցախի ինքնիշխանության համար, արցախցում քաղաքական որոշումների կայացման, դրանց հետեւանքների քաղաքական պատասխանատվության համար պետք է լինել աներկբա. «Ես կարծում եմ, այդ նախաձեռնությունը կառուցողական քիչ ռեսուրս ունի իր մեջ եւ նույնիսկ, կարծում եմ, որ առաջացնում է ոչ օգտակար քաղաքական լարվածություն»:
Դիտարկմանը` 17 հազարից ավելի արցախցի, Արցախի քաղաքացի`այն իմաստով, ինչ իմաստով Դուք եք շեշտում, հավանության է արժանացրել նախաձեռնությունը, մեր զրուցակիցը հակադարձեց. «Դուք իմ կարծիքն եք հարցնում, ես իմ կարծիքն եմ ասում: Կարող է 120 հազար արցախցի կողմ լինել, ես կմնամ իմ կարծիքին, որովհետեւ քաղաքականության մեջ, ցավոք, հանրության մեծամասնության աջակցությունը` քաղաքական նպատակի արդարացվածության տեսանկյունից, կարեւոր չէ: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ հանրության աջակցությամբ իրադարձություններ են տեղի ունեցել… չեմ ցանկանում այդ մանրամասների մեջ մտնել: Ես մնում եմ իմ կարծիքին` Արցախի Հանրապետության իշխանության պատասխանատուն պետք է լինի Արցախի քաղաքացին: Հայաստանի իշխանությունների կամ հայաստանցիների այդչափ ներգրավվածությունն Արցախում պետք չէ»: Խոսրով Հարությունյանը վստահ է` կարող ենք գտնել համագործակցության անհամեմատ արդյունավետ, ինստիտուցիոնալ լուծումներ եւ պատմական զարգացումների այս փուլում, մենք պետք է հարգենք Արցախի ինքնիշխանությունը, ինքնիշխան Արցախի իրավունքը:
Այս ընթացքում նաեւ խոսակցություններ շրջանառվեցին, որ Սամվել Բաբայանը խրախուսվում է ռուսական զինվորական շրջանակների կողմից, նպատակն էլ՝ Արցախում խժդժություններ հրահրելն է: «Ես այն կարծիքին չեմ, որ ռուսական քաղաքական ղեկավարության, ռազմաքաղաքական իսթեբլիշմենտի մեծ մասը կարող է մտածել՝ որքան Արցախում խժդժությունները շատ լինեն, այնքան լավ ՌԴ-ի համար: Այնպես որ, զգուշորեն եմ վերաբերվում այդ դավադրության կամ կոսպիրոլոգիայի մոտեցումներին»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանի վերջերս շրջանառության մեջ դրած թեզին՝ Արցախի՝ ռուսական մանդատի ներքո հանդես գալուն, Խոսրով Հարությունյանն, ընդհանուր առմամբ, այդ զրույցները երկրորդական, մարգինալ բնույթի է որակում. «Մի պահ պատկերացնել, որ Արցախը մտնի ՌԴ կազմի մեջ կամ չգիտեմ ինչ ու խնդիրները լուծվում են……Դուք հարցրե՞լ եք ՌԴ քաղաքական ղեկավարությանը, իրենք դա ուզո՞ւմ են: Նրանք Ղրիմը դեռ չեն կարողանում մարսել: Այնպես որ, սա քվազի քաղաքական թեզ է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
26.07.2019