Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». արագիլների կյանքին սպառնացող վտանգի աղբյուրը դեռ բացահայտված չէ

Հուլիս 26,2019 23:11

Արարատի մարզի մի քանի համայնքում մոտ մեկ ամիս է, ինչ արագիլներն աղտոտված են: Բնապահպաններն ահազանգում են, որ թռչունների փետուրները սեւացած են եւ կպչուն, ինչի հետեւանքով նրանք չեն կարողանում թռնել, կերակուր հայթայթել: Կամավորները եւ պատկան մարմինները վերջին օրերին մաքրում են արագիլներին եւ տեղում ուսումնասիրություններ անում: «Ոչ մի լավ բան ասել այս պահին չեմ կարող՝ չնայած նրան, որ շատ հ/կ-ներ եւ կենդանասերներ արագիլներին բռնում են, մաքրում եւ բաց թողնում»,-Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում իրավիճակին այսպիսի գնահատական տվեց բնապահպան, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ դեռ չի հայտնաբերվել յուղային շերտի գոյացման աղբյուրը. «Դեռ չենք կարող խոսել վտանգի չեզոքացման մասին: Վտանգը տեւական կլինի, եթե յուղային շերտը չվերանա: Մոտ 15 արագիլ է մաքրվել. նրանք դեռ մաքուր են եւ լավ վիճակում, բայց չէ՞ որ սնվում են նույն՝ աղտոտված ջրանցքից ու պատվում այդ նյութերով»: Սիլվա ադամյանի փոխանցմամբ՝ դեռեւս հուլիսի 15-ին «Սիվիլ վոյս»-ը 2-3 արագիլի անկման մասին ահազանգ ստացավ Հովտաշատի բնակչից, բայց թռչունների մարմինները չգտան. «Ասացին, որ շներն են տարել: Ուսումնասիրություն չկա անկման ամբողջական տվյալների մասին»:

Սիլվա Ադամյանը շեշտեց, որ 2017թ.-ին Արարատում եւս հայտնաբերվել են արագիլների աղտոտված մարմիններ, եւ պատճառը կրկին յուղային արտահոսքն է եղել. «Այն ժամանակ էլ չկարողացանք հայտնաբերել, թե ինչպես է այդ նյութը հայտնվել ջրում: Ես համամիտ չեմ գնահատականների հետ, թե դա կենդանական ծագման յուղաշերտ է, կարծում եմ՝ դա այլ թափոն է, որը Հրազդան գետով հասնում է ջրանցքին եւ վնասում կենդանիներին»:

Կառավարությանը ենթակա Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ին փոխանցեց՝ Արարատի մարզի  համայնքների հարակից ջրային տարածքներից ջրի փորձանմուշներ են վերցվել, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ՝ պատճառները պարզաբանելու, խնդիրը կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: «Այդ տարածքներում գործող տնտեսվարողների մոտ փորձում ենք հայտնաբերել աղտոտվածության աղբյուրը»,-եզրափակեց Նաիրա Աղաբաբյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ թռչնաբան Մամիկոն Ղասաբյանի

Տեսանյութը՝ «Սիվիլ վոյս»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031