Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, իր որդու անունը կրող մարզադպրոցի շենքը վերանորոգելու փոխարեն, առաջարկում է Գյումրիում սպորտային համալիր կառուցել, որից կշահի ողջ Հայաստանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Ալեքսանյանը որդու անձնական մարզիչն է և Արթուր Ալեքսանյանի անունը կրող հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրենն է։
Aravot.am-ի հետ զրույցում Գևորգ Ալեքսանյանն ասաց․ «Ասեմ, որ այս ամենը սկսվեց նրանից, որ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը կամ պիտի վերանորոգվի, կամ նորը կառուցվի։ Գյումրիում մեծ կոմպլեքս ունենալը, որտեղ անցկացվեն և’ միջազգային մրցաշարեր, և հավաքներ, իմ հին ծրագրերից է, ես երազել եմ դրա մասին։ Հիմա առիթը հանդիսացել է, որ կարողանանք պահը օգտագործել և ունենալ ոչ թե նեղ մակարդակով մի մարզադպրոց, այլ այն մարզադպրոցը, որն այսօր մեր քաղաքին կծառայի որպես սպորտբազա, որպես միջավայր մեծ միջոցառումներ անցկացնելու համար։
Տեսեք, եթե մի քաղաքում մեծ դահլիճ է կառուցվում, անպայման մեկի անունով կոչվելու է, ինչ վատ կլինի ասենք Արթուր Ալեքսանյանի անունով այդ մեծ դահլիճն ունենանք, որովհետև նա վաստակել է։ Իհարկե, վաստակել են շատ շատերը՝ Յուրի Վարդանյանը, Միլիտոսյանները, Ջուլֆալակյանները․․․
Կարդացեք նաև
Կառավարության անդամների մոտ էլ ցանկություն կա, ընդամենը պետք է լավ մոտեցում ցույց տալ ու այդ ամենին հասնել, որ ոչ միայն մարզադպրոց, այլ ունենանք բազա, որը օգտագործվի ի շահ քաղաքի, ի շահ երկրի, որովհետև երկրի տարբեր հավաքականներ կարող են գալ այդտեղ , հավաքներ անցկացնել։ Շոգ պայմաններում, Երևանում ջերմաստիճանն ավելի բարձր է, Գյումրիում ավելի մեղմ է, պետք է օգտագործել այս բնությունը»։
Սպորտային համալիրը կկառուցվի Անի ու Մուշ թաղամասերի արանքում, ըստ մեր զրուցակցի, այնպիսի տարածք է, որտեղ քաղաքի բոլոր մասերից մի տրանսպորտով կարելի է հասնել։ «Իդեալական պայման է, որ մի տրանսպորտով հասնում են»,-ասում է Գևորգ Ալեքսանյանը։
Մեր ճշտող հարցին՝ սա առաջա՞րկ է, Գևորգ Ալեքսանյանն ասաց․ «Մարզադպրոց սարքելը արդեն որոշում է, վարչապետի կողմից հայտարարվել է, որ պիտի, անպայման, վերանորոգվի կամ կառուցվի, իսկ վերանորոգումը կա, կարելի է նույն չափի գումար ներդնել, բայց հին շենքը վերանորոգելուց հետո չգիտես երկու տարի հետո այդ շենքի վիճակն ի՞նչ կլինի։ Հետո դա կարճ մի օղակ է, մի մարզադպրոց՝ երկու դահլիճ վերանորոգել, իսկ եթե մենք կանցնենք լայն տարածքի վրա նոր կառույց ունենալուն, ընդլայնվելու հնարավորություն կունենանք, միանգամից չի լինի, բայց ընթացքում կընդլայնվի։
Շատ բարերարներ կան, որոնք միշտ մոտենում են, թե մենք ի՞նչ անենք։ Հիմա, եթե ունենանք այդ տարածքը, սկիզբը դրած լինի, այնտեղ ընդլայնվելու համար մեծ հնարավորություններ կան, կունենանք և՛ դաշտ, և՛ լողավազան և սպորտային, մարզական հյուրանոց, մարզիչները կմնան այստեղ, ֆրանսիական այգին էլ մոտ է, ազատ ժամանակ էլ կարելի է քայլել, որը պետք է մարզիկին։ Բոլորը պայմանները կարող ենք ապահովել, իդեալական տեղ է։
Ես կուզեի, ով չի տեսել, գա տեղում տեսնի, որ իդեալական բան ենք առաջարկել, իսկ այդպիսի առաջարկը ի շահ երկրի է, չեմ կարծում, որ մեկը կա, որ չի ուզում ունենանք։ Թող սկսվի մարզադպրոցից, շարունակվի մեծ բազա դառնալով»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ