Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կասկածներ ունեք, պահանջեք, որ ատամնաբուժարաններում, մատնահարդարման սրահներում գործիքները կրկին ախտահանեն

Հուլիս 26,2019 17:56

Այսօր մի շարք ծառայություններ՝ մատնահարդարում, կոսմետոլոգիա, անգամ ատամնաբուժություն, իրականացվում է տան պայմաններում, ինչը հիվանդությունների՝ մասնավորապես՝ հեպատիտների տարածման, այս վիրուսներով վարակման ռիսկ է պարունակում: Տան պայմաններում աշխատող անհատներին սակայն, որոնք որպես բիզնես որեւէ տեղ գրանցված չեն, վերահսկելն անհնար է: Այսօր այս մասին ասաց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Հուլիսի 28-ը Հեպատիտի համաշխարհային օրն է: Ինչպես այսօր կազմակերպված ասուլիսում նշեցին առողջապահության նախարարության մասնագետները, այդ օրը եւս մեկ անգամ առիթ է, որպեսզի խոսեն հեպատիտի, դրա դեմ պայքարի, բուժման մասին՝ բարձրացնելով մարդկանց իրազեկվածությունն այս խնդրի վերաբերյալ:

Տիկին Աբովյանի խոսքով, առողջապահության նախարարությունը ֆիզիկական անձի վերահսկողություն չի կարող իրականացնել, եւ դա հնարավոր չէ որեւէ երկրում. «Բայց նախարարությունը իրականացնում է մի այլ ուղղություն՝ դա բնակչության լայնածավալ իրազեկումն է, պարբերաբար, կայքերում, նյութերում, հեռուստահաղորդումների միջոցով, անընդհատ բնակչության, ռիսկի խմբերի եւ լայն բնակչության շրջանակներում իրազեկման աշխատանքներ են տարվում: Մենք ասում ենք՝ պետք է շատ զգույշ լինել, պահանջատեր լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոմելլա Աբովյանը թվարկեց՝ ովքեր պետք է պարտադիր հետազոտվեն հեպատիտ Բ-ի եւ Ց-ի դեմ: Նրա խոսքով, ռիսկի խմբի բոլոր քաղաքացիները պետք է հետազոտվեն: Դրանք են բուժաշխատողները, որոնք շփում ունեն արյան բաղադրիչների հետ, ինչպես նաեւ կոսմետոլոգիական կենտրոնների աշխատակիցները պետք է պարտադիր տարին մեկ անգամ հետազոտվեն:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման եւ վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որով նախատեսվում է 2020 թվականից տարեկան վիրուսային հեպատիտ Ց-ով շուրջ 1000 հիվանդի դեղերով ապահովում: Բուժման կուրսը ըստ տիկին Ղազինյանի, 3 ամիս է: Թե ովքեր կարող են օգտվել անվճար բուժումից տիկին Ղազինյանը թվարկեց:

Aravot.am-ի հարցին՝ տարեկան 1000 հիվանդի բուժումն ինչ է արժենում պետբյուջեին, Հասմիկ Ղազինյանն ասաց, որ գնալով բուժման արդյունավետությունը բարձրանում է, դեղորայքի գներն իջնում: Մասնագետների հաշվարկներով, յուրաքանչյուր հիվանդի բուժման համար կպահանջվի 600 դոլարին համարժեք դրամ:
Չնայած նրան, որ ամեն տարի ավելի շատ հիվանդներ են հայտնաբերվում հեպատիտ Ց-ով եւ հեպատիտ Բ-ով, այդուհանդերձ, հիվանդությունը նվազում է: Միայն անցյալ տարի հայտնաբերվել է հեպատիտ Ց-ի 2070 դեպք: Մեր երկրում հեպատիտ Ց-ով վարակվածների ընդհանուր թիվը 4500 է:

Ասուլիսին ներկա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցեւն ասաց, որ ներկայումս աշխարհում 325 միլիոն մարդ վարակված է հեպատիտ Ց-ով եւ Բ-ով եւ տարեկան 1,5 միլիոնը մահանում է: Ըստ պարոն Զայցեւի, այսօր սակայն հեպատիտի բուժումը գրեթե 98 տոկոս արդյունավետությամբ է եւ, բացի այդ, պատվաստանյութերն էլ մեծ տոկոսով կանխարգելում են հիվանդությունը եւ դրա տարածումը:
Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով, 1999-ից մեր երկրում ներդրվել է հեպատիտ Բ-ի պատվաստանյութը: Ըստ տիկին Սահակյանի, եթե 1999 թվականին երեխաների շրջանում 92 դեպք էր արձանագրվել, ապա տարեցտարի այդ թիվը կտրուկ նվազել է:Նրա խոսքով, այսօր տարեկան մեկ-երկու դեպք ենք ունենում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031