Հուլիսի 26-ին Սիրահարների այգում տեղի ունեցավ միջոցառում՝ «Վարդավառին ընդառաջ. ջրի խորհուրդը Վարդավառի տոնի հիմքում» խորագրով:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ՝ կրկին անդրադառնալով ջրի և նրա կենսական դերի խնդրին։ Միջոցառումը մեկնարկեց ջրային ռեսուրսներին նվիրված վիկտորինայով, որի ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերի դպրոցականները ներկայացրին ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների և ուսումնական այցերի արդյունքում իրենց ստացած գիտելիքները։
«Ջուրը կենսական է մեր կյանքի, համայնքի, երկրի բարեկեցության, առողջ ապրելակերպի, կայուն զարգացման համար։ Այդ ամենի համար կարևոր է նաև ջուրը խնայողաբար օգտագործելու անհրաժեշտության գիտակցումը և համագործակցելու պատրաստակամությունը», – նշեց «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը։
Ներկաներին թատերական ներկայացմամբ Վարդավառի խորհուրդը փոխանցեցին «Էպսիդոն» թատերախումբը եւ «Ակունք» ազգագրական համույթը: Միջոցառումը եզրափակվեց դպրոցականների երգ ու պարով, իսկ վերջում՝ միմյանց վրա ջուր ցողելով:
Կարդացեք նաև
Միջոցառումն իրականացվում էր 2018թ. մարտի 22-ից մեկնարկած՝ «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» հանրային իրազեկման միջոցառումների շարքի շրջանակում, որը նախաձեռնել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը։
Մանե ՄԻՆԱՍՅԱՆ