2019-ին էլ շարունակել են ճնշումներ գործադրել լրագրողների նկատմամբ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Թե ինչ ճնշումների մասին է խոսքը, պարոն Մելիքյանը մանրամասնեց. «Կան հանրային գործիչներ, գործարարներ: Անուններ էլ կան: Նկատել ենք, որ քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, երբ իրենց համար ոչ հաճո հարցեր էին լսում, վրդովվում էին ու վիրավորում էին լրագրողներին, արհամարհանքի էին արժանացնում: Այդ առումով ամենաշատն աչքի է ընկել այս ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանը: Դա առիթ հանդիսացավ, որ 10 լրագրողական կազմակերպությունները երկու անգամ հայտարարությամբ հանդես եկան , ընդ որում, երկրորդ հայտարարության մեջ մենք ուղղակի պահանջում էինք խորհրդարանից: Մենք հասկանում էինք, որ Գագիկ Ծառուկյանն էդքան բարեկրթություն չի դրսեւորի եւ ներողություն չի խնդրի լրագրողներից, դրա համար դիմեցինք ԱԺ ղեկավարությանը, որպեսզի քննարկման առարկա դա դարձնեն, ի վերջո գնահատական տան էթիկայի տեսանկյունից»:
Որոշ պատգամավորներ պատրաստակամություն էին հայտնել հանդիպել Գագիկ Ծառուկյանին: Աշոտ Մելիքյանն ասաց, որ այդ հանդիպումները չեն կայացել, արձակուրդի շրջան է. «Չենք մոռացել նաեւ, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը քմծիծաղ տվեց, երբ որ ներողության մասին խոսք գնաց, սեպտեմբերին մենք այդ հարցը բարձրացնելու ենք ԱԺ ղեկավարության առջեւ: Գագիկ Ծառուկյանն ինքն էլ պետք է հասկանա, որ երբ վիրավորում է լրագրողին, ներողություն խնդրելը ոչ թե թուլության, այլ ուժեղության նշան է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ