Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյանը` կրճատվող ուսուցիչների եւ  2500 թոշակառուների մասին (Տեսանյութ)

Հուլիս 26,2019 15:42

Վերջին շրջանում սոցցանցերում քննարկվում է 10 հազար ուսուցիչ կրճատելու թեման: «Զարկերակ» ակումբում կայացած ասուլիսում  կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսեց կրճատումների հնարավոր ռիսկերից եւ տպավորիչ վիճակագրության անդրադարձավ:

«10 000 ուսուցիչների կրճատման թեման մեջտեղ եկավ 2018-ի նոյեմբեր ամսին, երբ վարչապետն ու Կրթության ու գիտության նախարարը հայտարարեցին, թե Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը ցածր է այն պատճառով, որ շատ դեպքերում տնօրենը դրույքը բաժանում է 2-3 հոգու միջեւ, եւ յուրաքանչյուրը ստանում է կես կամ քառորդ դրույք աշխատավարձ: Այժմ Հայաստանում ունենք 25000 ուսուցչի դրույք, բայց ուսուցիչների թիվը դրույքից ավելի է 10000-ով, հետեւաբար այդ թեման շոշափվեց: Վերջին մի քանի օրերին սկսեց շահարկվել այն միտքը,որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է սեպտեմբերից, որովհետեւ 10000 ուսուցիչ կրճատվելու է, եւ հղում են անում վարչապետի եւ նախարարի հայտարարության վրա»,-նշեց կրթության փորձագետը եւ ընդգծեց, որ թեման կեղծ է:

«Հայաստանում բացառվում է կրճատել 10000 ուսուցիչ, որովհետեւ ոչ մի երկրում էլ չի կարող մարդկանց եւ դրույքների թիվը լինել նույնը: Եթե մենք ունենք 25000 դրույք, դա չի նշանակում, որ պետք է ունենանք նույնքան ուսուցիչ: Տարբեր դպրոցներում ունենք տարբեր ժամաբաշխումներ եւ առարկաներ, որոնք անհնար է մեկ դրույք դարձնել, օրինակ՝ շախմատ առարկան կամ քիմիան»,-հավելեց Սերոբ Խաչատրյանը:

Մանրամասն` տեսանյութում:

Նա նաեւ նշում է, որ այնպես չէ, որ դպրոցներում ուսուցիչների կրճատելու տեղ չկա, բայց դա վտանգավոր է համարում:

«Հայոց լեզվի եւ մաթեմատիկայի  առարկաների դասաժամերը շատ են դպրոցներում: Քանի որ դրանց դասաժամերը շատ են, հնարավորություն է ստեղծվում ունենալ 30-35 ժամ եւ 3 ուսուցիչ` 0,75 դրույքով: Այստեղ կա կրճատման տեղ, բայց այնուամենայնիվ, կարծում  եմ, որ պետք չէ կրճատել, որովհետեւ Հայաստանն առաջիկայում ունենալու է ուսուցիչների մեծ դեֆիցիտ: Այդ խնդիրն այսօր էլ արդեն կա: Անգամ Երեւան քաղաքում կան դպրոցներ, որտեղ բնագիտության, օտար լեզուների, արվեստի հետ կապված առարկաների ուսուցիչներ դժվարությամբ են գտնում: Գյուղերում  իրավիճակը ուսուցիչների առումով շատ ավելի սարսափելի է, ունենք  գյուղեր, որտեղ ուսուցիչների 90 տոկոսը այլ գյուղերից ու քաղաքներից է»,-փաստեց կրթության փորձագետը:

Մանրամասն` տեսանյութում:

Սերոբ Խաչատրյանը մտահոգիչ թվեր ներկայացրեց. «Երկու- երեք տարի առաջ Հայաստանում ունեինք մինչեւ 25 տարեկան 2000 ուսուցիչ, այսօր այդ թիվն իջել է 870: Պատկերավոր ներկայացնելու համար նշեմ, որ ամեն տարի Հայաստանում մանկավարժական մասնագիտություններով բուհերն  ավարտում են մոտ 1800 հոգի: Եթե ունենք մինչեւ 25 տարեկան 800 ուսուցիչ, դա նշանակում է, որ շրջանավարտների մեկ քառորդն  էլ չի տեղավորվում դպրոցում աշխատանքի»:

Ինչ վերաբերում է տղամարդ ուսուցիչների թվին, կրթության փորձագետն այս առումով վիճակը ողբալի որակեց. «Մինչեւ 25 տարեկան ընդամենը 70 տղամարդ ուսուցիչ կա դպրոցներում, միջին վիճակագրականով ստացվում է, որ յուրաքանչյուր 20-րդ դպրոցում կա մեկ` մինչեւ 25 տարեկան տղամարդ ուսուցիչ: Նախկինում ուսուցիչների 15 տոկոսը տղամարդիկ էին, հիմա տղամարդ ուսուցիչների թիվը մոտենում է 10 տոկոսանոց շեմին: Կին ուսուցիչների շեմը մոտենում է 90-92 տոկոսին, իսկ նման ցուցանիշ չկա աշխարհի ոչ մի երկրում»: Ընդ որում, տղամարդ ուսուցիչները հիմնականում դասավանդում են ֆիզկուլտուրա, ռազմագիտություն եւ շախմատ:

Մանրամասն` տեսանյութում

Նա մանկավարժական բուհեր ընդունվածներին էլ անդրադարձավ. «Օրինակ, այս տարի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի քիմիայի, ֆիզիկայի, հասարակագիտության  ֆակուլտետներ ընդունվել է 2-ական մարդ: Եթե հանկարծ այդ երկուսը Հայաստանից գնան կամ չուզենան ուսուցիչ աշխատել, ողբերգական վիճակ ենք ունենալու: Երկրում ունենք, օրինակ, 1200 քիմիայի ուսուցիչ, բայց ունենք 1400 դպրոց»:

Սերոբ Խաչատրյանն ընդգծում է. «Եթե նախորդ երկու տարիներին գիտեինք, որ դիմորդների թիվը քիչ է լինելու, այս տարի ունեինք շատ ավելի շատ շրջանավարտ, քան 2017թ, բայց թիմորդների թիվը մոտավորապես 2017թ մակարդակին էր:  Երբ դիմորդների թիվը պակասում է, բոլորն ընդունվում են իրենց ուզած տեղերը: Մանկավարժական մասնագիտություների գծով  մրցույթի պատճառով նախկինում ընդունվում էին 2-րդ, 3-րդ հայտերով, իսկ հիմա այդ խնդիրը չկա:

Հայաստանում դիմորդները  ժամանակին մի քանի տեղ կարող էին դիմել, ինչը քննադատվում էր, բայց նաեւ դրական բան կար: Մարդիկ ընդունվում էին նաեւ ոչ էլիտար համարվող ֆակուլտետներ:  Հիմա, երբ բոլորն ընդունվում են առաջին հայտով, այն ֆակուլտետները, որոնք էլիտար չեն, ունենում են դիմորդների եւ ընդունվողների շեշտակի նվազում: Վատն այն է, որ նախարարությունն այս վիճակը թողել է ինքնահոսի, մինչդեռ անհրաժեշտ է միջամտություն եւ հստակ քաղաքականություն: Եթե երիտասարդները չեն գնում դպրոց աշխատելու, սա մեծ խնդիր է, դրա համար էլ Հայաստանի ուսուցիչների տարիքը շատ բարձր է: Վերջերս գլոբալ զեկույց հրապարակվեց՝ աշխարհում ուսուցիչների միջին տարիքը 42 է,  Հայաստանում ուսուցիչների 50 տոկոսի տարիքը ` 50-ից բարձր է: Մենք ունենք շուրջ 2500 թոշակի տարիքի ուսուցիչներ: Որոշ դպրոցներում տնօրենը չի կարողանում 75 տարեկան ուսուցչին ազատել, որովհետեւ փոխարինող չկա: Վերջերս մի գյուղում էի, որտեղ գերմաներենի ուսուցիչը 80 տարեկան էր»:

Մանրամասն` տեսանյութում

Սերոբ Խաչատրյանը շեշտում է, որ արժի Հայաստանում մանկավարժական կրթությունը դարձնել անվճար: Նաեւ պնդում է, որ մեր երկրին շատ հրատապ պետք է ուսուցչական քաղաքականություն: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասին էլ խոսվեց: Նա կարծիք հայտնեց, որ նման ծրագրերի անհրաժեշտություն կա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031