Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում` սա պատերազմ է, իրար մռո՞ւթ են ջարդելու, ո՞նց հասկանանք». Աշոտ Մելիքյանը՝ Հանրայինի ու Պասկեւիչյանի նամակի մասին

Հուլիս 26,2019 15:00

Օրեր առաջ Տիգրան Պասկեւիչյանը նամակ էր հրապարակել՝ ուղղված Արա Շիրինյանին, որտեղ ներկայացված էին Հանրային հեռուստառադիոընկերության ներսում առկա խնդիրներն ու լուծումները: Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին ասուլիսում այս առնչությամբ հարց ուղղեցինք՝ Հանրայինում առողջացման գործընթացը դուք ո՞նց եք պատկերացնում, դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում:

Նա պատասխանեց, որ արմատական բարեփոխումների ճանապարհով պետք է գնա Հանրայինում առողջացման գործընթաց. «Դժվարանում եմ ասել, թե էվոլյուցիոն ճանապարհը ինչ արդյունք կտա, ես արմատական բարեփոխումների կգնայի: Մենք տասնյակ տարիներ տեսել ենք, թե ինչպես է աշխատել Հանրային հեռուստառադիոընկերությունը, բոլորս տեսնում ենք այն բացերը, անընդունելի աշխատաոճն ու մոտեցումը, որը հանրությանը վրդովվեցնում էր, դա առանձին սխալներ չէին: Կոնցեպտուալ մոտեցումներ կան, որ պետք է վերանայվեն, վատ ավանդույթներ կան, որոնք պետք է վերացվեն: Եթե նույնիսկ առանցքային կադրերը համարում են, որ հեղափոխությունը հնարավորություն տվեց, որ այլ կերպ աշխատեն, մենք մեկ տարվա ընթացքում չենք տեսել փոփոխություն: Տեսանելի, լուրջ փոփոխություններ Հանրայինում առայժմ չկան, բայց հույսեր ունենք, որ Հանրայինի խորհրդի նոր նախագահը նոր մոտեցումներ կցուցաբերի: Նոր մարդիկ, որոնք աշխատանքի ընդունվելու են գնում, նրանց նկատմամբ նոր մոտեցումներ երեւի կկիրառվեն ու կբարեփոխեն Հանրայինը»:

Պարոն Մելիքյանն ասաց, որ ողջունելի է Տիգրան Պասկեւիչյանի մոտեցումը՝ արագ լուծումներ գտնելու, դրական է նաեւ նոր հաղորդաշարերի համար հանձնաժողովի ստեղծման գաղափարը:

Մեր հարցին՝ երբ որ պարոն Պասկեւիչյանն իր առաջարկը ներկայացրել էր, նրան ասել էին՝ «հասկանո՞ւմ եք, սա պատերազմ է», այսինքն, դուք կողմնակից եք «պատերազմի՞» հնի ու նորի, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Մեզանում, չգիտես ինչու, քննադատությունը համարվում է թշնամանք, բարեփոխումը՝ պատերազմ: Համառ դիմադրություն կարող է լինել հին մոտեցումները որդեգրած կադրերի կողմից, բայց այդ ամենը իրականացնելու լծակները բավարար են: Ի՞նչ է նշանակում՝ սա պատերազմ է, իրար մռո՞ւթ են ջարդելու, ո՞նց հասկանանք: Պատերազմն էլ կարելի է վարել քաղաքակիրթ մեթոդներով, եթե խոսքը քաղաքակիրթ գործընթացների մասին է: Ես կարծում եմ, որ այո, մարդուն, երբ այլ պայմանների մեջ ես դնում, ինքը կարող է այլ կերպ աշխատել, բոլորը չէ, որ ջատագով են այն գործելաոճին, որը տասնամյակներ շարունակ մենք տեսել ենք: Բավական է հիշել Մարտի 1-ի, ընտրությունների լուսաբանումները, հեղափոխության լուսաբանումները: Այդպես չի լինում, որ նույն մարդը հեգնանքով, ծաղրանքով լուսաբանի հեղափոխության սկիբը, հետո հեղափոխությունից հետո գովաբանի: Դա մարդկային ու պրոֆեսիոնալ առումով դժվար է հասկանալ: Նոր դեմքեր են պետք, նոր մարդիկ, այդ քնած աշխատաոճը պետք է վերանայվի»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031