Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ ԶԼՄ-ների դեմ 91 դատական հայց չկա, ինչպես ներկայացվում էր. Աշոտ Մելիքյանը՝ լրագրողներին դատի տվողների ու խախտումների մասին

Հուլիս 26,2019 14:12

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում ամփոփիչ ասուլիսում ասաց, որ վերջին կես տարվա ընթացքում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների գործունեության ոլորտում հակասական գործընթացներ կան, ու միջազգային կազմակերպությունների գնահատականներն էլ տարբեր եղան. «Եթե «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աննախադեպ առաջընթաց արձանագրեց, ապա «Freedom House»-ը զուսպ գնահատականներով հանդես եկավ, առաջընթաց չարձանագրեց, միայն ասաց, որ ավելի հանդուրժող են նոր իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ»:

Աշոտ Մելիքյանը թվարկեց, թե ինչ է փոխվել՝ կառավարության նիստերը բաց են, բարձրաստիճան պաշտոնյաները սոցմեդիայում բաց են,վարչապետը տալիս է ասուլիսներ, որոնք աննախադեպ էին իրենց տեւողությամբ ու մասնակիցների քանակով՝ բոլոր ԶԼՄ-ները ներկա էին ու հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղել վարչապետին. «Այսպիսի ասուլիսներ ես անկախ ՀՀ-ի պատմության մեջ չեմ հիշում»:

Բայց սրա հետ մեկտեղ, պարոն Մելիքյանի խոսքով, երբ լրագրողները տեղեկատվական հարցումներ են ուղարկում, լուրջ բարդությունների են բախվում. «Կիսամյակի ընթացքում բռնությունների քանակը նվազել է լրագրողների նկատմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Երբ վիրավորանքն ու զրպարտությւոնը ապաքրեականացվեց, 6 ամսվա ընթացքում 56 նոր հայցեր են եղել ԶԼՄ-ների ներգրավվածությամբ, մեկը ֆինասատնտեսական, երկուսը՝ տեղեկություն ստանալու ու տարածելու իրավունքի հետ է կապված ու 53-ը վիրավորանքի ու զրպարտության հիմքով է»:

Այն տեղեկությունը, որ աննախադեպ թվով՝ 91 դատական գործ կա ԶԼՄ-ների դեմ, այնքան էլ ճիշտ չի. «Այդ 91-ի մեջ բազմաթիվ դատական գործեր են մտել, գործ կա, որ մեկ անգամ հայցը ներկայացնելուց հետո դատարանը հայցը վերադարձրել է, դրանից հետո շտկումներ են կատարվել, նորից է հայցը ներկայացվել, կան գործեր, որ 3-4 անգամ այդպես տվել են ու դա հաշվել են՝ որպես առանձին հայցեր: Մինչդեռ մի գործ է: Այդ 91 թիվը վիճահարույց է: Ճշտելուց հետո կարող ենք ասել, որ այս տարվա առաջին կիսամյակում 56 գործ կա՝ լրագրողների ու ԶԼՄ-ների ներգրավվածությամբ»:

56 գործը նույնպես բավականին մեծ է, եւ աճն ակնհայտ է, նախորդ տարի նույն ժամանակահատվածում 10 էր: Ընդ որում՝ 2019-ի դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 53-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով է:

Լրագրողների եւ ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վերը նշված 56 նոր դատական գործերից 19-ի դեպքում հայցերը ներկայացվել են շարքային քաղաքացիների կողմից, 19 գործերում հայցվորները քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ (նաեւ՝ նախկին), պետական մարմիններ են, 7-ում՝ գործարարներ ու մասնավոր ընկերություններ են, 3-ում՝ ՀԿ-ներ, 2-ում՝ դատավորներ, 2-ում փաստաբաններ են, 2 դատական վեճ լրատվամիջոցների եւ/կամ լրագրողների միջեւ է, եւս 2 դեպքում ԶԼՄ-ներն են դիմել դատարան՝ ընդդեմ պետական մարմինների:

Լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել, որ պետական մարմիններից տեղեկություններ հայցելիս բախվում են լուրջ խնդիրների։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ի արձանագրած փաստերը վկայում են, որ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների քանակը 2,5 անգամ գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Աճել է նաեւ ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը՝ ավելի քան 2 անգամ։

Ընդհանուր առմամբ, 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնությունների փաստեր են, 83-ը՝ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր, 66-ը՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031