Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության զավթում» տերմինալոգիան մեզ պետք չէ. Մարիամ Գալստյան

Հուլիս 26,2019 14:05

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը համամիտ չէ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ, որ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ անպայման պետք է արձանագրվի «պետության զավթում» տերմինը: Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում Մարիամ Գալստյանը հայտարարեց, որ այդ տերմինալոգիան մեզ պետք չէ, բայց երեւույթի բաղադրաչափերը ռազմավարությունում վերլուծված են, բավական կոշտ եզրահանգումներ են արված, այդ թվում նաեւ արձանագրված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրական քաղաքական կամք նախկինում չի եղել, դրանք օրենսդրական մակարդակում են եղել`իմիտացիոն բնույթ կրելով եւ կատարում չապահովելով:

Նախարարությունում, այժմ կոռուպցիոն գործերի քննման վիճակագրության վրա են աշխատում:

«Նման տերմինալոգիան կարծում եմ, անհրաժեշտ չէ, բայց բաղադրատարրերը ավելի կվերլուծենք եւ կնախատեսենք»,- ասաց նա:

Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։

Մարիամ Գալստյանն ասաց, որ նախարարությունում այժմ աշխատում են համագործակցության մոդելի վրա` էլեկտրոնային միասնական համակարգ պետք է լինի, որը թույլ կտա համագործակցությունը ճկուն իրականացնել:

Բացի այդ երկու մարմիններից, որոնք կոռուպցիոն գործերի քննության եւ հետախուզական գործառույթ են ունենալու, նաեւ հատուկ մասնագիտացված ստորաբաժանում է լինելու`դատախազության համակարգում, որն ավելի մասնագիտացված կլինի: Կոռուպցիոն գործեր քննող քննիչներն ու հետախույզները կլինեն նաեւ վերլուծաբաններ: Պետական պաշտոնյան այսպես բացատրեց. «Որպեսզի կարողանան բարդ սխեմաներով գործերը քննել ու ընթացք տալ»: Նաեւ հակակոռուպցիոն դատարաններ կհիմնվեն: Այժմ երկաստիճան մոդելն է քննարկվում:

«Ինստիտուցիոնալ մոդելին շատ ուշադրություն է դարձված, այսինքն համակարգային ենք մոտեցել հարցին»,- պնդում է Մարիամ Գալստյանը :

Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ, ինչպես հայտնի է, կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին, ինչն այնքան էլ միանշանակ չի ընդունվել հասարակական կազմակերպությունների կողմից : Շատ քննադատվեց նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը հանրային քննարկման չի դրվել :

Իսկ հակակոռուպցիոն մարմինների ղեկավար կազմի թափանցիկ ընտրության մասով Սոնա Այվազյանի դիտարկումների հետ արդարադատության նախարարության ներկայացուցիչը համամիտ է: Ասաց` նախատեսվում է անել այնպես, որ ընտրությունից մեկ-երկու տարի հետո, հակակոռուպցիոն ինստիտուտների ղեկավար կազմի բարեվարքության ստուգում հնարավոր լինի իրականացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031