Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության զավթմանը պետք գնահատական տրվի. Սոնա Այվազյան

Հուլիս 26,2019 13:53

Այն աշխատանքը, որ կատարվել էր հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի նախորդ տարբերակից հետո` հանրային քննարկումների արդյունքում, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «բավական դրական» է  գնահատում եւ հույս ունի, որ քննարկումների այս փուլում էլ նույն մոտեցումը կլինի պետության կողմից: «Փորձում ենք հետհեղափոխական Հայաստանի ակնկալիքները բավարարելու համար հնարավորինս համապարփակ փաստաթուղթ ունենալ, իսկ կառավարության ակնկալիքները շատ մեծ են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց տիկին Այվազյանը:

Սոնա Այվազյանը մի քանի շեշտադրումներ է անում, որոնց ռազմավարությունը, իր կարծիքով, նույնպես պետք է անդրադառնա ու հենց շեշտադրումներով: Դրանք են`«պետության զավթում» երեւույթի ճանաչումը: Բանախոսի պնդմամբ, միջազգային մակարդակում դա կոռուպցիայի տարատեսակ է, երբ ամենն ի նպաստ է դրվել առանձին քաղաքական խմբի շահերը սպասարկելուն: «Հայաստանում դա է տեղի ունեցել, եւ կարծում ենք, որ կարեւոր է, որ այդ երեւույթը ճանաչվի: Իրականում, դրա գնահատականը պետք է տրվի ԱԺ-ի մակարդակով, բայց նաեւ այս փաստաթղթում է կարեւոր այդ գնահատականը»,- ասաց Սոնա Այվազյանը` հավելելով, որ դա որոշ չափով կկանխարգելի նաեւ հետագա զավթումները: Հեղափոխությունից մեկ տարի արդեն անցել է, բայց նա գտնում է, որ դեռ ուշ չէ նման գործընթաց սկսելու համար: «Պետության բնական ռեսուրսները, ֆինանսական ռեսուրսները, լրատվադաշտը, իրավապահ մարմինները, պետական այլ կառույցներ ծառայեցվել են մի քանի քաղաքական ուժերի որոշ կարկառունների շահերին: Երեւույթին պետք է գնահատական տրվի, հետո լուծումներ: Փաստեր կան, տարիներ շարունակ հետաքննող լրագրողներն են բավական լավ աշխատանք արել: Բոլորը գիտեն, որ մարդիկ գնել են պաշտոններ եւ ծառայեցրել իրեց շահերին, այդ առանձին դրվագները միավորվել եւ համակարգային են դարձել»,- ասաց նա:

Հաջորդը իրավապահ մարմինների խնդիրն է: Ռազմավարությամբ առաջարկվում է հակակոռուպցիոն կոմիտե հիմնել եւ տարբեր իրավապահ մարմիններից տարբեր գործիքակազմեր ու հաստիքներ տեղափոխել այնտեղ: Սոնա Այվազյանը գտնում է, որ այս լուծումները չպետք է մեխանիկական լինեն, եւ այդ փոփոխությունները պետք է լինեն իրավապահ համակարգի ընդհանուր փոփոխությունների համատեքստում, որպեսզի նախ՝ գործառույթների կրկնություն չլինի, նաեւ աշխատանքն արդյունավետ լինի:

Նաեւ, ըստ բանախոսի, բոլոր հակակոռուպցիոն ինստիտուտների ղեկավար կազմը, որոշ դեպքերում նաեւ միջին օղակների աշխատողները աշխատանքի պետք է անցնեն թափանցիկ, վստահություն ներշնչող տարբերակներով, որպեսզի հանրության մոտ կասկածներ չլինեն, եւ ճիշտ մարդիկ լինեն իրենց տեղում, ինչն էլ կբերի դրական արդյունքի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031