«Կարեւոր է բոլոր ուղղություններով քաղաքական օրակարգ ձեւավորելը, որովհետեւ մեր տարածաշրջանում Թուրքիայի հետ գոյություն չունեցող հարաբերությունները, Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները կարեւոր ազդեցություն ունեն մեր անվտանգային միջավայրի վրա»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա հավելեց.«Մի շատ կարեւոր փաստ արձանագրենք, օրինակ՝ ռուս-վրացական պատերազմն ավելի բացասական տնտեսական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյան պատերազմը: Այս առումով շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մեր համակարգն այնպիսին դարձնենք, որպեսզի մինիմալի հասցնենք այդ ազդեցությունը»:
ԱԽ քարտուղարն ասաց, որ Վրաստանի հետ հարաբերություններում արդեն բավականին դրական տեղաշարժ կա։ Բացի այս, նա նաեւ նշեց, որ ակտիվ աշխատում են բոլոր ուղղություններով ե՛ւ անվտանգության ուժերը, ե՛ւ գործադիրի տարբեր ճյուղերը՝ հասկանալու համար այն տնտեսական հնարավորությունների ուղղությունները, որոնցով կարողանանք Վրաստանի հետ աշխատել:
Գրիգորյանը վստահեցրեց՝ հայ-իրանական հարաբերություններում եւս դրական տեղաշարժ կա, քննարկումներ են ընթանում էներգետիկ ոլորտում համատեղ ակտիվ աշխատելու եւ առկա հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ. «Այս առումով մեծ խնդիրներ չկան հայ-իրանական հարաբերություններում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև