Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղար.« Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. սա մեր ռազմական տեսլականն է»

Հուլիս 26,2019 12:40

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մշակելու են  ազգային անվտանգության նոր ռազմավարություն եւ պատրաստ են ամենայն պատասխանատվությամբ ստանձնել ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործառույթները:

Գրիգորյանն ասաց, որ փաստաթղթի մշակման համար արդեն հսկայական աշխատանք է կատարվել։

Թե ինչու են որոշել նոր ռազմավարություն մշակել, ԱԽ քարտուղարը մի շարք պատճառներ նշեց. «Գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել: 2007 թվականից ի վեր Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել, տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը՝ սրելով այդ երկրների միջեւ հարաբերությունները: Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեր սահմանակից Իրանի համար առաջադրվել են պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ: Մերձավոր արեւելյան տարածաշրջանին վերաբերող հիմնահարցերը ենթարկվել են էական փոփոխությունների: Մեզ համար լրջագույն խնդիր է բացառել դեռեւս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016 թվականին ապրիլյան իրադարձությունների կրկնությունը:Մեծ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսական ինտեգրման քաղաքականությունը»:

Գրիգորյանը նշեց նաեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը,  ԵՄ-ի հետ ստորագրած  համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը.«Այս գործընթացների հետ մեկտեղ կան իրողություններ, որոնք շարունակում են մնալ անփոփոխ: Մասնավորապես Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում են մնալ արցախյան հիմնահարցի շուրջ  առկա գործընթացները՝ փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաեւ հայ-թուրքական սահմանը: Այս եւ այլ իրողությունները հաշվի առնելով՝ մշակվելու է ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որի իրականացման հենասյունն է լինելու ՀՀ-ի  զինված ուժերը, որոնց կատարելագործման եւ մարտունակության բարձրացման համար բազմակողմանի եւ բազմաշերտ քննարկումներ են ընթանում: Անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնելու անվտանգության հայեցակարգը, որն իր մեջ պետք է ներառի կառավարման համակարգի արդյունավետությունը եւ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից»:

Գրիգորյանն ընդգծեց.«Փափուկ ուժը մեր անվտանգության բաղադրիչն է»:

Ախ քարտուղարի խոսքով՝ անհերքելի է, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են։

Գրիգորյանի ներկայացմամբ՝ անհրաժեշտ է ձեւավորել փաստաթուղթ, ոը կլինի ճկուն, կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ զարգացումներին: Ըստ նրա՝ ռազմավարությունը, դասական իմաստով, պետակաշինության ճանապարհային քարտեզն է՝ ուղղված երկրի քաղաքական նպատակներին եւ երազանքներին հասնելուն:

Գրիգորյանը մեջբերեց չինացի ստրատեգ Սուն Ցզիին.«Եթե շահ չունես՝ մի՛ առաջացիր, եթե չես կարող ձեռք բերել, ապա զորքերը գորոծողության մեջ մի՛ մտցրու, եթե վտանգ չկա՝ մի՛ պատերազմիր: Սրանք դարերի փորձություն անցած մոտեցումներ են, որոնք այսօր էլ արդիական են»:

Ամփոփելով իր ելույթը, Գրիգորյանը մեջբերեց նաեւ վարչապետ Փաշինյանին, որը հղում անելով չինական ռազմական մտքին, ասել էր՝.«Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի»: Եվ սա, ինչպես Գրիգորյանն ասաց, մեր ռազմական տեսլականն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնական բաղադրիչներն են ժողովրդի միասնությունը, հզոր բանակը և ճշգրիտ դիվանագիտությունը՝ յուրաքանչյուրն իր բազմաթիվ ենթաբաղադրիչներով

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031