Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Անհրաժեշտություն կա արդարացի կերպով աշխատավարձերը բարձրացնել». «Հայկական ժամանակ»

Հուլիս 26,2019 12:43

Երեւանի ավագանա «Լույս» խմբակցությանը քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համաչափ՝ 30 տոկոսով բարձրացման առաջարկ է ներկայացել։ Քաղաքապետն ներկայացրած առաջարկում խմբակցությունը նշել է, որ շուրջ 8 տարի քաղաքապետարանում աշխատավարձերը չեն վերանայվել եւ գտնում են, որ այս նախագիծը պետք է քննարկվի եւ արտահերթ նիստով առաջիկայում ընդունվի։

«Հայկական ժամանակ»–ը զրուցեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։

– Պարոն Խաժակյան, ինչո՞վ է պայմանավորված, որ աշխատավարձերի բարձրացման առաջարկ է անում ավագանու ընդդիմադիր խմբակցությունը։

– Ձեր հարցը շատ տրամաբանական է, հատկապես այն կոնտեքստում, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը ավագանու որոշմանը ներկայացնելը քաղաքապետի բացառիկ լիազորությունն է։ Բայց քանի որ մենք նկատեցինք, որ նախագիծը մայիս ամսին օրակարգից հանելուց հետո քաղաքապետն այլեւս այդ նախագիծը չբերեց եւ ըստ էության իրեն վերապահված գործառույթը ժամանակին չկատարեց, որոշեցինք մենք այդ գործընթացը սկսել։

– Այսինքն, դուք կարծում եք, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությո՞ւն կա։

– Մենք մշտապես դրա մասին խոսել ենք հատկապես մատնանշելով մասնագիտական օղակների աշխատավարձերը։ Եվ ներկայացրել ենք, որ շուրջ 8 տարի է՝ չի վերանայվել աշխատավարձը համընդհանուր։ Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում եւ հետեւաբար անհրաժեշտություն կա արդարացի կերպով աշխատավարձերը բարձրացնել։

– Տարբերությունը շատ չի լինի, եթե օրինակ ամենացածր աշխատավարձ ստացողի աշխատավարձն ու քաղաքապետի աշխատավարձը 30 տոկոսով բարձրանան։ Եթե բոլորի աշխատավարձը 30 տոկոսով բարձրանա՝ սոցիալական խնդիր կլուծվի՞ սրանով։

– Ես կարծում եմ՝ կլուծվի, որովհետեւ 30 տոկոսը մենք հաշվարկեցինք ընդհանուր թվի վրա՝ այդ թվում եւ ցածր օղակների, ու իհարկե դա այն չէր, ինչ մենք կուզեինք, բայց բյուջեի սահմաններում հնարավոր է դա իրագործել։ Ընդ որում, ասեմ, որ մայիս ամսին քաղաքապետի ներկայացրած նախագծի համեմատությամբ իրենք ստորին օղակների .աշխատավարձերը նախատեսում էին բարձրացնել 25 տոկոս եւ այդ 5 տոկոս տարբերությունն իրենք, ըստ էության, ավելացրել էին վերին օղակներին՝ քաղաքապետին, վարչական շրջանների ղեկավարներին։ Մենք կողմնակից ենք, ավելի համաչափ բարձրացմանը:

– Ձեր հաշվարկով՝ ամսական որքան հավելյալ գումար կծախսվի բյուջեից՝ աշխատավարձերի բարձրացման հաճար։

– Թիվը հստակ չեմ հիշում։ Մենք դա իրականացրել ենք այն թվի սահմաններում, որը քաղաքապետարանը ողջամիտ է համարել մայիսին առաջարկ ներկայացնելիս։ Նրանց առաջարկով՝ անհրաժեշտ էր 539 մլն դրամ, մեր առաջարկած փոփոխություններով և համաչափ բարձրացման արդյունքում 537 մլն դրամ է անհրաժեշտ։ Այսինքն, մենք դա արել ենք քաղաքապետարանի առաջարկածի հնարավորի սահմաններում, բայց իրականացրել ենք համաչափ կերպով:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասաց, որ խմբակցությունը կարծում է՝ աշխատավարձերի բարձրացման մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ մարդիկ դրական արդյունքների են սպասում քաղաքային խնդիրների հարցում. «Մենք կարծում ենք, որ աշնանից ոչ շուտ կարելի է խոսել այդ արդյունքների մասին»։

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅՍՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031