Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գայանե Աբրահամյան. Հենց քննադատության ու բողոքներ լսելու համար ենք գնում մարզեր. «Ժողովուրդ»

Հուլիս 26,2019 12:08

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւս որոշել է ամռան ընթացքում մարզեր այցելել՝ պարզելու բնակիչների տրամադրվածությունը, այն խնդիրները, որոնք շարունակում են հուզել մարդկանց։ Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության պատգամավորներին հրավեր է ուղարկվել, ներկայացվել է, թե երբ են նախատեսում սկսել այցերը։ Մենք տեղեկացանք նաեւ, որ հուլիսի 29-ից իմքայլականների մի խումբը մեկնելու է Տավուշի մարզ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք ամռանը պատգամավորական խմբերով շրջելու են Երեւանում եւ մարզերում բնակիչների հետ հանդիպելու համար։ «Լուսավորականներն» էլ հանդիպման են գնում այն բնակարանները, որտեղից Էլեկտրոնային նամակներ են ստանում։

Մենք տեղեկացանք, որ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներից մարզ մեկնելու նախաձեռնողներից է եղել խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Վերջինիս հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է՝ պարզելու համար, թե ինչ նպատակ է հետապնդում խմբակցության նախաձեռնությունը։

–Տիկին Աբրահամյան, ինչո՞ւ խմբակցությունում որոշվեց ամռանը մեկնել մարզեր, ո՞րն է այդ ամենի նպատակը։

–Մենք գնալու ենք բոլոր մարզերը, ըստ ցանկության՝ պատգամավորները հերթագրվում են, թե որ մարզ են ցանկանում գալ՝ կախված նաեւ իրենց համար հարմար օրերից։ Ըստ օրերի՝ պատգամավորները գրանցվում են։ Նպատակը՝ քարտեզագրել մարզային խնդիրները, մարդկանց հետ խոսել, հասկանալ իրենց մտահոգող խնդիրները, ցույց տալ նաեւ, որ մենք իրենց կողքին ենք շարունակաբար, ոչ թե ընտրությունից ընտրություն, ինչպես նախկինում է եղել։ Մեր մարզային պատգամավորները շատ ակտիվ են, ամբողջ տարվա ընթացքում ենք շփվում մարզերում ապրող բնակչության հետ, բայց նրանք, ովքեր համապետական ցուցակով են ընտրված, նրանք, ովքեր Երեւանի տարածքներից են ընտրված, մեծ հաշվով այդ հնարավորությունը շատ հաճախ չեն ունենում։ Ու սա հնարավորություն է համակարգային քարտեզագրելու խնդիրները, որոնք հետագայում օրենսդրական փոփոխությունների կհանգեցնեն։ Այսինքն՝ հիմնականում տեսնել, թե մարզերում ինչ մտահոգող խնդիրներ կան, ու ինչ լուծումներ դրանք պետք է ստանան:

– Ըստ Զեզ՝ մարզերում սպասո՞ւմ են իշխանության ներկայացուցիչներին, որովհետեւ ակնհայտ է, որ արդեն դժգոհություն է հասունացել նոր իշխանությունների վարած քաղաքականությունից։

–Ես տարբեր մարդկանց հետ հանդիպել եմ վերջին ժամանակներս, ու շատ նորմալ են ընդունում, եւ այն ապոկալիպտիկ տպավորություններն են առկա ֆեյսբուքում, բացարձակ իրական կյանքում չկան, բայց վստահ եմ, որ մտահոգություններ կան, ու գիտենք, որ դրանք դեռ չեն վերացել, ու, բնականաբար, պատրաստ ենք նաեւ քննադատության, ոչ թե պատրաստ ենք, այլ հենց քննադատության ու բողոքներ լսելու համար ենք գնում։ Սա է հիմնական առաքելությունը, այսինքն՝ մենք չենք գնում, որ մեզ՝ վայ, ինչ լավ է՝ դուք եկաք եւ այլն։ Կարծում եմ, բոլորս էլ պատրաստ ենք քննադատություններ լսել, որովհետեւ, ի վերջո, գնում ենք այդ բողոքները լսելու եւ դրանց լուծում տալու համար։ Հստակ գիտակցում ենք, որ ակնկալիքները չափազանց մեծ են, մենք էլ ամեն ինչ անում ենք դրանք արդարացնելու համար։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031