Բարձր վարկանիշ ունեցող իշխող քաղաքական ուժին ձեռնտու է, որ երկրում ներքաղաքական կայունություն լինի, եւ հաջորդ իշխանությունները ձեւավորվեն քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, մինչդեռ բոլոր այն ուժերին, որոնք նորմալ ընտրությունների դեպքում խորհրդարանում հայտնվելու շանս չունեն, ձեռնտու են ցնցումներն ու ֆորսմաժորային իրավիճակները։ Որովհետեւ այդ դեպքում նրանք իշխանության հասնելու թեկուզ տեսական, բայց ինչ-որ հնարավորություն կունենան։ Այստեղից էլ՝ երկիրն ամեն գնով ապակայունացնելու, ցնցումներ հրահրելու եւ ապոկալիպտիկ սցենարներով ժողովրդին ահաբեկելու նրանց մարտավարությունը։
Հայաստանում առայժմ իրական քաղաքական ընդդիմություն չի ձեւավորվել. այնպիսի ընդդիմություն, որն այլընտրանքային ծրագիր կներկայացներ ու կհայտարարեր, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ ընտրություններին, հաղթել եւ իրականացնել այդ ծրագրերը։ Իսկ եթե վերջին ընտրություններում 3-4 տոկոս ձայն ստացածները հայտարարում են, թե պետք է օր առաջ «քշել» կամ «տուն ուղարկել» 70 տոկոս ստացած իշխանություններին, դա արդեն ոչ թե քաղաքական ընդդիմություն է, այլ ապստամբների խմբակ։
Դա էլ է նորմալ (եթե, իհարկե, օրենքի շրջանակներում են գործում), պարզապես հասարակությունը պիտի կարողանա տարբերել քաղաքական ուժերին ու ապստամբներին եւ պիտի մեկառմիշտ արձանագրի, որ իշխանությունների ձեւավորման լավագույն տարբերակը քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրություններն են։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում