Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատելության խոսք․ 2018-ի նախընտրական քարոզարշավի հիմնական մարտահրավերը

Հուլիս 26,2019 10:46

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլում գրանցված ամենախոշոր խնդիրը ատելության խոսքի կիրառումն էր։

Այս մասին ասվում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ 2018-ի դեկտեմբերի 6-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցում։

Ըստ իրականացված դիտարկման արդյունքների, ընդհանուր առմամբ գրանցվել է ատելության խոսքի կիրառման 172 դեպք։ Ընդ որում, ատելության խոսքի տարածման մեջ գրեթե հավասարապես մեղադրվում էին «Իմ քայլը» դաշինքը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Ուշագրավ է, որ ՀՀԿ-ին ատելության խոսք կիրառելու մեջ մեղադրողները մեծամասամբ «Իմ քայլը» դաշինքի, ՔՈՍԴԿ, ԼՀ և ՍԾՀԿ թեկնածուներն էին, մինչդեռ «Իմ քայլը» դաշինքին մեղադրողները՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՔԺՎԿ և ԲՀԿ թեկնածուները:

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ հաշվի առնելով սոցիալական ցանցերում նախընտրական քարոզչության փուլում ակտիվ քննարկումները, որոնք դուրս են եղել դիտարկման շրջանակից, իրականում ատելության խոսքի դրսևորումները եղել են ավելի շատ։

Բացի ատելության խոսքից, 2018-ի ընտրություններին գրանցվել են նաև չսահմանված վայրում տպագիր քարոզչական նյութեր փակցնելու և սահմանված կամ չսահմանված վայրերում փակցված նյութերի վնասման դեպքեր։ Մասնավորապես, «Անկախ դիտորդի» զեկույցում հիշատակվում է այդպիսի 163 դեպքի մասին։

Չնայած նրան, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրակաշառքներ չեն բաժանվել, այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները նշում են, որ տեղեկություններ են ստացվել դրամական, բնամթերքի և ծառայությունների տեսքով բարեգործության՝ քողարկված ընտրակաշառքի տրամադրման կամ խոստման 17 դեպքի մասին։ Բացի սա, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող տասը թեկնածու նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից իրականացվել է վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ մի քանի դեպքերում խոչընդոտվել է ՀՀԿ, «Սասնա ծռեր» և ՔՈ կուսակցությունների քարոզչությունը։

Զեկույցի համաձայն, գրանցվել է 11 դեպք, երբ թեկնածուները, կուսակցությունները կամ դաշինքները ոչ թափանցիկ գործելաոճ են ունեցել և հրաժարվել են համագործակցել դիտորդների հետ:

Ըստ այդմ, զեկույցի հեղինակներն առաջարկում են մի շարք միջոցառումներ՝ նախընտրական քարոզչության գործընթացը բարեփոխելու համար։ Մասնավորապես, առաջարկվում է նախ և առաջ օրենսդրորեն սահմանել, թե ինչ է նախընտրական քարոզչությունը և ամրագրել վարչական ռեսուրսների չարաշահման ընդհանուր արգելք՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականի։

Ըստ զեկույցի, անհրաժեշտ է բացառել ընտրողների վրա ապօրինի ազդեցությունը՝ ի թիվս գործող միջոցների, արգելելով կամ չեղարկելով քաղաքական ուժերի հետ ասոցացվող բարեգործության դեպքում տվյալ քաղաքական ուժի գրանցումը, ընդլայնելով հայտարարագրվող նախընտրական քարոզչության ծախսերը՝ ներառյալ ընտրական շտաբերի աշխատակիցների, շտաբերի վարձակալության վճարները, տրանսպորտային և գրասենյակային ծախսերը։

Կարևոր է նաև վերացնել մեկ անձի կողմից նվիրաբերվող գումարի և քարոզարշավի ֆինանսավորման վերին շեմը՝ թափանցիկ դարձնելով քարոզարշավի ֆինանսավորման իրական՝ չմիջնորդավորված աղբյուրները։ Այս համատեքստում անհրաժեշտ է նաև նախընտրական հիմնադրամների մուտքերի և ելքերի կարգավորման նպատակով սահմանել հիմնադրամի միջոցների միայն անկանխիկ օգտագործումը նախընտրական հիմնադրամի կառավարման համար ստեղծվող առցանց հաշվի և վճարային քարտի միջոցով։ Ընդ որում, հաշվի առնելով, որ ներկայում քաղաքական ուժերն ակտիվ քարոզչություն են իրականացնում համացանցում, պետք է սահմանել առցանց գովազդի ֆինանսավորման հայտարարագրման գործուն համակարգ։

Այլ կերպ ասած՝ քարոզչության ֆինանսական մասը պետք է դարձնել ամբողջովին թափանցիկ։ Այս նպատակի համար անհրաժեշտ է նաև հնարավորություն տալ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ստուգել թեկնածուների և կուսակցությունների կողմից ներկայացվող հայտարարագրում նշված եկամուտների, նախընտրական նվիրատվությունների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների հիմնավորվածությունը։

Բացի սա, հաշվի առնելով 2018-ի նախընտրական շրջանում ատելության խոսքի դեպքերը, անհրաժեշտ է սահմանել անմիջական պատասխանատվության միջոցներ նախընտրական փուլում թեկնածուների կողմից ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031