Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատության» հրապարակի համալիրի և հարակից տարածքներում առերևույթ ապօրինաբար սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հուլիս 26,2019 10:31

Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների  տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով  հողամասեր տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող բոլոր փաստաթղթերը:

Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ուսումնասիրության նպատակով համապատասխան փաստաթղթերը Երևան քաղաքի դատախազության կողմից պահանջվել և ստացվել են Երևանի քաղաքապետարանից: Նույն նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության  գործակալությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի  կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձանց գործողություններում կարող են առերևույթ առկա լինել կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչից ելնելով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և որոշել հետագա ընթացքը:

Նյութերի նախապատրաստման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք 2002-2018թթ. ընթացքում առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող` Երևան քաղաքի Ազատության hրապարակի համալիրի, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում ապօրինաբար տեղադրվել են սրճարաններ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ թույլատրվել է իրականացնել առևտրային գործունեություն՝ այդ կերպ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031