Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությունից կտրվելու հետեւանքները

Հուլիս 26,2019 10:00

Եվրոպայում ամենամեծ հեղափոխություններից մեկը տեղի էր ունեցել 1520-ական թվականներին եւ կոչվում էր Ռեֆորմացիա: Այդ շարժումն ուներ բազմաթիվ պատճառներ՝ առաջին հերթին, իհարկե, նոր, շուկայական հարաբերությունների զարգացումը: Բայց եթե իրադարձություններին նայենք այսօրվա աչքերով, ապա մեզ հետաքրքրող պատճառներից մեկը կաթոլիկ եկեղեցու լճացումն էր, բյուրոկրատացումը, խիստ աստիճանակարգ սահմանելը, եկեղեցական «շեֆերի» ճոխ ու շվայտ կյանքը եւ այդ բոլոր երեւույթների ճչացող հակասությունը բուն քրիստոնեական արժեքների հետ: Բանը հասել էր նրան, որ Հռոմի պապի թողության գիրը՝ ինդուլգենցիան, վաճառվում էր: Այսինքն՝ ով փող ուներ, մեղքերի թողություն էր ստանում, ով չուներ՝ չէր ստանում՝ անկախ գործած մեղքերի ծանրությունից: Բայց այդ խայտառակ պրակտիկան «արդարացում» ուներ՝ ինդուլգենցիաների վաճառքից ստացած գումարներով իբր ֆինանսավորվում էր Սուրբ Պետրոսի տաճարի շինարարությունը Հռոմում: Այսինքն՝ Հռոմի պապը եւ նրա շրջապատը, այսպես ասած, «մտածում էին քաղաքի բարեկարգման մասին»: Այդ վարքագիծը բերեց պայթյունի եւ երկարատեւ միջկրոնական պատերազմների:

Դարեր հետո Վատիկանը ոչ ամբողջությամբ, բայց «կեսբերան» ընդունեց, որ ինչ-որ հարցերում ինչ-որ տեղ այնքան էլ լավ չի վարվել: Բայց երբեք ոչ մի պապ, ոչ մի եպիսկոպոս իր գործունեությանը որեւէ բացասական գնահատական չի տվել, հակառակը՝ անձամբ եւ իր պալատական երգիչների միջոցով զբաղվում էին ինքնագովերգմամբ: Կյանքից կտրվելը, զուգահեռ իրականության մեջ ապրելն ամենամեծ վտանգն է, որի առջեւ կանգնած է ցանկացած իշխանություն: Դա վերաբերում է նաեւ Հայաստանի Երրորդ հանրապետության ղեկավարներին: Առաջին երեք նախագահների շուրթերից ես չեմ լսել որեւէ բառ, որը թեկուզ թեթեւակի ակնարկեր, որ իրենց իշխանության օրոք այսինչ բանը սխալ է արվել: Կամ՝ բացատրություն հնչեր, թե ինչու էր հասարակության մեծ մասը տրամադրված նրանց դեմ: Հարցրեք, օրինակ, որեւէ ՀՀԿ-ականի, թե ինչու է 2018 թվականին տեղի ունեցել հեղափոխություն, եւ նրանցից ոչ մեկը չի ասի, որ հիմնական պատճառն իրականությունից կտրվելն էր:

Հարցրեք Երկրորդ նախագահին եւ նրա պալատականներին, թե ինչպես են նրանք գնահատում Հյուսիսային պողոտայի շինարարությունը, եւ նրանք այդ գործընթացի մասին կխոսեն հպարտությամբ՝ աշխատատեղեր, շինարարական բում, լցված սառնարաններ եւ այլն: Որեւէ մեկը չի ասի, որ այդ պողոտայի շինարարության հետեւանքով Կենտրոնում ապրող տասնյակ բնակիչներ հայտնվեցին փողոցում: Նրանցից որեւէ մեկն իրեն պատասխանատու չի զգա նրա համար, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է կառավարությանը 1,6 միլիոն եվրո վճարել իրենց գործողությունների հետեւանքով ունեզրկված քաղաքացուն: Նախկին իշխանավորների նման «մերժողական» վարքագծի պատճառը դարձյալ նույնն է՝ իրական կյանքի հետ կապը կորցնելը:

Տեսնես, դա դաս կլինի՞ ներկայիս կառավարության համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Դժուարինս խնդրես …

  2. Ruben says:

    Հյուսիսային պողոտայի տարածքի բնակիչները իրենց սրբությունը՝ ծննդավայրը փողով վաճառեցին բարբարոսներին:
    Ժողովրդական (զանգվածային) առանձնահատկություն, բայց ոչ ազգային:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Շատ ճիշտ հարցադրում է իրականությունից կտրվելու մասին, պատմական էքսկուրսը դեպի ռեֆորմացիա եւ կաթոլիկ եկեղեցու «լճացում» ու «խայտառակ պրակտիկա» թվում է համոզիչ եւ կարծես թե սպառիչ, բայց ամեն ինչ փչանում է «բուն քրիստոնեական արժեքների» հիշատակմամբ: Հենց այստեղ է, որ շատերը հեշտորեն ընկնում են տերտերների լարած թակարդը՝ դյուրահավատորեն ընդունելով դարեր շարունակ այդ «արժեքները» գովերգող վեղարավոր խաբեբաների շաղակրատանքը:

    Իրականում «քրիստոնեական» կոչված արժեքները (սեր, կարեկցություն, գթասրտություն եւ այլն) մտցված են Նոր Կտակարանի մեջ, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ չափով մեղմացնել Հին Կտակարանը՝ վայրենության, ցեղասպանության եւ մարդատյացության այդ փայլուն դասագիրքը: Իհարկե՝ այս գործը Նոր Կտակարանի փնթի ու կիսագրագետ հեղինակները չեն կարողացել գլուխ բերել, որովհետեւ Նոր Կտակարանն ինքը լի է անհանդուրժողականության ու մարդատյացության բազում գլուխգործոցներով: Արդյունքում ստացվել է ընդարձակ, բայց ծիծաղելի ու հակասություններով լի մի հեքիաթների գիրք, որտեղ կարելի է գտնել ու արդարացնել ինչ ուզես՝ եւ լավն ու վատը, եւ չարն ու բարին…

    Միամիտ մարդկանց ներշնչում են, թե իբր առանց «քրիստոնեական արժեքների» հնարավոր չէ դաստիարակել բարություն, ազնվություն, ընկերասիրություն եւ այլն: Իբր դա մի այնպիսի գերազանց համակարգ է, որ առանց դրա մեջ մտնելու հասարակ մարդիկ միանգամից դառնում են չար, խաբեբա ու ստոր էակներ, իսկ իշխանավորները կտրվում իրականությունից: Այս պրիմիտիվ կրոնական աճպարարության վրա կարելի է միայն ծիծաղել. բարոյականության ակունքները կրոնի մեջ չեն, բարոյականությունը իրականում գոյություն է ունեցել կրոնից առաջ եւ գոյություն կունենա կրոնից հետո էլ: Իսկական («բուն») քրիստոնեական բարոյականության հիմքում ֆանատիզմ է եւ հիվանդագին հուզավառություն, այն ուղղակիորեն հակադիր է արդարությանը եւ առողջ բանականությանը, վտանգավոր՝ հասարակական շահերի համար: Իհարկե՝ սա միայն քրիստոնեության արատը չէ եւ այս կամ այն չափով վերաբերում է բոլոր կրոններին՝ առանց բացառության…

    Եկեղեցին ինքը վաղուց արդեն կտրվել է իրականությունից, բայց համառորեն շարունակում է մարդկանց կրոնական անհեթեթություններով բթացնելու «սուրբ» գործը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031