Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովակալ Իսակովի արձանի գողացված խարիսխը կվերականգնվի

Հուլիս 26,2019 12:00

Համաշխարհային պատմության մեջ թերեւս չկա այնպիսի դարաշրջան կամ այնպիսի վայր, որտեղ հայերը՝ լինեն հայրենիքում, թե օտար ափերում, նշանակալի դերակատարում չունենան այս կամ այն իրադարձության մեջ կամ չլինեն առանցքային կերպարներ պատմական անցուդարձերի ժամանակ: Ահա այսպես էլ մենք այսօր չունենք, օրինակ, ծով, սակայն ունենք ծովակալներ…

Ի դեպ՝ այս տարի լրանում է Խորհրդային միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան 125-ամյակը: Այս կարեւոր իրադարձությունը չէր կարելի թողնել ստվերում, քանի որ ծովակալի կերպարը եղել եւ մնում է խորհրդանշական բոլորիս համար: Սակայն, չնայած դրան, չակերտավոր հայերի սեւ ձեռքը հասել է նաեւ Իսակովի արձանին՝ տարիներ առաջ որպես թանկարժեք մետաղ գողանալով արձանի մաս կազմող խարիսխը: Իսկ էլ ի՞նչ նավ՝ առանց խարիսխի: Եվ օրերից մի օր ինչ-որ մեկը որոշում է վերականգնել այն ու դիմում է Ռուսաստանում խոշոր ծովային ընկերության հայ ղեկավար Ալեքսանդր Էլարյանին: Իսկ ի՞նչ եղավ հետո…

Բարի՛ մարդ, արձագանքի՛ր

Tesaket.info-ի հետ զրույցում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանն ասաց, որ երեք տարի առաջ ՌԴ-ից իրեն էր զանգահարել իր ընկեր Ալեքսանդր Էլարյանը, որն ասել էր, թե մի անծանոթ մարդ Հայաստանից դիմել է իրեն՝ Իսակովի արձանի գողացված խարիսխը վերականգնելու գործում աջակցություն ստանալու հարցով: Էլարյանը խնդրել էր Աղաջանյանին, որ վերջինս ի՛նքը զբաղվի այդ խնդրով, որովհետեւ, բնականաբար, տեղում հարցն ավելի հեշտ կլիներ լուծել, քան Ռուսաստանից ինչ-որ բան անել: Պարոն Աղաջանյանը համաձայնել էր. Փոթիի նավահանգստից ձեռք էր բերել իսկական նավի խարիսխ եւ զանգահարել ընկերոջը՝ ճշտելու համար, թե ո՛վ էր աջակցություն խնդրող մարդը: Նրան գտնել, սակայն, այդպես էլ չհաջողվեց, թեեւ Գ. Աղաջանյանը բազմիցս դիմել էր տարբեր կառույցների՝ փորձելով գտնել այդ բարի մարդուն, որը նման ողջունելի ցանկություն էր հայտնել՝ վերականգնել խարիսխը:

Արդարության վերականգնում, կամ Կիլիկյան Հայաստանից մինչեւ Իսակովի ժամանակաշրջան

Այսպիսով՝ երեք տարի անց պարոն Աղաջանյանը որոշում է վերականգնել ոչ միայն գողացված խարիսխը, այլեւ՝ արդարությունը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Այաս» ծովային հետազոտությունների ղեկավար Կարեն Բալայանը: Նա tesaket.info-ին պատմեց, որ Իսակովի ծննդյան 125-ամյակի առթիվ օգոստոսի 25-ին իրենց կազմակերպությունը ՀԱՖ-ի հետ համատեղ իրականացնելու է մի յուրօրինակ միջոցառում, որի ընթացքում Սեւանում «Կիլիկիա» նավից դուրս են բերելու խարիսխը, որը հանդիսավոր ավտոշքերթով հասցնելու են Իսակովի արձանի մոտ, որտեղ էլ այն դրվելու է՝ գողացված խարիսխի փոխարեն: Նոր խարիսխը պատրաստված է պողպատից եւ 350 կգ է: «Դե թող փորձեն գողանալ»,-կատակեց պարոն Աղաջանյանը: Իսկ պարոն Բալայանը նշեց. «Այսպիսով փորձում ենք մեր պատմության ծովային հատվածը կապել համեմատաբար ժամանակակից շրջանի հետ՝ կիլիկյան շրջանը՝ իսակովյանի հետ»: Մեր զրուցակիցները շեշտեցին, որ սպասվում է ինքնատիպ միջոցառում, որի արդյունքում, վերջապես, արձանը նորից խարիսխ կունենա, եւ կմնա վերականգնել որոր թռչնի քանդակը, որը եւս արձանի մաս էր կազմում եւ նույնպես գողացվել է՝ որպես թանկարժեք մետաղ:

«Տեսակետ» մամուլի ակումբ

«Առավոտ» օրաթերթ, 

25.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031