Լրահոս
Օրվա լրահոսը

7:0-ով կյանքը հաղթած արտիստը

Հուլիս 26,2019 12:30

Վերջերս Ազգային ակադեմիական թատրոնում նշվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւի հոբելյանը, որի առիթով, ես՝ Գուրգեն Լոռեցիս, սրճարանում անսպասելի հանդիպեցի նրան եւ ոզնիաբար ողջունեցի. «Բարեւ, այսորի…»: «Ի՞նչ այսորի, ապեր, բոլորս էլ նույն օրի ենք, էլի…»:

Ու այսպիսի անսպասելի, հումորախառը զրույց տեղի ունեցավ.

– Հը, ո՞նց անցավ հոբելյանդ, մեծերի նման նշեցի՞ք… Խորհրդային տարիներին ավանդույթ կար, բան կար, թերթերը գրում էին, մշակույթի գործիչները հիշում, նշում էին իրենց հոբելյանները, լրագրողներին հրավիրում էին:

– Ես այն կարծիքին եմ, որ մեծերի մասին պիտի միայն մեծերը խոսեն, բայց կարող եմ որոշ բաներ հիշել խորհրդային արվեստագետների մասին: Երբ 70-ական թվականներին չէին նշել Մհեր Մկրտչյանի 60-ամյակը, Սոս Սարգսյանը «Սովետական արվեստ» ամսագրում հանդես եկավ. «Ախր, մենք իրար բան ունեինք ասելու» մի հրաշալի հոդվածով, որտեղ անդրադառնում էր դերասաններին, արվեստի գործիչների մասին, որ նրանք ամեն օր միասին են, ուստի իրար ավելի շատ են տեսնում, քան իրենց ընտանիքի անդամներին, բայց ժամանակ չեն գտնում միմյանց բան ասելու: Հոբելյանները հենց դրա համար են, որ ընկերները, հարազատները իրենց չասված խոսքն ասեն»: Եվ հոդվածում մանրամասն ներկայացվում էր Մհեր Մկրտչյան արվեստագետի ստեղծագործական ճանապարհը:

– Ժամանակները փոխվել են. հոբելյանական երեկոները անցկացվում են տարբեր մոտեցումներով, այլ չափանիշներով…

– Ես շնորհակալ եմ, որ Մայր թատրոնը իմ 70-ամյակին մի ամբողջ ներկայացում նվիրեց (Շիրվանզադեի «Պատվի համարը»), որի ավարտին ստեղծագործական կազմը՝ գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի հետ միասին հիշեցին եւ շնորհավորեցին ինձ:

– Երիտասարդ տարիներին աշխատել ես Սունդուկյան թատրոնի դերասանների հետ, ինչպիսի՞ փոխհարաբերություններ էին մեծերի եւ երիտասարդների միջեւ:

– Անկասկած մենք գտնվում էինք նրանց ուշադրության եւ հոգատարության կենտրոնում: Հիշում եմ, երբ ինձ բանակ զորակոչեցին՝ Վ.Աճեմյանը, Գ. Ջանիբեկյանը, Խ. Աբրահամյանն ու Մ. Մկրտչյանն իրենց պարտքը համարեցին ինձ համար ոչ միայն դիմել, այլեւ այցելել Հայաստանի զինկոմիսարիատ, որպեսզի ինձ տարկետում տրամադրեն: Երբ նրանք հեռացել էին զինկոմիսարիատից, կոմիսարը կանչեց ինձ եւ ասաց. «Եթե Թաթուլ Դիլաքյանը եկած չլիներ, դու կզորակոչվեիր»: Ես գիտեի, որ Դիլաքյանը նրանց հետ չի եղել, պարզապես մեծն Աճեմյանին շփոթել էր Թաթուլի հետ, որն այդ տարիներին մեծ հեղինակություն էր վայելում:

– Գիտենք, որ ծնվել, մեծացել ես գյուղում, ջրվորի ընտանիքում, հայրդ ո՞նց ընդունեց դերասան դառնալու որոշումդ:

– Հիշում եմ՝ բահը ձեռքին կանգնած էր այգում: Մոտեցա եւ ասացի. «Պապ, դու գիտե՞ս՝ որոշել եմ դերասան դառնալ»: «Դա ի՞նչ բան է, բալես»: «Պապ, մարդն իր քրտինքով աշխատած փողից ամեն երեկո մի ռուբլի պիտի տա՝ գա ինձ նայի»: Հայրս զարմացած նայեց ինձ, չհասկանալով, թե դա ինչ փեշակ է. «Վա՛յ, ես նրա հերն անիծեմ, ով որ փող տա ու գա քեզ նայի»: Ասեց, բահն ուսն առավ ու գնաց: Հիմա, երբ ամեն անգամ բացվում է վարագույրը եւ ականջիս են հասնում հանդիսատեսի ծափերը, հայրս աչքիս առաջ է հայտնվում:

– Հայրդ քեզ տեսա՞վ բեմում:

– Հա: Մի անգամ: Աճեմյանը բեմադրում էր «Հանրապետության նախագահը» ներկայացումը: Մտավ դահլիճ ու անմիջապես զգաց, որ օթյակում մարդ կա նստած: Հարցրեց՝ «էդ ո՞վ է վերեւում նստած»: «Հայրս է, գյուղից է եկել, որ ինձ համար կոստյում առնենք»: «Լավսանից, լավսանից կառնեք»,- կատակեց Աճեմյանը եւ սկսեց փորձը: Ուղիղ կես ժամ փորձեց մի տեսարան, որտեղ Ավետ Մարկիչը հողի վրա հող էր ցանում, խաբելով՝ իբր սերմացու է ցանում: Այդ տեսարանը Աճեմյանը փորձեց 15-20 անգամ՝ տարբեր մոտեցումներ առաջարկելով, տանջելով Ավետ Ավետիսյանին: Երբ փորձն ավարտվեց, ես մոտեցա հորս. «Լա՞վ մասնագիտություն էր դերասանի մասնագիտությունը»: «Չէ, տղա ջան, այ էն կարճ մարդու փեշակն է լավը»: «Ինչի՞ պապ»: «Այ տղա, որ ուզենա մերդ կլացացնի՝ 100 անգամ կնստացնի- կբարձրացնի, կնստացնի՝ կբարձրացնի…»:

Զրույցի պահին, գարեջրով լի բաժակները ձեռքին, մատուցողը սիրալիր ժպիտով մոտեցավ մեզ եւ ճանաչելով Խոսրոեւին, ասաց. «Երեկ հեռուստատեսությամբ տեսանք՝ նշում էիք Ձեր հոբելյանը»: Ընկերս շնորհակալություն հայտնեց: Երբ մատուցողը հեռացավ, ես էլ սրճով ու գարեջրով շնորհավորեցի ընկերոջս հոբելյանը, որն ինձ վրա նստեց 4000 դրամ: Ստիպված վճարումը ապառիկ ձեւակերպեցի, որի մասին Խոսրոեւը այդպես էլ չիմացավ, բայց խոստանում եմ (ոչ պատգամավորական) այդ մասին հայտնել նրան 90-ամյակի առթիվ, Մայր թատրոնի բեմից:

ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031