Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միշտ էլ ոչ մի սովորած էլ հետ չի գալիս գյուղ»

Հուլիս 26,2019 13:00

Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը` համայնքի եւ Ահնիձորի մասին

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքը մարզկենտրոնից գտնվում է 38, մայրաքաղաքից` 150 կմ հեռավորության վրա: Այն ներառում է Թումանյան քաղաքը եւ 6 գյուղեր` Աթան, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Քարինջ եւ Մարց: Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Ալավերդի, Հաղպատ, Ծաղկաշատ, Դսեղ, Ծաթեր, Այգեհատ, Օձուն համայնքներին եւ ՀՀ Տավուշի մարզին:

Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը` խոսելով Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձորի մասին, որտեղ հյուրընկալվել էինք, ասաց, որ այն 250 բնակիչ ունի, մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: «Բայց մեծ ծրագրեր ունենք, որն ուզում է կյանքի կոչել Հրանտ Մաթեւոսյանի որդին` Դավիթ Մաթեւոսյանը: Մենք էլ ենք աշխատանքներ տանում: Ցանկանում ենք տուրիզմը զարգացնել, գյուղում գտնվող հին շենքը վերականգնել եւ հյուրատուն կառուցել»,-ասաց համայնքնի ղելավարը:

Հավելեց, որ զբոսաշրջության զարգացման համար հրաշալի հնարավորություններ կան, ինչպես չքնաղ բնությունը, այնպես էլ էկոլոգիապես մաքուր սնունդը: Նրա խոսքով, գյուղի հիմնական խնդիրը ճանապարհն է. «Այս ճանապարհով մարդիկ մեկ անգամ գան, երկրորդ անգամ չեն ցանկանա գալ: Եթե ճանապարհի հարցը լուծվի, տուրիզմը շատ արագ կզարգանա: Բնակչությունը հասկացել է, որ կաթնամթերքը եւ միսը թանկացել են, դրա համար արդեն սկսել են ավելի շատ անասուն պահել»:

Լուսանկարը՝ Ինգա Գեւորգյանի

«Առավոտի» հարցին` Ահնիձորի բնակիչներն արդյոք կարողանո՞ւմ են իրացնել միսն ու կաթը, Լեւոն Զավարյանը պատասխանում է, որ կաթը վերամշակում են եւ պանիր են դարձնում, հիմնականում Վանաձոր եւ Ալավերդի են տանում:

Հարցրինք` Ահնիձորից քաղաք սովորելու մեկնած երիտասարդներն արդյոք վերադառնո՞ւմ են, Լեւոն Զավարյանը պատասխանում է. «Միշտ էլ ոչ մի սովորած էլ հետ չի գալիս գյուղ: Նախկինում այստեղից Ռուսաստան էին մեկնում, հիմա Երեւան, որոշ մասն էլ Վանաձոր»:

Համայնքի ղեկավարն ասում է, որ Ահնիձորի դպրոցում 20-22 երեխա է սովորում, բազմակոմպլեկտ դասարաններում են սովորում: Մեկ առաջին դասարանցի ունեն, ավարտել է մեկ 9-րդ դասարանցի: Նա հայտնեց, որ նախկին գյուղապետի օրոք նախակրթարան էր բացվել, որի համար օգտագործում են արեւի էներգիան, կառուցել են ավտոկանգառ, շուտով մեքենա են ունենալու, որը միջհամայնքային փոխադրումներ կիրականացնի գրաֆիկով: «Մի խոսքով, երեք տարվա մեջ լուրջ աշխատանք է կատարվել, պետք է այնպես անենք, որ գյուղացին չգնա քաղաք»,-կարծում է մեր զրուցակիցը:

Մեր հարցին` խոշորացման արդյունքում Ահնիձորի նման համայնքն արդյոք շահե՞լ է, թե՞ տուժել, Լեւոն Զավարյանը պատասխանեց. «Այս համայնքից հավաքագրումն ընդամենը մեկ միլիոն է, բայց արդեն 10-յակ միլիոնների ծախսեր ենք արել այս գյուղի վրա……Հանդիսությունների տուն, նախակրթարան, ջրագիծ ունենք 5 միլիոնի, որ շատ շուտով կհաստատվի: 30 տարի շարունակ գյուղերում ոչինչ չի արվել, այժմ բոլոր գյուղերում ահագին աշխատանքներ են կատարվում»:

Հավելենք, որ Ահնիձոր գյուղը պատմական արձանագրություններում հիշատակվում է դեռեւս 16-17-րդ դարերից: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատ եւ Սանահին գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներ են եղել։ Գյուղում կա 13-րդ դարի եկեղեցի, իսկ գյուղի շրջակայքում` 10-ից ավելի խաչքարեր: Ահնիձորը հարուստ է վայրի բերքատու ծառերով եւ բնական աղբյուրներով: Գյուղի տարածքով է անցնում Ահնիձոր գետը, որը միախառնվում է Մարցին։ Գյուղում կա հանրակրթական դպրոց, բուժկետ, մշակույթի տուն եւ գրադարան:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031