Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կուզենամ տեսնել այն տղամարդուն, որը կարող է կանգնել իմ դիմաց եւ ասել, որ պատրաստ է ինձ այրել եւ մորթել»

Հուլիս 26,2019 13:30

«Մեր փորձագետներին հանձնարարված է` շատ արագ աշխատել` պլեբլեսցիտի, այսինքն`հարցման մասին օրենքի նախագիծ պատրաստելու վրա, որպեսզի, եթե մենք ժամանակի մեջ հասցնենք, քանի որ չգիտեմ, թե Ստաբուլյան կոնվենցիան ե՞րբ է կառավարությունը քննարկելու, այդ հարցը դնենք պլեբլեսցիտի: Պլեբլեսցիտը հանրաքվե չէ, այն առումով, որ այդ հարցման արդյունքներն իրավական ուժ չունեն, բայց եթե ժամանակի առումով հասցնենք եւ խորհրդարանական մեծամասնությունը տա իր համաձայնությունը` կոնվենցիան դնենք հարցման: Ինչի՞ց ենք վախենում: Դնենք հարցման, թող հանրությունն իր տեսակետն ասի»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկին Զոհրաբյան, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել, կոչեր են հնչում` ուղղված պատգամավորներին, որ չվավերացնեն այդ փաստաթուղթը: Այն արդեն պաշտոնապես շրջանառվո՞ւմ է խորհրդարանում:

– Անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ առաջացած այս աղմուկը, որովհետեւ այդ փաստաթուղթը ոչ միայն չի շրջանառվում խորհրդարանում, այլ, մինչեւ խորհրդարան գալն այդ փաստաթուղթը բազմաթիվ ընթացակարգեր պետք է անցնի: Նախ` այդ փաստաթուղթը պետք է քննարկվի կառավարության նիստում, որից հետո պետք է ուղարկվի ՍԴ եւ միայն ՍԴ-ից դրական եզրակացություն ստանալուց հետո, Ստամբուլյան կոնվենցիան կարող է գալ Ազգային ժողով: Ես հասկանում եմ, թե ինչի՞ համար են այդ կոնվենցիայի շուրջ այս էմոցիոնալ ֆոնը փորձում ապահովել տարբեր շահագրգիռ սոցիալական խմբերի կողմից: Բայց Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում չէ եւ միայն ՍԴ-ի դրական գնահատականից հետո այն կարող է գալ ԱԺ`քննարկման:

– Արդեն մի քանի օր խորհրդարանի բակում ստորագրահավաք է ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, որին միացել են հանրային ճանաչում ունեցող շատ մարդիկ, նախկին պաշտոնյաներ: Ի դեպ, դատաիրավական համակարգում նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Գեւորգ Դանիելյանն, ով նույնպես միացել է ստորագրահավաքին, առաջարկում է, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի փաստաթուղթը` բերելով նաեւ դրա իրավական հիմքերը, որպեսզի հնարավոր լինի վավերացումը կասեցնել: Դուք ծանոթացե՞լ եք կոնվենցիային, իբրեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ի՞նչ տեսակետ ունեք:

– Կոնվենցիային, բնականաբար, ծանոթ եմ, բայց որպեսզի իմ տեսակետը չնկատվի պրեսսինգ կոնվենցիայի` կողմ եւ դեմ հատվածների վրա, իմ տեսակետը կհնչեցնեմ ավելի ուշ` քննարկումների ժամանակ: Եթե ՍԴ-ն կոնվենցիային տա դրական եզրակացություն, ենթադրում եմ, որ գլխադասային հանձնաժողովը լինելու է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Ես իմ տեսակետը, որպես պատգամավոր եւ որպես քաղաքացի, բնականաբար, հնչեցնելու եմ: Ավելին, մինչեւ խորհրդարանի լիագումար նիստում քննարկվելը, կարծում եմ, որ այդ կոնվենցիան մի քանի խորհրդարանական լսումներ պետք է անցնի: Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է հրավիրվեն խորհրդարան եւ իրենց տեսակետը ներկայացնեն:

Ես ցավում եմ, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս, որ այդ հարցը դրվի հանրաքվեի: Եվ երբ մենք ասում ենք` «ժողովրդի կառավարություն», «ժողովրդի իշխանություն», ես կուզենայի լսել ժողովրդի տեսակետը:

Ավելին, հիմա մեր փորձագետներին հանձնարարված է` շատ արագ աշխատել` պլեբլեսցիտի, այսինքն` հարցման մասին օրենքի նախագիծ պատրաստելու վրա, որպեսզի, եթե մենք ժամանակի մեջ հասցնենք, քանի որ չգիտեմ, թե Ստաբուլյան կոնվենցիան ե՞րբ է կառավարությունը քննարկելու, այդ հարցը դնենք պլեբլեսցիտի: Պլեբլեսցիտը հանրաքվե չէ, այն առումով, որ այդ հարցման արդյունքներն իրավական ուժ չունեն, բայց եթե ժամանակի առումով հասցնենք եւ խորհրդարանական մեծամասնությունը տա իր համաձայնությունը` կոնվենցիան դնենք հարցման: Ինչի՞ց ենք վախենում: Դնենք հարցման, թող հանրությունն իր տեսակետն ասի:

Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումը հայտնելու` հանրային հնչեղություն ունեցող եւ ցանկացած այլ հարցի վերաբերյալ: Կան Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցներ, կան Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդներ. հասարակության երկու հատվածն էլ ունեն իրավունք` մեկը պաշտպանելու, իսկ մյուսը` փորձելու օբյեկտիվորեն հիմնավորել, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեկուզ միայն այն պատճառով, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է երկու հստակ հասկացություն` կին եւ տղամարդ:

– Հանրային տարբեր շրջանակներում մտահոգություններ են առաջացրել կուլիսային այն տեղեկությունները, որ իշխանությունները կոնվենցիան վավերացնելու խոստում են տվել: Նաեւ մամուլում, այս օրերին հրապարակումներ կան, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, երրորդ սեռի իրավունքների պաշտպանության վարչություն է ստեղծվելու:

– Երբ պաշտոնապես այդ ամենը կհաստատվի եւ կառավարությունը կտա հստակ գնահատականներ ու պարզաբանումներ, միայն այդ ժամանակ ես կարող եմ իմ գնահատականները հնչեցնել:

Թող որեւէ մեկը չկասկածի` կանանց նկատմամբ բռնությունների հարցում պայքարելու իմ վճռականությանը: Ես ամեն օր, տարբեր մարդկանց նման, որոնց նպատակը ոչ թե այդ կանանց օգնելն է, այլ տարատեսակ գրանտներ ստանալը, հայտարարություն չեմ անում այն մասին, թե բռնության ենթարկված քանի կին է ինձ դիմում, քանի կնոջ ենք կարողանում օգնել, քանիսին ենք կարողանում հոգեբանական, սթրեսային վիճակից հանել, քանիսին ենք կարողանում ուղղակի առեւանգել ամուսնու ձեռքից ու պահել ապահով տեղում: Որեւէ մեկի մտքով անգամ հանկարծ չանցնի այդ հարցում իմ անկեղծությանն ու վճռականությանը կասկածել, բայց ինչ վերաբերում է բուն կոնվենցիային, երբ ՍԴ-ն իր խոսքը կասի եւ այն կգա մեր հանձնաժողով` մենք հանրային քննարկումներ կանենք, կհրավիրենք բոլոր խավերին, նաեւ սոցիալական այն խավին, որը Ստամբուլյան կոնվենցիայի երդվյալ կողմնակիցն է, քանի որ բոլորն էլ իրենց տեսակետները հնչեցնելու իրավունք ունեն, իսկ քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի կամոք կկայացնի իր որոշումը` ինչպե՞ս քվեարկել կոնվենցիային:

– Սոցիալական ցանցերում Ձեր նկատմամբ ԼԳԲՏ համայնքի կողմից շարունակվում են, այսպես ասած, ճնշումները: Ավելին, այդ համայնքի պաշտպաններից մեկն անգամ կոչ էր արել` ձեզ այրել, մորթել եւ վտարել երկրից: Դուք հրաժարվել էինք ոստիկանություն դիմել: Իսկ ոստիկանությունն արձագանքե՞լ է:

– Ես այս պահին շատ փակագծեր չեմ բացի նման կարգի սպառնալիքների մասով: Ընդամենը կկրկնեմ այն, ինչ-որ ասել եմ. չկա այս երկրում որեւէ մեկը, որը կարող է ինձ սպառնալ, որը կարող է ինձ վախեցնել: Իմ վախը վաղուց չափված է: Ես իմ սկզբունքներից երբեք չեմ հրաժարվելու, ես իմ կյանքը կզոհաբերեմ իմ սկզբունքների եւ իմ գաղափարների համար: Եթե ինչ-որ համայնք մտածում է, որ կարող է ինձ սպառնալ, կարող է ինձ վախեցնել, կարող է միջազգային բոլոր ատյաններ իմ դեմ ինչ-որ ուղերձներ եւ նամակներ հղել, ես հերթական անգամ իրենց պիտի հիասթափեցնեմ` զուր են ձեր բոլոր ջանքերը, դուք ավելորդ էներգիա եք ծախսում` ինձ սպառնալու, այրելու եւ մորթելու կոչեր անելով, որովհետեւ, իհարկե, այդ բառը վերջին շրջանում շատ է շահարկվել, բայց իմ դուխն էլ է տեղը, իմ սկզբունքայնությունն էլ է տեղը, վճռականությունն էլ է տեղը: Ես կուզենամ տեսնել այն տղամարդուն, որը կարող է կանգնել իմ դիմաց եւ ասել, որ ինքը պատրաստ է ինձ այրել եւ մորթել:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

25.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031