Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ն եւ ԱՄՆ-ը դեռ հեռու են ռազմավարական համագործակցության հնարավորությունից. Սոս Ավետիսյան

Հուլիս 25,2019 20:12

Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների համար մեր զրուցակիցը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը եւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությունը, խոչընդոտ չի համարում

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Հայաստանի համար շատ կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ծրագիր ունենալը, մանավանդ, որ ԱՄՆ-ը նման ծրագրեր ունի մեր երկու հարեւանների`Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:

Հիշեցնենք, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Վերջինս, հիշեցնենք, «Ամերիկայի Ձայն»-ի  հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ:

Aravot.am-ի հետ զրույցում իշխող ուժը ներկայացնող խորհրդարանական խմբակցության պատգամավորը հիշեցնում է, որ վերջերս ԱՄՆ-ից բավականին բարձրաստիճան պատվիրակություն էր գտնվում Հայաստանում եւ քննարկումների ժամանակ խոսք էր գնում ԱՄՆ-ՀՀ ռազմավարական երկխոսության մասին. «Ես կարծում եմ, նախ երկխոսությունը պետք է տեղի ունենա, հետո նոր ռազմավարական գործընկերության հարցերը բարձրացվեն: Ռազմավարական երկխոսության արդյունքը հետագայում պետք է դառնա ռազմավարական գործընկերության հիմք»: Սոս Ավետիսյանն իրապես կարեւոր է համարում, որ ԱՄՆ-ում գնահատվի ժողովրդավարության նկատմամբ Հայաստանի ձգտումը եւ հասկանան, որ դա մեզ համար արժեքավոր եւ ամենակարեւոր հարցն է ու այն դուրս է աշխարհաքաղաքական հաշվարկներից:

Ֆրանք Փալլոնը դեմոկրատ կոնգրեսական է, իսկ այդ թեւը Կոնգրեսում որոշումների ընդունման հարցում քիչ ազդեցություն ունի: Այս համատեքստում, մեր զրուցակիցը կարեւորում է այն, որ կարողանանք ԱՄՆ-ՀՀ համագործակցության այդ ձեւաչափն ընկալելի դարձնել նաեւ կոնգրեսական հանրապետականների համար, որպեսզի գործընթացներն իրական զարգացման հարթություն տեղափոխելու հնարավորություն լինի: Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ ավանդաբար ընդունված է եղել, որ էթնիկ փոքրամասնության լոբբիստները դեմոկրատների հետ են ավելի սերտ համագործակցել: Բայց, քանի որ ԱՄՆ-ում էլ է իրավիճակ փոխվել, նա հույս ունի, որ այս մասով էլ համագործակցությունների նոր հնարավորություններ կբացվեն:

Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների համար մեր զրուցակիցը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը եւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությունը, խոչընդոտ չի համարում: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հիմքում, ըստ նրա կարող են լինել տնտեսական կապերը: Այս համատեքստում, նա վստահ է, որ Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները շատ լավ հասկանում են մեր երկրի այս կամ այն պարտավորվածությունները եւ որեւէ հարաբերություն պետք չէ դիտարկել աշխարհաքաղաքական վայրիվերումների տրամաբանության մեջ. «Այլ զուտ այն տրամաբանության մեջ, որ կա երկիր, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները անկյունաքարային են եւ այդ արժեքների համար այդ երկիրը պետք է ունենա ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն: Իսկ ռուս գործընկերների հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ոչ մի դեպքում մեկ այլ երկրի հետ հարաբերություններն ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների չպետք է լինեն: Ավելին, դրանք պետք է փոխլրացնող լինեն: Փոքր պետության տեսանկյունից, մենք չպետք է ընկնենք այս կամ այն աշխարհաքաղաքական խաղարկումների մեջ, այլ մեր ազգային շահը պետք է պահպանենք այնպես, որ ունենանք այդ հավասարակշռումը»:

Ողջունելով ամերիկացի կոնգրեսականի աշխատանքը, «Իմ քայլի» պատգամավորը նկատում է, որ այդ նախաձեռնությունն իրականություն դարձնելու եւ հստակություն մտցնելու համար, դեռ բավական աշխատանք պետք է տարվի`մեր բոլոր գործընկերների համար, որպեսզի որեւէ մեկի մոտ վախեր կամ մտահոգություններ չառաջանան: Նա փաստում է, որ բոլոր համագործակցությունները մնալու են Հայաստանում իշխող ուժի այն ծրագրի շրջանակներում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում: Բայց Հայաստանի արտաքին քաղաքականության իրենց ստացած ժառանգությամբ եւ ճարտարապետությամբ, կարծում է, որ շատ անելիք ունեն. «Եթե ասենք ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմը լիբերալիզացվեն կամ ԱՄՆ-ի հետ կարողանանք մեր քաղաքացների համար լավ վիզային ռեժիմ ստանալ`հո խնդիր չի՞: Կամ, եթե լավ առեւտրատնտեսական կապեր ունենանք, այլընտրանքային էներգետիկայի ոլորտում համագործակցենք: Հայաստանը միշտ էլ կարողացել է հարաբերությունները բալանսավորել աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ եւ դա պետք է շարունակել, որովհետեւ դա է Հայաստանի շահը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031