Լրահոս
Օրվա լրահոսը

Բուռն բանավեճ` Ստամբուլյան կոնվենցիայի քննարկմանը. «Կինն ու տղամարդը հոսանքի պլյուսն ու մինուսն են»

Հուլիս 25,2019 19:03

Հուլիսի 25-ին   Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգում, որը վարում էր ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները եւ կոնվենցիայի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, զեկուցողն էլ ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանն էր: Նա ներկայացրեց կոնվենցիայի այն կետերը, որոնք վիճահարույց են համարվել Հայաստանում:

 Մանրամասն` տեսանյութում

Ինչպես եւ սպասվում էր, հարցի քննարկման ժամանակ կրքերն այնքան բորբոքվեցին, որ Վազգեն Մանուկյանը կոչ արեց նիստը հանրահավաքի չվերածել:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ երբ 2017-ին ԱԺ-ն պետք է օրենք ընդուներ կանանց բռնության մասին, Հանրային խորհուրդը որոշ կետերի դեմ էր կանգնել, եւ օրենքի նախագծում փոփոխություններ էին կատարվել ու ներառվել էին ՀԽ բոլոր առաջարկները, մինչդեռ կոնվենցիայի դեպքում հնարավոր չէ փոփոխություններ կատարել, այն կամ վավերացնում են կամ չեն վավերացնում: Նրա խոսքերով, կոնվենցիայի կետերն այնպես պետք է ձեւակերպված լինեն, որպեսզի չխաթարեն մեր ազգային սովորությունները, նկարագիրը: Եղան կարծիքներ, որ պետք է ձեռնպահ մնալ կոնվենցիան վավերացնելուց, եղան նաեւ վավերացնելուն կողմ կարծիքներ:

Աիդա Թոփուզյանը նշեց, որ եթե մեր երկիրը վավերացնում է Ստամբուլյան կոնվենցիան, դա վճռորոշ դեր է ունենում այն հարցում, ՀՀ օրենսդրությունը փոփոխվի: Նա կարծիք հայտնեց, որ  պետք է հետ կանչել փաստաթղթի տակ եղած մեր երկրի ստորագրությունը, եւ ինքը դեմ է կոնվենցիայի վավերացմանը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի ձեւակերպմամբ, ՀԽ-ն իր դերակատարության համատեքստում պետք է դիտարկի Ստամբուլյան կոնվենցիան եւ հասարակության մեջ աշխատի կայունացման ու դրականի չափաբաժինն ավելացնելու ռեժիմով: Նա նաեւ հավելեց, որ խոսել է լուրջ իրավաբանների հետ, հարցրել` արդյոք հակասություն կա՞ կոնվենցիայի ու մեր Սահմանադրության միջեւ, իրեն պատասխանել են` եթե անգամ մեկ կետ հակասում է, ուրեմն պետք է հետ կանչել մեր երկրի ստորագրությունը: «Եթե հասարակության մեջ դեպի կոնվենցիան լարումը մեծանում է, շատ կարեւոր կլինի այդ լարումը իջեցնելը: Առանց այն էլ լարվածության կետերը մեր պետությունում շատանալու են, եւ եթե ՀԽ-ն ի զորու է ինչ-որ բան անել, ապա պետք է շատ արագ այդ կետերի թիվը պակասեցնել»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում 

Կոնվենցիայի վավերացմանը խիստ դեմ արտահայտվեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, եթե մի կետ անգամ անընդունելի է, ուրեմն ամբողջ կոնվենցիան ընդունելի չէ: Նաթան սրբազանն ընդգծեց, որ լինելով Քրիստոսի եկեղեցու սպասավոր, կարեւորում է քրիստոնեական արժեքները եւ դրանց վրա հիմնված բարոյականությունը: Նա տարակուսանք հայտնեց. «Եթե մի օր քարոզով հանդես գամ Սոդոմ-Գոմորի մասին, ուրեմն պետք է ադմինիստրատիվ տույժի կամ քրեական պատժի՞ ենթարկվեմ»: Նրա խոսքերով, նույն տրամաբանությամբ, իրեն կարող են մեղադրել նաեւ անհանդուրժողականություն եւ բռնություն քարոզելու մեջ, երբ հղում անելով պատմիչներին` խոսի Պապ թագավորի թուլություններից ու մեղքերից:

«Կինն ու տղամարդը մեր կյանքում հոսանքի պլյուսն ու մինուսն են, ու եթե նրանք հավասարվում են, կարճ միացում է տալիս: Իսկ կոնվենցիան մի հրաշալի պանիր է, որը թակարդում է»,-ասաց սրբազանը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին զայրույթ պատճառեցին Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ որոշ տպավորություններ, նա շեշտեց, որ այն ամենը, ինչ կա կոնվենցիայում, առկա է նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ, եւ տարօրինակ է, որ մարդիկ այլ մեկնաբանություններ են անում: Նա ասաց, որ կոնվենցիայում երրորդ սեռի մասին խոսք անգամ չկա, եւ չարժի կոնվենցիայի անվան տակ քննարկել բաներ, որոնք այնտեղ չկան:

«Ստամբուլյան կոնվենցիան որեւէ իրավունք որեւէ մեկի համար չի ավելացնում, այն ընդամենը ավելացնում է պետության պատասխանատվությունը»,-նշեց Ստյոպա Սաֆարյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031