Փորձենք դիտարկման ենթարկել մեր ժողովրդի անցած ճանապարհը նորանկախ Հայաստանում՝ մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը: Անկախության հռչակումից հետո խորհրդային բոլոր կապերը, կարգերը սկսեցին աստիճանաբար մարել, որն ակամայից բերեց հանրապետությունում աշխատող բացառապես բոլոր ձեռնարկությունների կանգառին, որն ինչպես խորհրդային մնացած երկրներում, Հայաստանի տնտեսությունը ևս լրիվ ենթարկեց կոլապսի՝ իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Հանրապետության բոլոր գործարաններն ու ձեռնարկությունները, որոնց աշխատանքը կապված էր խորհրդային մյուս հանրապետությունների հետ, պարտադրված դադարեցրին իրենց աշխատանքը, քանզի վերացավ Խորհրդային Միությունը, որի արդյունքում դադարեցին գործել բոլոր հորիզոնական ու ուղղահայաց կապերը և բնականաբար պետք է փակվեին նաև նրա կառուցվածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունները: Խորհրդային բոլոր հանրապետությունները՝ դրանց թվում նաև Հայաստանը շոկի մեջ էին, քանզի բոլոր հանրապետություններում էլ տնտեսությունները լրիվ կանգ էին առել և բոլորի մոտ նույն գերհարցն էր դրված. ինչ անել, ինչպես փրկել իրավիճակը…:
Իհարկե, փաստացի ամեն ինչ վերջացած էր, սակայն փորձ էր արվում գոնե անձերի մակարդակով, եղած կապերով, որքան հնարավոր է երկարաձգել բազմաթիվ թելերով փոխկապակցված այդ ձեռնարկությունների աշխատանքը, որը, ցավոք, շատ կարճ ժամանակ տևեց ու վերջնականապես դրանք ևս կանգ առան: Պետք էր անհապաղ որդեգրել նոր մոտեցումներ այդ երկրների տնտեսություններն աստիճանաբար ոտքի կանգնեցնելու և դրանց հետագա կենսագործունեությունն ապահովելու համար: Արդեն պետություն չկար և միակ ճանապարհը՝ մասնավորը պետք է իր ձեռքը վերցներ պետության ֆունկցիաները: Բնական է, որ նման դեպքում առաջին քայլը պետք է լիներ պետության միջոցների մասնավորեցումը՝ սեփականաշնորհումը, որն էլ սկսեց մեծ թափ առնել: Չխորանալով իշխանավորների և բազմազան այլ պաշտոնյաների իրականացված «հանճարեղ» մանիպուլյացիաների մանրամասների մեջ, նշենք միայն, որ այն ինչ տեղի ունեցավ սեփականաշնորհման անվան տակ, ընդհանրապես կապ չուներ սեփականաշնորհում բառի բովանդակության հետ, այն ընդամենը վարպետորեն կազմակերպված թալան էր:
Ում ձեռը դանակ կար, նա էլ հեշտորեն՝ առանց խոչընդոտների կտրում էր դմակը, այսինքն` ովքեր պաշտոնյա էին ու փողատեր, նրանք էլ պետության ողջ ունեցվածքը կոպեկներով ձեռք բերեցին, ժողովրդին հրելով կողքի ու թողնելով լրիվ ձեռնունայն: Այդ գործընթացի մասին կարելի է բազմաթիվ հատորներով գրքեր գրել, սակայն բավական է միայն մեկ թիվ հրապարակել, որպեսզի մեր ուխտի ականջում քնած ժողովրդին պարզ դառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել ու իրենց պապերի տարիների քրտինքով արարած ունեցվածքը ում է բաժին հասել և ինչպես: Երևանի ամենափոքր կենտրոնում շենք շինությունները սեփականաշնորհվել են մեկ քմ-ը 5000 դրամով և այդ ամենը բաժին է հասել այն պաշտոնյաներին ու փողատերերին, ովքեր տեղեկացված են եղել դրա մասին, իսկ մի շարք՝ ռանգով ավելի բարձր պաշտոնյաներ ևս դուրս են մնացել նմանատիպ գործընթացից, քազի այդ տիրույթը կամ նրանց չի հետաքրքրել, կամ տեղեկացված չեն եղել, կամ էլ նրանք զբաղված են եղել իրենց կուրացիայի տակ եղած օբյեկտների «սեփականաշնորհման» հարցերով, որի պատճառով նրանց ժամանակն ուղղակի չի բավարարել, կամ էլ, որքան էլ որ կարող է զարմանալի թվալ, նրանք եղածով բավարարվել են: Կախված նրանից, թե որ ինֆորմացիան որքանով է բաց եղել, բազարները եղել են զուտ դրանում առկա օբյեկտների վրա՝ սկսած ահռելի գործարաններից, վերջացրած պետական ավտոտնակներից:
Ագահությունն այնքան էր շլացրել այդ իրավասու պաշտոնյաներին, որ նրանք գործել են ամենավերջին անամոթի նման և թույլ չեն տվել անգամ, որպեսզի մի քանի ավտոտնակ բաժին հասնի բազում տարիներ աշխատած և հենց այդ ավտոտնակներում իրենց վարած մեքենաները կայանած վարորդներին: Կարճ ասած, այդ ժամանակ սեփականաշնորհման գործընթացի սկզբունքը հետևյալն է եղել. ոչ մի չոփ թշնամուն՝ ժողովրդին: Սա ընդամենը երկու բառով այդ թալանի՝ «սեփականաշնորհման» թռուցիկ նկարագրությունն էր, որի ծալքերի մեջ խորանալու դեպքում այնպիսի անհավանական և ֆանտաստիկ անօրինականություններ կարելի է գտնել, որ անգամ աշխարհի ամենաբռնապետական երկրում նման կամայականությունները իսպառ բացառված են: Համոզված եմ, որ այդ գործընթացների հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր ու այլ հետքեր ոչնչացված են, սակայն եթե ներկա իշխանությունները գլուխ դնեն (իսկ ես կարծում եմ, որ դա չափազանց պարտադիր է), ապա նրանք գլուխները կբռնեն, նվազագույնը զարմանքից կուշաթափվեն և չնայած ԱԱԾ-ի չափազանց զբաղվածությանը, նրանք մոտակա տասնյակ տարիների ընթացքում ուղղակի գլուխ քորելու ժամանակ չեն ունենա: Կարծում եմ, դա հենց ԱԱԾ-ի թիվ մեկ գործառույթն ու սուրբ պարտականությունն է, քանզի խոսքը գնում է ազգային անվտանգության թիվ մեկ խնդրի՝ պետության և ժողովրդի ունեցվածքի մասին, որը կամայականորեն և առանց դիմակայությունների թալանվել է: Եվ եթե ուշադրություն սևեռենք այդ ժամանակահատվածի վրա, ապա պարզորոշ կնկատենք, որ հենց այդ տարիներին էր հայերի ամենամեծ արտագաղթը երկրից, որը բնավ պատահականության արդյունք չէ:
Կարդացեք նաև
Հայաստանը՝ Ամերիկա, Ռուսաստան կամ Չինաստան չէ, որ մարդիկ իրենց բնակության կամ աշխատանքային տիրույթում կատարվող իրադարձությունների մասին տեղեկացված չլինեն, սա մի բուռ Հայաստանն է, որտեղ համարյա բոլորն իրար ճանաչում են և կատարվող ամեն բան արագ տարածվում է, մանավանդ արտառոց՝ ոչ սովորական երևույթների վերաբերյալ տեղեկատվությունը: Եվ հենց այդ տարիներին էր, որ բազմաթիվ խելացի, մտածող, գործունյա, արդարամիտ հայեր պարզ տեսնելով սեփականաշնորհման անվան տակ տեղի ունեցող վայրագ թալանը, այն իրականացնողների ագահությունը, և դրանց դեմն առնելուն ուղղված քայլերի իսպառ բացակայությունը, նրանք արագ կողմնորոշվեցին, որ իրենք դույզն անգամ աղերս չունեն երկրի ղեկն իրենց ձեռքին վերցրած, նման որակի թալանչի հրոսակախմբի հետ ու մեծագույն ցավ ապրելով, իսկ շատ-շատերը նույնիսկ արտասվելով, նախընտրեցին պանդխտության ճանապարհը և զզված լքեցին իրենց հայրենիքը՝ անտեր թողնելով անգամ իրենց պապերի գերեզմաններն ու իրենց սուրբ օջախները: Հակիրճ ասած, դա ոչ այլ ինչ էր, քան Հայաստանում տեղի ունեցած և մինչև այժմ շարունակվող սպիտակ եղեռնի սկիզբը: Իսկ նրանք, ովքեր չգնացին կամ մինչև այսօր էլ մնում են, դա բնավ չի գալիս նրանց ավելի հայրենասեր լինելուց, դա ավելի շատ գալիս է նրանց չունեցած հնարավորություններից, քանզի հենց այսօր էլ, ով չնչին շանս ունենա, առանց երկար-բարակ մտածելու անմիջապես կլքի Հայաստանը, որովհետև Հայաստանի ապագայի վերաբերյալ ոչ միայն նրանց լավատեսությունը, այլև դրա վերաբերյալ հույսերն են լրիվ զրոյացել:
Եվ այս անհավասար վիճակը դարձավ նորանկախ Հայաստանի քաղաքացիների ապրելակերպի ստարտը: Փաստորեն, մարդկանց մի մասն ունեցան ամեն ինչ և գնալով այդ ամենն ընդլայնեցին ու տիրեցին տնտեսության բոլոր ոլորտներին և ողջ բիզնես դաշտին, իսկ մնացածները մնացին ունևորների կողմից գնած ու նաև լրացուցիչ հիմնադրած բանկերի տրամադրած վարկերի հույսին, որի հետևանքով էլ բնակչության ահռելի մեծամասնությունը կորցրել է իր ողջ ունեցվածքը և մինչև այսօր էլ ճկռում է վարկերի տոկոսների տակ: Գնալով, օր-օրի ժողովրդի շերտավորումն ակնհայտ էր դառնում և այսօր Հայաստանում գոյություն ունեն լոկ հարուստ ու աղքատ խավ, իսկ միջին խավ ոչ միայն գոյություն չունի, այլև դրա գոյության մասին հույսերն ընդհանրապես զրոյացված են: Բնական է, որ այս պայմաններում երկրում որևէ մրցակցության կամ զարգացման մասին խոսք գնալ չի կարող, այլ ընդամենը բևեռացումը գնալով խորանում է, որը բերում է աղքատության էլ ավելի աճին, որն էլ իր հերթին բերում է արտագաղթի աճին, որը պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար ուղղակի ողբերգություն է:
Եթե այս ամենին ավելացնենք այն աներևակայելի թալանը, որը տեղի է ունեցել վերջին 20-30 տարիների ընթացքում, ապա պարզ է դառնում, թե այսօր ինչ վիճակում են գտնվում Հայաստան երկիրը և նրա ժողովուրդը: Չցանկանալով խորանալ թալանի, կոռուպցիայի և կաշառակերության մեջ, նշենք միայն, որ այդ ժամանակահատվածի կտրվածքով մատներս որտեղ դնենք, անմիջապես կծակվի, այսինքն` ում ձեռքում ինչ շանս եղել է, զբաղված է եղել միմիայն թալանով, իսկ նման պայմաններում երկրի զարգացման, բարգավաճման մասին խոսելն ընդամենը ծիծաղելի է: Ահա այսպիսին է այսօր մեր երկրի իրավիճակը և լրիվ հասկանալի է, թե ինչպիսին կլինի նման երկրում ապրող, գործազուրկ, ավելի ճիշտ՝ ամեն ինչից զուրկ բնակչության վիճակը:
Չցանկանալով շատ ծավալվել, քանզի սա իրոք անվերջանալի թեմա է, փորձենք ընդամենը պատասխանել հոդվածի վերնագրում նշված հարցին. ինչ է սպասվում մեր ժողովրդին: Պատասխանում եմ. բացարձակապես ոչ մի լավ բան չի սպասվում մեր ժողովրդին, քանզի նրա մասին ընդհանրապես մտածող չկա: Իսկ այս առումով, եթե ինչ-որ բաներ էլ բարձրաձայնվում են, ապա դրանք լոկ դատարկ խոսքեր են: Հիշեցնեմ միայն, որ այս հարցի դասական պատասխանը իր հանրահայտ ասացվածքում ժողովուրդը վաղուց է տվել. եղունգ ունես, գլուխդ քորի…: Սա էլ իր բացատրությունն ունի. իշխանության համար կարևորը ժողովրդավարությունն է, այլ ոչ թե ժողովուրդը…
Անանիա Մաղաքյան