Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղն արդեն ավելի ուշ է լինելու

Հուլիս 25,2019 17:42
Hexapoxutyun

Մեր երկրում ստելը համարվել է փորձառության նշան, բոլոր նրանք, ովքեր կարողացել են փաստերը աղավաղել, ոչ մի բանի համար պատասխան չտալ, ակնհայտ չարիքը ներկայացնել բարիք, տասնամյակներով ղեկավարել են մեզ, իսկ երբ բացահայտվել է նրանց սուտը, դիմել են վերջին միջոցին՝վախեցրել են մեզ Ղարաբաղի կորստով և մենք լռել ենք հանուն հայրենիքի, իսկ իրենք շարունակել են թալանել:

Երևի թե այս ամենը երկար շարունակվեր, եթե 2016 թվականի ապրիլյան պատերազմը չլիներ, որտեղ մեր հերոսների անձնազոհության շնորհիվ կանգնեցվեց թշնամին և բացահայտվեց իշխանության վերջին նսեմությունը՝ սարսափելի իրողություններ մեր բանակի և սպառազինության հետ կապված: Դրանից հետո նրանք այլևս անկարող էին խաղարկել պատերազմող երկրի խաղաքարտը, քանի որ ներսից ծամել էին այդ բանակը: Մենք հասկացանք, որ իրական վտանգը նրանց մեջ է ու եթե նրանք մնան, ապա հայոց երկու պետությունները գոյատևելու հնարավորություն անգամ չեն ունենա:
2018 թվականի գարնանը իրավիճակը փոխվեց, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոտքի կանգնեց և ոչ ասաց նախկիններին, պահանջեց փոփոխություններ և մի պահ ցույց տվեց իր իրական եռանդը, այնպես, որ ողջ աշխարհը հիացավ մեր համախմբվածությամբ և քաղաքակրթությամբ: Ընդվզումը սկսած և թավշյա հեղափոխությունը ղեկավարած ուժը մեր ընտրությամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստանձնեց իշխանությունը, հին ռեժիմը մի պահ անհետացավ տեսադաշտից, սկսվեցին ակտիվ փոփոխություններ և ահա, երբ թվում էր, որ ամենը վերջապես ընթանում է իր հունով, սրընթաց թվացող փոփոխությունները սկսեցին դանդաղել:

Այս ամենը կարծես նմանվում է այն վտակին, որ առույգ կչկչալով թափվում է ահռելի ճահճի մեջ և փոխարեն առողջացնի այն իր թարմությամբ, վերածի լճի և շարունակի իր առողջ ճանապարհը ինքն է ճահճանում: Արդյունքում օրըստօրե կուտակվում են խնդիրները և ժողովուրդը սկսում է հիասթափվել, մեր և իշխանության միջև կարծես անջրպետ է գոյանում: Մենք կամաց-կամաց փորձում ենք կրկին միացնել ինքնախաբեության ռեժիմը: Սարկազմը կայանում է նրանում որ, ձեզ՝ հարգելի՛ ընտրված լեգիտիմ իշխանություն, արդեն քննադատում են մերժվածները և հանուն իրականության պետք է ասել, որ նրանք խոսելու բարոյական իրավունք չունենալով հանդերձ, կամա թե ակամա հայտնում են իրականության հետ առնչվող երևույթներ: Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում, երբ սարը չի գնում Մուհամմեդի մոտ, ապա նա է գնում սարի մոտ: Եվ ամենաահավորն այն է, որ այդ մերժվածներն անվանում են սեփական ժողովրդին անգիտակից և ապաշնորհ մասսա, որոնք չհասկանալով եկել են ներկայիս իշխանության հետևից: Նրանք գրեթե ուշքի են եկել և նախկին պաթոսով ծաղրում են ժողովրդին ասելով, որ միայն բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացին պետք է ընտրելու իրավունք ունենա, որ ընտրի արժանավորին, այսինքն իրենց՝ սրբերին, որոնց չհասկացավ ժողովուրդը, ինչպես ժամանակին չհասկացավ Հիսուսին և թույլ տվեց, որ նրան խաչեն:

Նախկիններին հանգիստ թողնենք իրենց պաթոսի մեջ, քանի որ ես մտահոգված եմ իմ կողմից ընտրած իշխանության գործելաոճով և այն հանգամանքով, որ իմ իշխանությունը նույնպես սկսել է չհասկանալ իր ժողովրդի խնդիրները և կարող է ոստիկանական զորքեր հանել ժողովրդի դեմ, որից հետո չընդունելով սեփական բացթողումները ամենում մեղադրել նրանց:

Այսինքն` ճահճի միջով վտակին ճանապարհ բացելու փոխարեն մենք խորացնում ենք այն:

Մարզերում առկա խնդիրները խնդրում եմ չբարդել փայտի և ձկների մաֆիայով զբաղվող անձանց վրա, քանի որ իրավապահները պարտավոր էին այս մեկ տարվա ընթացքում նրանց վնասազերծել: Ես խոսում եմ հասարակ ռանչպար գյուղացու մասին:

Այսպիսով՝ խնդիրները տեսանելի դարձան Իջևանից և կարծես ցանկանում են իրենց շարունակությունը գտնել Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում: Այո ծառահատումներն անթույլատրելի են, իսկ Սևանի պահպանումը պահանջում է մեզանից, որ ապօրինի ձկնագողությանը վերջ տանք, Ամուլսարի շահագործումը կարող է թունավորել մեր քաղցրահամ ջրերի պաշարը և վերջնականապես աղետի գոտի դարձնել մեր երկիրը, ինչն աներկբա մենք թույլ չենք տա:

Սակայն, այն ցավալի բացը, որ մենք երբեք չենք կանխատեսել և մինչ օրս էլ չենք ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետք է իր օրվա հացը վաստակի ժողովուրդը, եթե չունի աշխատանք: Կարելի է նախկինների պես կամ անտեսել, կամ մեղադրել սեփական ժողովրդին, որ չեն ցանկանում աշխատել: Ասվում է, որ գյուղացին պետք է զբաղվի անասնաբուծությամբ, գյուղատնտեսությամբ, համաձայն եմ՝ պետք է: Սակայն դուք խոսե՞լ եք գյուղացու հետ, պարզե՞լ եք, թե տվյալ գյուղն ինչ հնարավորություններ և խնդիրներ ունի, արե՞լ եք նրան առաջարկներ, իսկ համաձայնության դեպքում ապահովե՞լ եք նրան գոնե ոռոգման ջրով, սերմերով, պարարտանյութով, տրամադրե՞լ եք նախնական կապիտալ՝ գոնե այն ոչխարը, որից նա պետք է սկսի, կնքե՞լ եք նրա հետ պայմանագրեր, որ համոզված լինի, որ իր քրտինքը ապարդյուն չի կորի և ապրանքը կիրացվի ներքին և արտաքին շուկայում, իսկ վնասի դեպքում կիրականացվեն դոտացիաներ, կամ նրա հետագա հնարավոր կորուստները ապահովագրելու ուղղությամբ քայլեր կատարե՞լ եք՝ իհարկե ոչ: Ու ի՞նչ եք սպասում նրանից, որ նա սոված փորով չտրվի մաֆիոզների սադրանքներին, նայի թե ինչպես է սովից կոտորվում իր ընտանիքը և մտածի վեհ արժեքների՝ բնության մասին: Սպասում եք, որ նա իր վերջին կոպեկը ծախսի և բիզնես հիմնի՝ շտապում եմ հիասթափեցնել, մեր գյուղացին այդ կոպեկը չունի, դժբախտաբար չունի նաև բիզնես հմտություններ, նրա գույքը կամ արժեզրկված է, կամ վաղուց արդեն շան ու գայլի փայ է դարձել, ասել է թե գյուղացին վարկերի տակ ճռռում է կարկուտների, երաշտի և նախկին իշխանավորների պատճառով: Գյուղացու հետ պետք է աշխատել, այլապես ինչին են պետք մարզային և տեղական ինքնակառավարման հազարների հասնող հաստիքները, որոնք ուղակի սրճում են իրենց աշխատասենյակներում և թուղթ սևացնում:

Օրինակ՝ դուք գալիս եք մեր տուն, տեսնում եք մեր տան խարխուլ վիճակը, պարզում եք, որ մենք տարին մեկ անգամ ենք լողանում, գետից ջուր բերելով և կաթսայում տաքացնելով ու զարմանում եք, ամոթանք տալիս պայմաների համար: Այստեղ են ասել կուշտը սովածին չի հասկանում: Կոպիտ ասած ոչխար պահելու համար, նախ այն պետք է գնել: Տվեք այդ կենդանիները և նրան կերակրելու հնարավորությունը և գյուղացին շահույթ ստանալով հետ կվերադարձնի պետական գումարները և կապրի իր հաշվին՝ անտառ չի կտրի, ապօրինի ձկնորսությամբ չի զբաղվի, և՛ տունը կպահի, և՛ հարկ կտա, որ դուք երկիրը պահեք և իր հարկերի շնորհիվ աշխատավարձ ստանաք: Այ դրանից հետո, երբ ապօրինի ձուկ որսալիս կամ ծառ կտրելիս բռնեք, հանգիստ կարող եք քաղաքացուն օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել: Մեր անտառները հարուստ են անտառային մրգերով, հատապտուղներով, սնկերով և այլ բարիքներով, իսկ դուք փորձել եք այդ ամենը, ինչպես նաև չորացած ցախը աշխատավարձով հավաքել տալ գյուղացուն, պահածոյի բրիկետների արտադրամասեր հիմնել գյուղերում, այսինքն՝ աշխատատեղեր ստեղծել, իհարկե ոչ: Եվ ինչ առաջարկներ են անում մարզերի ղեկավարները այս առումով՝ զրո, այդ հարցերով իհարկե ոչ ոք չի զբաղվում:

Ասում եք երկրաշարժի գոտում բնակարանային խնդիրներ կան, փորձում ենք լուծել, սակայն դժվար է և միևնույն ժամանակ ձեր բյուջեի տարեկան զեկույցում նշում էիք, որ ավելցուկ գումարներ կան, որոնք պետության հաշիվների վրա սառեցված են և չգիտեք որտեղ ներդնել ու այդպես այդ գումարները վեց ամսից ավել ինֆլյացիայի պատճառով օրըստօրե արժեզրկվում են, բա տվեք աղետի գոտուն անտոկոս վարկի տեսքով, շահույթ չի լինի, բայց գոնե սեփական ժողովրդին կօգնեք, հողեր հատկացրեք, գեղեցիկ նախագծեր մշակեք, թող մարդիկ սկսեն իրենց տների շինարարությունը, քանի ընտանիք կպահեք այդ փողերով, ինչքան շինանյութ կիրացվի, որքան աշխատատեղեր կբացվի, քանի արևային սնուցման կայաններով նոր թաղամասեր կստեղծվեն, թե սա սեփական ժողովրդին աշխատանքով և բնակարանով ապահովելու ճիշտ տարբերակ չի, քանի բիզնեսի զարկ կտա այս հասարակ գործընթացները: Իսկ դուք ի՞նչ եք անում, հների նման փորձում եք երկրաշարժի գոտում բազմահարկ մի քանի շենք կառուցել, որի շինարարությունից կօգտվի մի ընկերություն, վերջում էլ աստված գիտի ինչ ու ինչպես կկառուցի, ինչքան կգողանան այս ընթացքում և այլն: Ցանկանում եք չէ՞, որ ամեն մարդ իրեն պահի, դե տվեք մարդկանց այդ հնարավորությունը: Դուք չեք կարող ուղակի միացնել բանալին և պահանջել, որ խափանված շարժիչը սկսի աշխատել, այն սկզբում վերանորոգել է պետք, իսկ դա հմուտ մասնագիտական մոտեցում և քրտնաջան աշխատանք է պահանջում: Երբ եկաք իշխանության ինչո՞ւ սկսեցիք խոսել աշխատավարձեր բարձրացնելու մասին, հասկացաք չէ՞, որ աշխատավարձը չքավորական է, որը և տանում է դեպի կոռուպցիա, իսկ մենք կոռուպցիա չենք ցանկանում և եթե այդքանը հասկանում եք, ինչո՞ւ չեք հասկանում, որ գյուղացին էլ ձեզ պես ապրելու խնդիր ունի: Հարգարժան մեր կողմից ընտրված նոր լեգիտիմ իշխանություն, բավական ժամանակ է անցել և եկել է ժամը օրենքով և մարդկանց կենսամակարդակը բարելավող աշխատանքները սկսելու, առջևում ձմեռ է և եթե այսօր չսկսեք աշխատել, ապա վաղն արդեն ավելի ուշ է լինելու:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031