Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարը հստակ ժամկետ չի կարող ասել՝ նոր սերնդի ՀԴՄ սարքերը երբ կլինեն

Հուլիս 25,2019 16:41

Ներկայումս մոտ 10 հազար ՀԴՄ սարքի դեֆիցիտ կա։ Այսօր այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ ովքեր նոր սերնդի ՀԴՄ սարքեր չեն ունենա, Պետական եկամուտների կոմիտեն վարչարարություն կիրականացնի։
ՊԵԿ ղեկավարն ասաց, որ դեֆիցիտն առաջացել է դաշտն ազատականացնելուց հետո, քանի որ բիզնեսը չի արձագանքել՝ չնայած նախապես արված հայտարարություններին: Ընկերություններից մեկը հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբին ՀԴՄ սարքերի առաջին խմբաքանակը կներկրի՝ այս դեֆիցիտը լրացնելու համար։
Կառավարության նիստից հետո պարոն Անանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՀԴՄ-ի դեֆիցիտի հարցն ինչպե՞ս է լուծվելու. բիզնեսը պետք է արձագանքեր ու ապահովեր, չի ապահովել, ՊԵԿ-ի ունեցածն էլ վերջացել է, մյուս կողմից էլ կառավարությունը կոչ է անում բիզնես բացել: Դավիթ Անանյանի խոսքով, այն տնտեսվարողները, որոնք հին ՀԴՄ-ներով են աշխատում, դրանք շարունակում են շահագործել, մինչեւ կլինեն նորերը։

«Մենք որոշակի դադար ենք տվել, եթե բիզնեսը չարձագանքի, մենք ստիպված կգնանք գնում կատարելու»: Հարցին՝ որքան պետք է սպասեն քաղաքացիները, ի պատասխան ՊԵԿ ղեկավարն ասաց, որ Ֆիննախից պատասխան կստանան գնման վերաբերյալ եւ ըստ այդմ կկողմնորոշվեն. «Մենք իրավունք չունենք այդ գնումը կատարել, որովհետեւ կա տեխնիկական խնդիր: Եթե կստանանք պատասխան, որ բոլոր գործընթացները պահպանված են, մենք գնումը կկատարենք, բայց հենց կատարեցինք գնումը, հիմա էլ մեզ մեղադրելու են, որ գնումը կատարեցինք եւ խաթարեցինք բիզնեսը: Մենք կուզեինք, որ ոչ թե լիներ մեկ ընկերություն, այլ 11-ը, 101-ը, եւ այդ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ հինգ կամ վեց ամիս առաջ»:

ՊԵԿ ղեկավարի խոսքի մանրամասները՝ տեսանյութում.

Դավիթ Անանյանն ասաց, որ ՀԴՄ սարքերի՝ ՊԵԿ-ի պաշարներն իրենց սպասածից շուտ են սպառվել, բիզնեսն էլ չի արձագանքել, որպեսզի մասնակցի գնումներին ու ներկրի: Իսկ ՊԵԿ-ի ունեցածը սահմանափակ քանակությամբ է եւ սահմանամերձ շրջանների համար է, որը պարտավոր են անվճար տրամադրել. «Այո լավ իրավիճակ չէ, բայց ստեղծվել է, որը պետք է հաղթահարենք: Մենք մեր հաշվարկներն արել ենք, բայց նաեւ ակնկալում էինք, որ բիզնեսը պետք է որոշակի ազդակներ աներ եւ ՀԴՄ մոդելներ պետք է բերեին մեզ մոտ հավատարմագրելու։ Կար հանրային պահանջ, որ ՀԴՄ դաշտն ազատականացվի, հիմա ազատականացվել է։ Եթե ես հիմա գնում կատարեմ, կխաթարեմ իր բիզնեսը»,-ասաց ՊԵԿ ղեկավարը:

Դիտարկմանը՝ դեռեւս տարեսկզբին երեք ընկերություն ահազանգում էին, որ ՊԵԿ-ը խոչընդոտ է ստեղծում, Դավիթ Անանյանը պատասխանեց՝ թող այդ երեք ընկերությունները մամուլի ասուլիս տան եւ փաստերով ներկայացնեն այդ խոչընդոտները, չկա նման բան, դրանք հերյուրանք են. «Եթե ինչ-որ մեկը կբերի փաստ, որ մենք խոչընդոտել ենք, ամենախիստ պատասխանատվության կենթարկվի ցանկացած պաշտոնյա՝ ինձնից սկսած մինչև այդ խոչընդոտը ստեղծողը»:

Դավիթ Անանյանը նաեւ նշեց, որ եթե ներկրել պատրաստվող ընկերությունը ՀԴՄ-ները ներկրի 80-120 հազար դրամով, այդ դեպքում պետությունը չի սուբսիդավորի։ Պետությունը սուբսիդավորում է միայն այն ՀԴՄ-ները, որոնք ՊԵԿ-ն էր տրամադրում, որոնց ինքնարժեքը 160 հազար դրամ էր։ Նշենք, որ սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողը ՀԴՄ սարքը 60 հազար դրամով էր ձեռք բերում։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031