Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոչիում բնակվող գործարարը Գյումրիում դելֆինարիա է կառուցում․ նա ակնկալում է պետական աջակցություն

Հուլիս 25,2019 15:39

Սոչիում բնակվող գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը, որն իր հայրենի քաղաքում դելֆինարիա է կառուցում,  շաբաթ օրը Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների մասնակցությամբ տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին բարձրաձայնեց պետական աջակցության անհրաժեշտության մասին։

Գործարարն իր հարցն ուղղեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասելով․  «Գյումրիում կան բիզնեսներ, որոնք առանց պետական աջակցության չեն աշխատում։ Ես քանի որ մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացել էի պարոն վարչապետին, կառուցել եմ դելֆինարիա։ 4 շաբաթից բերում ենք կենդանիներին, և Գյումրիում սկսում է աշխատել դելֆինարիան, սակայն Գյումրիում կան հարցեր, որոնք ծանր են նստում բիզնեսմենի աշխատանքի վրա․ քանի որ ձմեռվա ընթացքում այստեղ շատ ցուրտ է, մինչև մինուս 20-25 աստիճան է, ջրի և գազով տաքացման ծախսերի խնդիր կա․․․

Եկել եմ այն հարցին, թե Գյումրիում ինչո՞ւ չկա մի հատ լողավազան, մեծ քաղաք է, հանրապետության երկրորդ քաղաքն է, և չկա լողավազան։ Ո՞նց անենք, որ ջրի ու գազի տաքացման հարցը, եթե մեծ լողավազան է,թեթևացնենք, եթե այս հարցը չլուծվի, Գյումրին լողավազան չի ունենա։ Իմ խնդիրն այն է, որ ես ձմեռը պիտի տաքացնեմ այդ ջուրը, որը դելֆինների համար է, անհնար է սահմանված գնով տաքացնելը, ստիպված պիտի փակես ձմեռվա ընթացքում։ Ես ուզում  եմ մեծ լողավազան կառուցել, բայց ի նկատի ունենաք, որ Գյումրին այն քաղաքը չէ, որ մարդիկ կարողանան վճարել, գան, լողանան, լողավազանն էլ չի լինի․․․»։

Էկոնոմիկայի նախարարը նկատեց, որ այն ուղիղ կապ ունի Գյումրիում զբոսաշրջության զարգացման հետ ու ասաց, որ քննարկելու հարց է։

«Ես վստահ եմ, որ այն, ինչ դուք ասում եք, սկզբնական ժամանակահատվածի համար է այդպես, երկարաժամկետ գործունեության ընթացքում, երբ որ մենք էապես կունենաք աճ զբոսաշրջիկների, ովեքեր այցելում են, համապատասխան կառույցը կամ կազմակերպությունը, որը դուք նախատեսում եք ծրագրի շրջանակներում զարգացնել, կունենա ավելի շատ եկամուտներ, ավելի շատ ծառայություններ։ Քննարկելու հարց է, եկեք մենք միասին թվերով նայենք, որ հասկանանք կառավարության աջակցության չափն ինչքան պիտի լինի»,- ասաց նախարարը։

Նշենք, որ գործարարը բազմաթիվ բարեգործություններ է արել իր հայրենի քաղաքում․ նրա հանգանակությամբ վերանորոգվել է նաև Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ ժողովրդի լեզվով ասած «Գեղցոնց ժամը», որի վերջին քահանան եղել է  նրա պապը։ Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ գործարարը դելֆինարիան կառուցում է իրեն պատկանող տարածքում՝ նախկին կաթի գործարանի մոտակայքում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031