Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ քաղաքական ուժը հայտարարում է, ասում է՝ ես «իզմ» չունեմ, բա ինչի՞ շուրջ բանավիճեմ». Ըստ Արծվիկ Մինասյանի, ՔՊ-ն արժեքային համակարգ չունի

Հուլիս 25,2019 14:21

Ո՞րն է այսօրվա իշխանությունների ամենամեծ սխալը, որտե՞ղ են իրենք ակնհայտ թերանում: Այս հարցն ուղղեցինք ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին:

Նա պատասխանեց. «Ես արժեքային համակարգի մասին կուզենայի ասել, թերությունը արժեքային համակարգի բացակայությունն է: Կարող ես ունենալ նույնիսկ մեր արժեքային համակարգին հակադրվող, բայց ունենա՛ս արժեքային համակարգ, որ իմանաս ում հետ ես բանավիճում: Բայց երբ որ չկա արժեքային համակարգ… իշխանության մեջ կան պետականամետ մարդկանցից սկսած՝ մինչեւ ծայրահեղ աշխարհաքաղաքացիներ, պրոֆեսիոնալից սկսած՝ մինչեւ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ, հարգանք ցուցաբերողից սկսած՝ մինչեւ ամբարտավան, լկտի պահվածք ունեցող: Չկա մի ընդհանուր արժեքային համակարգ, որ ասես՝ ա՛յ այս արժեքային համակարգի շուրջ են մարդիկ համախմբվել, այստեղ կա գաղափարական վեճ: Մենք էդ չենք տեսնում, թե  չէ անձերի մակարդակով միշտ էլ կան, նույն կառավարության մեջ էլ կարող ենք գտնել անձինք, ովքեր պետականամետ են, ազգային մտածողություն ունեն: Բայց կողքին մենք նայում ենք մարդիկ, որոնք բացարձակ օրգանական կապ չունեն մեր ժողովրդի, ազգի, պետության հետ: Էդ մարդիկ էլ են որոշում կայացնող, էն մարդիկ էլ: Նույնը պառլամենտում է, ու պառլամենտում ավելի ցցուն է»:

Հարցին՝ ՀՀԿ-ի արժեքային համակարգը ո՞րն էր, որի հետ դուք նաեւ համագործակցում էիք՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ազգային գաղափարախոսությունն էր, որը կար, որը թույլ էր տալիս գոնե իրենց հետ բանավիճելու, որ դուք շեղվում եք էդ արժեքային համակարգից: Եթե մեկը շեղվում էր, կարող էիր ցույց տալ իր ճանապարհը, որ սա է քո արժեքային համակարգը, եթե այստեղ չես, ուրեմն քեզ հետ չեմ կարող ես նստել, բանավիճել: Բայց երբ որ չկա էդ նկարագրված կորիզը, արժեքային համակարգը, ես ի՞նչ ասեմ: Ասենք, երբ որ քաղաքական ուժը հայտարարում է, ասում է՝ ես «իզմ» չունեմ, բա ինչի՞ շուրջ բանավիճեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031