Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)
քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
Կարդացեք նաև
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ
- Թուրքիան մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մրցույթը (Turkish Long-Range Air and Missile Defense System – T-LORAMIDS) հայտարարել է 2009թ.։
- 2013թ․ հրապարակվեցին T-LORAMIDS-ի (նախնական) արդյունքները։
- 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձը կանխորոշեց T-LORAMIDS-ի արդյունքները։
- Ժամանակի ընթացքում փոխվեցին T-LORAMIDS-ի հարցում թուրքական իշխանությունների առաջնահերթությունները։
- T-LORAMIDS-ի հարցում այլևս չեն համընկնում Թուրքիայի պետական և Թուրքիայի նախագահի անձնական շահերը։
- Ռուս-թուրքական ռազմական համագործակցության հետագա ընդլայնումը մեծապես կախված է ԱՄՆ-ի հակազդեցության աստիճանից։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարի սկզբին ռազմական ոլորտում Թուրքիայի խոցելի տեղերից մեկը համարվում էր մեծ հեռահարության ԶՀՀ-ներ չունենալը։ Այդ բացը լրացնելու նպատակով 2005թ․ Թուրքիայի կառավարությունը «կանաչ լույս» վառեց T-LORAMIDS նախագծի առջև։ Նախագծի առաջքաշումը կապված էր նաև Իրանի կողմից սեփական միջուկային ծրագիրը և հրթիռաշինությունը զարգացնելու հետ։ T-LORAMIDS-ը կոչված էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռներից պաշտպանելու Թուրքիայի ռազմավարական կարևորության ենթակառուցվածքները։ 2005թ․ հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը հաստատեց T-LORAMIDS-ի շուրջ բաց մրցույթ անցկացնելու առաջարկը։ Ընդգծվում էր, որ նախագիծը կարող է օգտակար լինել նաև տեղական ռազմարդյունաբերության համար։ 1 մլրդ $ գնահատված նախագծի ֆինանսական հավանությունը տրվեց 1 տարի անց, իսկ 2007թ․ մարտի 1-ին T-LORAMIDS-ն ընդգրկվեց Պաշտպանական արդյունաբերության ենթաքարտուղարության (SSM) ծրագրում։ Այն ժամանակ խոսքը 4 համակարգ (դիվիզիոն) գնելու մասին էր, սակայն 2009թ․ ապրիլին SSM-ն այդ համակարգերի թիվը հասցրեց 12-ի։ T-LORAMIDS-ի մրցույթին մասնակցեցին ռուսական Рособоронэкспорт ընկերությունը (С-300ВМ “Антей-2500”), ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot РАС-2 GMT և РАС-3), չինական China Precision Machinery Export-Import Corporation (CPMIEC) կոնցեռնը (HQ-9 – FD-2000) և եվրոպական EuroSam կոնսորցիումը (SAMP/T Aster 30)[1]:
Փաստորեն, 2000-ականների կեսերին ռազմական մի շարք խնդիրներ լուծելու նպատակով առաջ քաշեց T-LORAMIDS-ի նախագիծը, ինչն ուներ նաև արտաքին քաղաքական բաղադրիչ․ թուրքական կողմը պետք է մեծապես հաշվի առներ նաև ԶՀՀ արտադրող տվյալ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Ակնկալվում էր, որ T-LORAMIDS-ի արդյունքները կամփոփվեն 2011թ․ վերջին կամ 2012թ․ սկզբին, սակայն մրցույթի արդյունքները հայտարարվեցին միայն 2013թ․ աշնանը։
T-LORAMIDS-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2011թ․ օգոստոսին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Թուրքիայի ՊՆ-ին զգուշացրեցին, որ նա չի կարողանա օգտվել բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալներից, եթե գնի ռուսական կամ չինական արտադրության ԶՀՀ-ներ։ Պատճառն այն էր, որ ռուսական ու չինական ԶՀՀ-ները տեխնիկապես անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետախուզական միասնական ցանցի հետ։ ՆԱՏՕ-ն մտահոգ էր կարևոր տեղեկատվության հնարավոր արտահոսքից, ինչը կարող էր տեղի ունենալ, եթե ցանցին միացվեին դաշինքի չափորոշիչներին չհամապատասխանող տվյալ համալիրները։ Հենց դրա համար էլ ընդգծվում էր, որ եթե Թուրքիան գնի ռուսական կամ չինական համալիրներ, ապա դրանք չեն միացվի տեղեկատվական ցանցին, և թուրք զինվորականները չեն ստանա հրթիռների արձակման մասին հետախուզական տվյալներ[2]։ Ի դեպ, այդ զգուշացումն արվեց այն փուլում, երբ Թուրքիան արդեն սկսել էր համաձայնել իր տարածքում (Քյուրեջիք, Մալաթիայի նահանգ) ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ զգուշացման ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) տեղակայելուն։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի այս զգուշացումից հետո և անգամ նախքան այդ զգուշացումը մի շարք փորձագետներ կարծում էին, որ T-LORAMIDS-ին իրականում մասնակցում էր միայն երկու կողմ՝ Raytheon/Lockheed Martin և EuroSam կոնսորցիումները։ Դա նշանակում էր, որ նրանք բացառում էին T-LORAMIDS-ի արդյունքներով ռուսական կամ չինական ընկերությունների հաղթանակը և ընդհանրապես նրանց մասնակցությունը համարում էին ձևական։ Սակայն 2013թ. սեպտեմբերի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված ՊՆ գործադիր կոմիտեի (SSİK)SSIK նիստի արդյունքներով հայտնի դարձան T-LORAMIDS-ի արդյունքները, որոնց համաձայն՝ շատերի համար անսպասելի հաղթող ճանաչվեց CPMIEC-ը[3], որը գտնվում էր ամերիկյան պատժամիջոցների ներքո: Թուրքական կողմն իր այս ընտրությունը տարբեր մակարդակներով պատճառաբանեց 3 հիմնական չափանիշով. չինական կողմը համաձայնել է այդ hամակարգերի համատեղ արտադրությանը (Թուրքիայում համակարգի տեղական արտադրությունը պետք է կազմեր առնվազն 50%), առաջարկել է ամենաէժան գինը (3.44 մլրդ $, ինչը գրեթե 1 մլրդ $-ով պակաս է մյուս տարբերակներից) և համակարգերը թուրքական կողմին հանձնելու ամենահարմար ժամկետը[4]: Թուրքիան այդպիսով դառնալու էր HQ-9-ի առաջին օտար գնորդը, սակայն դա տեղի չունեցավ։ ԱՄՆ-ը (նաև ՆԱՏՕ-ն) սկսեց ուժեղացնել ճնշումը Թուրքիայի վրա, որպեսզի նա վերանայի մրցույթի արդյունքները: Թուրքական կողմը համառում էր․ 2015թ․ փետրվարին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ Թուրքիայում ստեղծվող ՀՀՊ համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ համակարգին[5]։
Իրականում ինչո՞ւ Թուրքիան ընտրեց չինական տարբերակը։ Մի՞թե նա չգիտեր, որ իր այդ ընտրությունը լուրջ հակազդեցության էր հանդիպելու ՆԱՏՕ-ի և մասնավորապես ԱՄՆ-ի կողմից։ Անկասկած է, որ Թուրքիայում տեղյակ էին, որ CPMIEC-ն ԱՄՆ «սև ցուցակում» է, և որ ԱՄՆ-ի կողմից լինելու է լուրջ հակազդեցություն նաև այդ մասով (անգամ նախքան 2011թ․ ՆԱՏՕ-ի զգուշացումը)։ Թուրքական կողմի ընտրությունն առաջին հերթին պայմանավորված էր հենց դրանով՝ ԱՄՆ-ի զայրույթը հարուցելով։ Ճիշտ է՝ թուրքական կողմի մատնանշած 3 կետերը բավական խելամիտ են, սակայն այս հարցում անհրաժեշտ է մեծապես հաշվի առնել երկու հանգամանք․ ա) Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բ) Թուրքիան չէր պատրաստվում հանուն չինական արտադրության ԶՀՀ-ներ ունենալու լքել ՆԱՏՕ-ն։ Ստացվում է, որ 2013թ. Թուրքիան պարզապես օգտագործեց չինական ընկերությունը՝ նախևառաջ ԱՄՆ-ին իր «այլընտրանք ունենալը» ցուցադրելու, նրան շանտաժի ենթարկելու և նրանից նոր զիջումներ կորզելու համար։ Բացի այդ Թուրքիան այդպիսով ցույց տվեց, որ «հարկադրված է կատարել» նման ընտրություն, որ իրեն նման քայլի մղում է ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Չինական կողմը, ըստ ամենայնի, հետագայում հաշվի կառնի այն, որ Թուրքիայի կողմից օգտագործվեց այդ համատեքստում։ Բնականաբար, թուրքական կողմի համար կարևորը համատեղ արտադրության առաջարկ ստանալն էր, ինչը կօգներ յուրացնել տվյալ համակարգերի արտադրման տեխնիկան և սկսել դրանց սեփական արտադրությունը: ԱՄՆ-ը, սակայն, չէր համաձայնել Թուրքիայի հետ կիսվել իր ԶՀՀ-ների արտադրման տեխնոլոգիաներով, ինչին մեծապես ձգտում էր թուրքական կողմը։ Նկատենք, որ Թուրքիայի այս մոտեցումը բավական տարածված է տարբեր զինատեսակների արտադրության վերաբերյալ մրցույթներում` զարգացնելու համար իր ռազմարդյունաբերությունը։
ԱՄՆ-ի ճնշումներից հետո Թուրքիան հարկադրված եղավ հայտարարել, թե մրցույթի արդյունքները վերջնական չեն և սպասելու է նոր առաջարկների: Սա առաջին հերթին ուղղված էր ամերիկյան կողմին. Թուրքիան ակնկալում էր, որ ԱՄՆ-ը կհամաձայնի իր հետ կիսվել Patriot ԶՀՀ-ների արտադրման տեխնոլոգիայով։ Թուրքական մամուլն անգամ 2015թ. փետրվարին գրեց, որ Թուրքիան սպասելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պահվածքին, ինչը հաշվի է առնվելու մրցույթի վերջնական արդյունքների ժամանակ[6]: Չստանալով շահեկան առաջարկներ՝ Թուրքիան 2014թ․ մայիսին երկու ամիս[7], ապա օգոստոսին մինչև տարեվերջ ժամկետով երկարաձգեց մրցույթի վերջնաժամկետները[8]։ Սակայն 2015թ. նոյեմբերի 15-ին՝ 26 ամիս անց, Թուրքիան ընդհանրապես հրաժարվեց ԶՀՀ-ների շուրջ հայտարարած մրցույթից՝ նշելով, որ զարգացնելու է սեփական համակարգերը[9]։
Նշենք, որ 2015թ․ դա ԱՄՆ-ին արված Թուրքիայի երրորդ խոշոր զիջումն էր, որը տեղի ունեցավ G20-ի գագաթաժողովի մեկնարկից անմիջապես առաջ և, ըստ ամենայնի, միտված էր նրան, որ ԱՄՆ-ը չխոչընդոտի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս՝ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ազեզ-Ջերաբլուս գոտի ներխուժելուն։ 2015թ. Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները Թուրքիային հարկադրեցին խոշոր զիջումների գնալ ԱՄՆ-ին, որպեսզի նա հրաժարվի Սիրիայի քրդերին աջակցելուց և փոխարենը սկսի աջակցել Թուրքիային։ Մասնավորապես, 2015թ. հուլիսի վերջին Թուրքիան «Ինջիրլիքի» ավիաբազան դրեց ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի տրամադրության տակ, օգոստոսի վերջին միացավ Սիրիայում այդ դաշինքի գործողություններին, իսկ նոյեմբերի կեսին էլ չեղարկեց մեծ հեռահարության ԶՀՀ-ների մրցույթի արդյունքները։ Սա վկայում է, որ Սիրիայի քրդերն ԱՄՆ-ի ձեռքում վերածվել են Թուրքիայի վրա ներազդելու լուրջ լծակի[10]։ Փաստորեն, Թուրքիան T-LORAMIDS-ի արդյունքների չեղարկմամբ խոշոր ժեստ արեց ԱՄՆ-ի ուղղությամբ, ինչը, ըստ էության, մնաց անպատասխան․ ԱՄՆ-ը շարունակեց աջակցել Սիրիայի քրդերին, ինչպես նաև չփոխեց T-LORAMIDS-ի հարցում իր դիրքորոշումը։
Մեր կարծիքով՝ թուրքական կողմին պարզապես չէր գոհացրել, որ ամերիկյան կողմը չէր համաձայնել կիսվել Patriot ԶՀՀ-ների արտադրման տեխնոլոգիաներով, և Թուրքիան կարծեց, որ եթե միանգամից ընտրի ամերիկյան տարբերակը, ապա այդպիսով, բնականաբար, կհամաձայնի նրա առաջարկած պայմաններին։ Մինչդեռ փոխարենը կարելի է որդեգրել այսպիսի մարտավարություն․ ա) ընտրել չինական տարբերակ՝ քաջ գիտակցելով, որ դա հարուցելու է ԱՄՆ-ի խորը դժգոհությունը, ընդգծել, որ այդ ընտրությունը եղել է «հարկադրված», քանի որ ԱՄՆ-ը չի ներկայացրել գոհացուցիչ պայմաններ, բ) ապա փորձել ԱՄՆ-ի վրա «վաճառել» չինական տարբերակից հրաժարվելը, դրա դիմաց ԱՄՆ-ից ստանալ առավել շահավետ պայմաններ, այդ թվում նաև՝ Սիրիայի քրդերին առնչվող հարցերում։ Սա նաև ցույց է տալիս, որ Թուրքիան չէր շտապում T-LORAMIDS-ի հարցում, առավել ևս, որ ՆԱՏՕ-ի երկրների (նաև ԱՄՆ-ի) տրամադրած Patriot ԶՀՀ-ները տեղակայվել էին թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու՝ կապված այդ երկրի վերջին զարգացումների հետ։ Սակայն 2016թ․ դեպքերը շեշտակի փոխեցին իրավիճակը և թուրքական իշխանություններին ստիպեցին արագացնել մեծ հեռահարության ԶՀՀ-ների գնման գործընթացը, ընդ որում՝ միանգամայն այլ ուղղությամբ։
S-400-ՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ
2016թ․ աշնանը հայտնի դարձավ, որ Թուրքիան որոշել է ՌԴ-ից գնել S-400 ԶՀՀ-ների 4 դիվիզիոն, որոնց համար Թուրքիան պետք է ՌԴ-ին վճարի 2․5 մլրդ $ (1 դիվիզիոնի համար՝ 500 մլն $)։ ՌԴ-ն անգամ համաձայնել է Թուրքիային տրամադրել վարկային գիծ և իրականացնել տեխնոլոգիական համագործակցություն։ ՌԴ-ի կողմից Թուրքիային S-400 ԶՀՀ-ների մատակարարման հարցն առաջին անգամ քննարկվել է Ստամբուլում՝ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հանդիպման ժամանակ (Պուտինը Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի աշխատանքներին)։ Ընդ որում՝ դա Վ․ Պուտինի առաջին այցն էր Թուրքիա դրանից մոտ մեկ տարի առաջ գրանցված «ինքնաթիռային ճգնաժամից» հետո[11]։ Երկու երկրների միջև համապատասխան պայմանագրի ստորագրման մասին Էրդողանը հայտարարեց 2017թ․ սեպտեմբերի 12-ին՝ Ղազախստանից Թուրքիա վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հետ զրույցում[12]։
Թվում էր, թե պատմությունը կրկնվում է՝ այն տարբերությամբ, որ այս անգամ թուրքական կողմի «այլընտրանքը» ոչ թե CPMIEC-ն է, այլ՝ Рособоронэкспорт-ը։ Ի դեպ, թե՛ CPMIEC-ը, թե՛ Рособоронэкспорт-ը Թուրքիայի այս «այլընտրանքային ու հարկադրված» փորձերի ժամանակ գտնվում էին ամերիկյան պատժամիջոցների ներքո՝ Իրանին, Սիրիային ու Հյուսիսային Կորեային զենք մատակարարելու համար։ Ինչ վերաբերում է այս հարցում ՌԴ-ի մոտիվացիային, ապա նա առաջնորդվում է մեծ հեռահարության ԶՀՀ-ների հարցում թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած վակուումը լցնելու քաղաքականությամբ։ Դրա համար էլ ՌԴ-ը պատրաստակամ եղավ ոչ միայն S-400 ԶՀՀ-ներ տրամադրել Թուրքիային, այլև վարկ տալ նրան և նրա հետ կիսվել դրանց արտադրման տեխնոլոգիաներով (2019թ․ հունիսի վերջին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ՌԴ-ը Թուրքիայի հետ մասնակի կիսվելու է S-400 ԶՀՀ-ների արտադրման տեխնոլոգիաներով[13])։ ՌԴ-ն այդպիսով փորձում է Թուրքիային ցույց տալ, որ ավելի շատ է հաշվի առնում նրա շահերը և օգնում նրան, քան ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ը կամ Դաշինքի անդամ այլ երկրներ։ Այսպիսով, ՌԴ-ը, կիրառելով փոքր քայլերի (վակուումներ լցնելու) մարտավարությունը, հույս ունի Թուրքիան կտրել Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից և բերել իր ուղեծիր։ S-400 ԶՀՀ-ների վաճառքի հարցը, հիրավի, վկայում է, որ ՌԴ-ը շատ քայլերի է պատրաստ իր այդ նպատակին հասնելու համար։
ԱՄՆ-ի (նաև ՆԱՏՕ-ի) արձագանքը ռուս-թուրքական այս գործարքի հանդեպ լիովին սպասելի ու կանխատեսելի էր։ Թուրքիան ամենատարբեր մակարդակներով բազմիցս զգուշացվեց, որ իր «և-և»-ի քաղաքականությունը չի աշխատելու, որ ստիպված է լինելու ընտրություն կատարել ռուսական S-400 ԶՀՀ-ների ու ամերիկյան հինգերորդ սերնդի բազմանշանակ F-35 մարտական ինքնաթիռների միջև։ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Մոսկվան S-400 ԶՀՀ-ների միջոցով կկարողանա տեղեկություններ ստանալ F-35 կործանիչների մասին, եթե Թուրքիան միաժամանակ օգտագործի և՛ ամերիկյան ինքնաթիռները, և՛ ռուսական ԶՀՀ-ները։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի այս ճնշումներն ուժգնացան, և քանի որ Թուրքիան շարունակում էր համառել այս հարցում, օրակարգում հայտնվեց ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Այս ամենին հավելենք այն, որ 2017թ․ հուլիսին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց սեփական ՀՀՊ համակարգի ստեղծման հարցում թուրքական կազմակերպությունների և Eurosam իտալա-ֆրանսիական կոնցեռնում ընդգրկված կազմակերպությունների միջև առաջին համաձայնագիրը ստորագրելու մասին, որն առնչվում էր թուրքական ՀՀՊ համակարգի մշակման հարցում համագործակցությանը (Պայմանագրի շրջանակներում թուրքական ընկերությունները SAMP/T համակարգի արտադրության հարցում համագործակցելու են Eurosam-ի հետ)։ Ըշըքն ընդգծեց, որ գործարքը կապ չունի ՌԴ-ից S-400 ԶՀՀ-ներ գնելու հետ՝ մանրամասնելով, որ S-400-ների գնումը կոչված է լուծելու կարճաժամկետ խնդիրներ, իսկ Eurosam-ի հետ համագործակցությունը՝ երկարաժամկետ խնդիրները[14]։
Համակարծիք ենք Ֆ․ Ըշըքի հետ, որ Eurosam-ի հետ գործարքն իսկապես կապ չունի ՌԴ-ից S-400 ԶՀՀ-ներ գնելու գործարքի հետ, և որ այն կոչված է լուծելու երկարաժամկետ խնդիրները։ Ինչո՞ւ։
ա) Թուրքական ղեկավարությունը չի կարող ընդհանրապես հաշվի չնստել այն փաստի հետ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և հետևաբար քանի դեռ դա շարունակվում է, Թուրքիան, ըստ էության, չի կարող չունենալ ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի համակարգին չինտեգրված ՀՀՊ։ Eurosam-ի հետ գործարքը միտված է երկարաժամկետ պլանում այդ հարցը լուծելուն։
բ) Eurosam-ի հետ գործարքով թուրքական իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմել Արևմուտքի դժգոհությունները՝ կապված ՌԴ-ից S-400-ներ գնելու գործարքի հետ։
գ) Eurosam-ի հետ գործարքով թուրքական իշխանությունները շարունակում են ԱՄՆ-ին իրենց այլընտրանք ունենալը ցուցադրելու քաղաքականությունը (իրատեսական չենք համարում, որ Թուրքիան ցանկանում է Eurosam-ն օգտագործել նույն կերպ, ինչպես որ դրանից առաջ օգտագործել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Չինաստանը ներկայացնող CPMIEC-ին)։
դ) Eurosam-ի հետ գործարքով, ինչպես նաև ՌԴ-ից S-400-ներ գնելու գործարքով թուրքական իշխանությունները ցույց են տալիս իրենց «նեղսրտած» լինելն ԱՄՆ-ից, նաև նրան չվստահելը։
ԱՄՆ-ին չվստահելու հանգամանքը չափազանց լուրջ դեր է խաղում հասկանալու համար ՀՀՊ համակարգի ստեղծման հարցում Թուրքիայի քայլերի շարժառիթները, դրդապատճառները։ Ինչո՞ւ թուրքական իշխանությունները չեն վստահում ԱՄՆ-ին և համառորեն չեն ցանկանում ընտրել ամերիկյան Patriot համակարգերի տարբերակը: Մեր կարծիքով՝ սկզբնական շրջանում (նախքան CPMIEC-ի հաղթող ճանաչվելը) Patriot համակարգերը չընտրելու համար հիմնական դերը խաղացել է այն, որ ԱՄՆ-ը չի ցանկացել Թուրքիայի հետ կիսվել դրանց արտադրման տեխնոլոգիաներով։ Բնականաբար կան նաև այլ գործոններ, որոնց թվում առաջին հերթին կցանկանայինք առանձնացնել այն, որ Թուրքիային չհաջողվեց ԱՄՆ-ից ստանալ F-35-երի ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են դրանց տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական (թուրքական) արտադրության սպառազինություն տեղակայելու համար: Մինչդեռ ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ը համաձայնել էր Թուրքիային տրամադրել F-16 կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը։ Խոսքը F-16-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է, որի շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն ստացավ այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։ Թուրքական մամուլն անմիջապես գրեց, որ դա աննախադեպ իրադարձություն է, քանի որ ԱՄՆ-ը նման կերպ չի վարվել աշխարհի և ոչ մի երկրի պարագայում: Կարծիքներ կան, որ ԱՄՆ-ը համաձայնեց Թուրքիային տրամադրել F-16-ի ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը՝ հաշվի առնելով, որ F-35-ի հայտնվելով՝ F-16-ը դառնում է հնացած[15]։
Հետագայում ի հայտ եկավ երկու ծանրակշիռ հանգամանք, որոնք էապես մեծացրեցին ԱՄՆ-ին Թուրքիայի չվստահելու աստիճանը և կարելի է ասել՝ բեկում մտցրեցին ԶՀՀ-ների գնման հարցում Թուրքիայի կողմնորոշման հարցում։
Ա) ԱՄՆ-ի սիրիական քաղաքականությունը – 2014թ․ և հատկապես 2015թ․ մեկնարկեց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի հաղթարշավը, և թեև Թուրքիային հաջողվեց իր մի շարք ռազմական գործողություններով («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ») որոշակի նվազեցնել դրա արդյունքները, այնուամենայնիվ, Սիրիայի քրդերն այսօր վերահսկում են երկրի տարածքի 27%-ը, այդ թվում նաև՝ թուրք-սիրիական սահմանի մի զգալի մասը, երկրի նավթային (Դեյր էզ Զորի նավթահանքեր) ու ջրային (Եփրատ գետ) ռեսուրսների մի զգալի մասը, ունեն զգալի քանակությամբ զենք, կուտակել են մարտական փորձ և այլն։ Դրան զուգահեռ՝ ԱՄՆ-ը Թուրքիայի տարածքից դուրս բերեց Patriot համակարգերը՝ կապված տարբեր հանգամանքների հետ․ 2015թ․ Թուրքիայում վերսկսվեցին քրդերի (PKK) դեմ ռազմական գործողությունները, Թուրքիան հրաժարվում էր ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի տրամադրության տակ դնել Ինջիրլիքի ավիաբազան և այլն[16]։ Բնականաբար այս ամենը խստորեն մտահոգում էր թուրքական իշխանություններին, որոնք ԱՄՆ-ից ապարդյուն պահանջում էին դադարեցնել Սիրիայի քրդերին աջակցություն ցուցաբերելը։
Բ) Ռազմական հեղաշրջման փորձ (ՌՀՓ) – 2016թ․ հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվեց ՌՀՓ, որը թեև տապալվեց, սակայն վճռորոշ ազդեցություն ունեցավ ԶՀՀ-ների գնման հարցում։ Հայտնի է, որ թուրքական իշխանությունները ցայսօր կարծում են, որ «ՌՀՓ-ի հետևում կանգնած է եղել ԱՄՆ-ը, որն այդ նպատակով լայնորեն օգտագործել է Ինջիրլիքի ավիաբազան»։ ՌՀՓ-ը, այդպիսով, զգալիորեն նպաստեց ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը և միաժամանակ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունների ջերմացմանը։
Մեր նախկին հոդվածներից մեկում նշել ենք, որ Վ․ Պուտինը 2016թ․ հուլիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, դատապարտել է ՌՀՓ-ը՝ դառնալով ՌՀՓ-ից հետո Էրդողանին զանգահարած օտար երկրի առաջին առաջնորդը։ Բացի այդ թուրքական մամուլի պնդմամբ՝ հենց Պուտինն է ՌՀՓ-ից առաջ Էրդողանին զգուշացրել դեպքերի նման զարգացման (ՌՀՓ) մասին։ Մասնավորապես հաղորդվել է, որ Պուտինի խորհրդական (հատուկ ներկայացուցիչ) Ալեքսանդր Դուգինը հուլիսի 14-ին ժամանել է Թուրքիա և հանդիպումներ է ունեցել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի ու Հասարակական կարգուկանոնի ու անվտանգության վարչության պետ Մուհամմեթ Դերվիշօղլուի հետ։ Հոկտեմբերի սկզբին էլ Դուգինը խոստովանեց, որ հուլիսի 14-ին Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է թուրքական բանակում սպասվող զարգացումների մասին[17]։
Արդեն նշվել է, որ ՌԴ-ից S-400 համակարգեր գնելը Թուրքիայի օրակարգում հայտնվեց 2016թ․ աշնանը, այսինքն ՌՀՓ-ից ամիսներ անց։ Որպեսզի հասկանալի լինի, թե ՌՀՓ-ն ինչպես կարող էր հիմք ծառայել նման օրակարգի ի հայտ գալու համար, պետք է ներկայացնենք ավիացիայի ունեցած կարևոր դերը ՌՀՓ-ի ժամանակ։ Նախևառաջ նշենք, որ ՌՀՓ-ի գլխավոր կազմակերպիչ է ներկայացվում բանակի գեներալ Աքըն Օզթուրքը, ով 2013-2015թթ․ գլխավորել է Թուրքիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ)։ ՌՀՓ-ից օրեր անց Թուրքիայի՝ արդեն նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պարզաբանեց, որ դեռ 2015թ․ թուրքական իշխանություններին հայտնի էր դարձել, որ Ա․ Օզթուրքը կապեր ունի Գյուլենական շարժման հետ և օժտված է ռազմական հեղաշրջում իրականացնելու ներուժով։ Դրա համար էլ պաշտոնավարման ժամկետը չլրացած՝ 2015թ. օգոստոսին տեղի ունեցած Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի արդյունքներով Օզթուրքը պաշտոնանկ արվեց ՌՕՈՒ-ի 30-րդ հրամանատարի պաշտոնից[18]։ Այդ պաշտոնում նրան փոխարինեց բանակի գեներալ Աբիդին Ունալը, ով ՌՀՓ-ի օրը ՌՕՈՒ-ի ու ՀՕՊ-ի բազմաթիվ հրամանատարների հետ մեկտեղ մասնակցել է ՌՕՈՒ-ի բանակի գեներալ Մեհմեթ Շանվերի դստեր հարսանիքին և պատանդ է վերցվել հենց այդ ժամանակ[19]։ Հատկանշական է, որ Ա․ Օզթուրքը չի մասնակցել Ունալի դստեր հարսանիքին, և ինչպես ցույց է տալիս ՌՀՓ-ը, պաշտոնաթողությունից գրեթե մեկ տարի անց նա դեռ զգալի ազդեցություն է պահպանել ՌՕՈՒ-ում։
Ներկայացնենք ՌՀՓ-ի ժամանակ թուրքական ավիացիայի մի շարք գործողություններ, որոնք լույս են սփռում հեռահար ԶՀՀ-ների գնման հարցում թուրքական իշխանությունների հետագա գործողությունների վրա։ ՌՀՓ-ի ժամանակ նրա աջակիցների ավիացիան (F-16 մարտական ինքնաթիռներ ու AdegilH-1 Super Cobra տիպի մարտական ուղղաթռիներ) ցածր թռիչքներ է սկսել իրականացնել Անկարայում ու Ստամբուլում։ Ընդ որում, որպեսզի այդ ավիամիջոցները կարողանան երկար ժամանակ (ժամերով) օդում մնալ, Ինջիրլիքի ավիաբազայից օդ են բարձրացվել KC135R տիպի լիցքավորիչ ինքնաթիռներ[20]։ Ստամբուլում ու Անկարայում ցածր բարձրության վրա թռչելուց և այդ կերպ մարդկանց ահաբեկելուց բացի ՌՀՓ-ի համակիրների ավիացիան աչքի ընկավ նաև մի շարք հարձակումներով՝ ռմբահարելով Անվտանգության ծառայության (ոստիկանության) գլխավոր տնօրինության[21] ու նրան կից Հատուկ գործողությունների բաժնի[22], Ազգային հետախուզական կազմակերպության (MIT)[23], TÜRKSAT արբանյակային ծառայությունների ընկերության[24] շենքերը, ինչպես նաև հասարակական այլ շենքեր։ Խորհրդարանի շենքը 1 ժամվա ընթացքում ընդմիջումներով ռմբահարվեց 3 անգամ (ընդհանուր առմամբ՝ 4 անգամ)[25]։ Սակայն սա ամենը չէ․ ՌՀՓ-ի ժամանակ մարտական ուղղաթիռներից հարձակում է իրականացվել Մուղլա նահանգի Մարմարիս քաղաքի հյուրանոցներից մեկի վրա, ուր իջևանել էր Էրդողանը։ Վերջինս հարձակումից որոշ ժամանակ առաջ արդեն լքել էր հյուրանոցը[26]։ Էրդողանին, այդպիսով, հաջողվեց խույս տալ իր դեմ կազմակերպված մահափորձից և ժամանել Ստամբուլ՝ Աթաթուրքի օդանավակայան, որն արդեն գտնվում էր ոստիկանական վերահսկողության ներքո։ Ընդ որում, Էրդողանը հարկադրված էր այդ ամենն անել գաղտնի՝ ՌՀՓ-ի համակիրների ավիացիայից խուսափելու համար։ Այդ նպատակով Էրդողանի TC-ATA ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք կատարելիս ստիպված է եղել օգտագործել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության քաղաքացիական օդանավի ծածկագիր (THY 8456)[27]։ Այս ամենին զուգահեռ՝ երկու ռումբ ընկել է Անկարայում գտնվող նախագահական նստավայրի մոտակայքում, գրանցվել է 5 զոհ[28]։ Ընդհանուր առմամբ, ՌՀՓ-ի համակիրների ավիացիան հուլիսի 15-ի գիշերը 13 ռումբ է նետել 6 առանցքային կետի, որոնց թվում են խորհրդարանն ու նախագահական նստավայրը[29]։
Այս ամենը ցույց է տալիս, թե ավիացիան որքան կարևոր դեր է կատարել ՌՀՓ-ի ժամանակ։ Էրդողանն անձամբ իր մաշկի վրա զգացել է դա։ Մեր կարծիքով՝ ՌՀՓ-ը նաև ցույց տվեց, թե անձամբ Էրդողանի համար որքան կարևոր է մեծ հեռահարության ԶՀՀ-ներ ունենալը, որոնց միջոցով նա հետագայում կկարողանա նոր հնարավոր ՌՀՓ-ի ժամանակ պաշտպանել առանցքային օբյեկտները և առաջին հերթին իր նստավայրը։ Եվ քանի որ Էրդողանն անձամբ ՌՀՓ-ի կազմակերպման համար կասկածներ ունի ԱՄՆ-ի նկատմամբ, չի վստահում նրան, ուստիև հասկանալի է դառնում ԶՀՀ-ների գնման հարցում նրա ռուսական կողմնորոշումը։ Ակնհայտ է, որ Վ․ Պուտինի համար ձեռնտու է Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանի մնալը, և S-400 համակարգերը Թուրքիայում մեծապես կպաշտպանեն Էրդողանի վարչակարգը։ Արդեն հայտնի է, որ դրանք առաջին հերթին տեղակայվելու են Անկարայում ու Ստամբուլում, ինչը պատահական չէ և ունի ներքաղաքական լուրջ հենք։
ՌՀՓ-ից հետո Էրդողանը զգալի ջանքեր գործադրեց նրա բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին հայտնաբերելու (Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ ՌՀՓ-ին մասնակցել է 8651 զինվորական՝ զինված ուժերի անձնակազմի 1․5%-ը[30]) և պատժելու (Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ ՌՀՓ-ին հաջորդած 1 տարում կալանքի տակ է վերցվել ավելի քան 50․000 մարդ, այդ թվում նաև՝ 169 գեներալ, 7098 գնդապետ և ավելի ցածր կոչումով զինվորական[31]), ինչպես նաև հասարակական մակարդակով պախարակելու ուղղությամբ։ Այս ամենն անշուշտ միտված էր հետագայում նոր հնարավոր ՌՀՓ-ի կանխմանը։ Եվ, այնուամենայնիվ, մեր կարծիքով՝ Էրդողանը դեռ ամբողջովին չի բացառում նոր ՌՀՓ-ի հնարավորությունը երկրում, ուստիև զգում է իր համար վստահելի երկրի (ՌԴ) արտադրության ԶՀՀ-ների կարիք։
Անկասկած է, որ Էրդողանը մեծապես ցանկանում է իր գործառույթներն անխափան իրականացնել առնվազն մինչև 2023թ․ (Թուրքիայի Հանրապետության 100-ամյակ), երբ երկրում կանցկացվեն հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրությունները։ Չենք բացառում, որ հատկապես 2019թ․ Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո է՛լ ավելի է մեծացել Էրդողանի հնարավոր այն մտավախությունը, որ ԹՀ 100-ամյակից առաջ երկրում կտրուկ կաշխուժանան քեմալականները՝ ներկայիս հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ), որի հիմնադիրը ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է։ Ստացվում է, որ ԹՀ 100-ամյակն առաջին հերթին լինելու է քեմալականների (ԺՀԿ) և ոչ թե Էրդողանի ու նրա համակիրների (իսլամիստներ) տոնը, և որ 2023թ․ ընդառաջ վերստին կարող են ակտիվանալ նաև զինվորականները (Աթաթուրքն իր ժամանակին երկրի աշխարհիկ ռեժիմի պահպանումը հանձնարարել է զինվորականներին, որոնք էլ հետագայում այդ նպատակով իրականացրել են մի շարք ռազմական հեղաշրջումներ)։
Ի դեպ, կարելի է ասել, որ 2019թ. Թուրքիայում մեկնարկել է «Աթաթուրքյան նոր ժամանակաշրջանը»․ 2019թ․ մայիսի 19-ին Թուրքիայում նշվեց քեմալական շարժման մեկնարկի 100-ամյակը (երբ 1919թ․ այդ օրը Մ․ Քեմալն ափ իջավ Սամսունում)[32]։ 2019-2023թթ․ ԺՀԿ պայքարին, գործողություններին կարող են որոշակի ուժ ներշնչել 1919-1923թթ․Մ․ Քեմալի գործողությունները։ Եվ ահա 2023թ․ ընդառաջ և միգուցե նաև դրանից հետո սեփական իշխանությունն անխափան (ՌՀՓ) պահպանելու, «Նոր Թուրքիայի» մեկնարկի ազդարարումն ապահովելու համար Էրդողանը մեծապես ունի ռուսական S-400 ԶՀՀ-ների կարիքը։ Կարծում ենք, որ առաջին հերթին հենց այս գործոնով է պայմանավորված տվյալ հարցում Էրդողանի ցուցաբերած համառությունը, նրա շարունակական հայտարարությունները, որ այդ գործարքը կայացած է, թեման փակված է, ԱՄՆ-ի ճնշումներին ու սպառնալիքներին տուրք չտալը։ Հենց այդ պատճառով է, որ ի տարբերություն չինական համակարգերի դեպքի՝ Էրդողանը ռուսական համակարգերի գնման գործընթացը հասցրեց իր ավարտին։ Էրդողանին S-400 ԶՀՀ-ների հարցում չի կանգնեցնում անգամ այն, որ Թուրքիան կարող է դուրս մնալ F-35 կործանիչների ծրագրից, որի շրջանակներում նա արդեն ծախսել է 1․25 մլրդ $[33] (2019թ․ ապրիլին ԱՄՆ-ը դադարեցրեց իր տարածքում թուրք օդաչուների ուսումնական թռիչքները F-35-ով[34]), չստանալ այդ ինքնաթիռները (Թուրքիան ծրագրել է գնել 100-116 հատ F-35)։ Փոխարենը Թուրքիան կարող է հայտնվել ամերիկյան տնտեսական պատժամիջոցների ներքո, որոնք կարող են է՛լ ավելի արժեզրկել թուրքական լիրան, ապրանքատեսակների գնաճ առաջացնել Թուրքիայում և տնտեսական պլանում առաջացնել բացասական այլ հետևանքներ, ինչն իրենց մաշկի վրա կզգան տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Կարծում ենք, որ մեծ հեռահարության ԶՀՀ-ների հարցում պետք է տարբերակել երկու տարբեր, միմյանց հակադրվող շահ՝ ա) Թուրքիա պետության (քաղաքացիների) շահ, բ) Թուրքիայի նախագահի անձնական շահ։
ա) ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պետական շահերից բխում է ՆԱՏՕ անդամ երկրի (ԱՄՆ) ԶՀՀ-ներ, միաժամանակ F-35 կործանիչներ ստանալը (թուրքական ավիացիան հիմնականում բաղկացած է հնացած համարվող F-16 կործանիչներից) և ամերիկյան պատժամիջոցների ներքո չհայտնվելը։ Վստահ ենք, որ Թուրքիայում ոչ ոք (նաև Էրդողանը) պատրանքներ չի տածում ԱՄՆ-ի տնտեսական լծակների և տնտեսական պատժամիջոցների արդյունավետության մասին․ նրանք այդ ամենը տեսել են Թուրքիայում կալանքի տակ վերցված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից առաջ։ Ընդ որում, S-400 ԶՀՀ-ների գնման համար ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները (ռազմական ու տնտեսական) կարող են լինել շատ ավելի կործանարար և է՛լ ավելի խստացվել Թուրքիայի ու ՌԴ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնման պարագայում (եթե Թուրքիան F-35 կործանիչների փոխարեն գնի ռուսական Су-57 հինգերորդ սերնդի կործանիչներ[35] և/կամ ՌԴ-ի հետ սկսի S-500 ԶՀՀ-ների համատեղ արտադրություն[36])։
Բ) ԱՄՆ-ին չվստահող Թուրքիայի նախագահի անձնական շահը պահանջում է գնել վստահելի համարվող ՌԴ-ի արտադրած S-400 ԶՀՀ-ներ։ 2016թ․ դեպքերը ցույց տվեցին, որ Թուրքիայում ՌՀՓ հնարավոր է անգամ այն դեպքում, երբ զինվորական հրամանատարությունը պառակտված է, երբ Գլխավոր շտաբի պետը և երեք զորատեսակների (ՑԶ, ՌՕՈՒ, ՌԾՈՒ) հրամանատարները չեն մասնակցում դրան։ Սա է՛լ ավելի է մեծացնում հետագայում եթե ոչ նոր ՌՀՓ-ի, ապա միգուցե 1-2 մարտական ինքնաթիռով Թուրքիայի նախագահական նստավայրին ավիահարված հասցնելու հնարավորությունը։ Այսպիսի իրավիճակներում էական կլինի S-400 ԶՀՀ-ների դերը՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ նրանց համար ամերիկյան մարտական ինքնաթիռները (F-16, F-35) դիտարկվում են որպես «օտար», մինչդեռ Patriot ԶՀՀ-ների համար այդ նույն ինքնաթիռները որակվում են որպես «յուրային»։ Կարծում ենք, որ սա բավական հիշարժան գործոն է։
Եվ ահա 2019թ․ հուլիսի 12-ին Թուրքիայի ՊՆ-ը հայտնեց, որ S-400 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակն արդեն ստացվել է և ցուցադրեց համապատասխան տեսանյութը։ Ռուսական «Իլյուշին» տիպի բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի մոտ գտնվող Մյուրթեդ ավիաբազայում[37]։ Թուրքիան, այդպիսով, դարձավ Բելառուսից ու Չինաստանից հետո երրորդ երկիրը, ով ստացավ S-400 ԶՀՀ-ներ (շուտով նրանց պետք է միանա նաև Հնդկաստանը)։ Փաստորեն Թուրքիան դարձավ S-400 ԶՀՀ-ներ գնած ՆԱՏՕ-ի առաջին երկիրը։ Նա կարողացավ հմուտ խաղարկել այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն իր տրամադրության տակ ունի ռուսական S-300 համակարգ (Թուրքիան շարունակ բարձրաձայնում էր դրա մասին)։ Տարբերությունն այն է, որ 1990-ականներին ՌԴ-ից S-300 համակարգը գնել է ոչ թե Հունաստանը, այլ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Կիպրոսը, սակայն Թուրքիայի բողոքներից հետո դա չտեղակայվեց Կիպրոսում, փոխարենը դրվեց հունական բանակի վերահսկողության տակ (հայտնվեց Կրետե կղզու անգարներում)։
ԱՄՓՈՓՈՒՄ ՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերոնշյալը վկայում է, որ մեծ հեռահարության ԶՀՀ-ների գնման հարցում վճռորոշ գործոնը եղել է ներքաղաքական գործոնը՝ կապված ՌՀՓ-ի հետևանքների հետ։ Արդեն նշվել է, որ Էրդողանը S-400 ԶՀՀ-ների մասին ՌԴ-ի հետ համապատասխան պայմանագրի ստորագրման մասին հայտարարել է 2017թ․ սեպտեմբերի 12-ին։ Կարծում ենք, որ օրը պատահաբար չէր ընտրվել․ 1980թ․ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացվել է այդ երկրի պատմության մեջ ամենաարյունալի (ըստ էության՝ նաև ամենավերջին) ռազմական հեղաշրջումը (1997թ․ փետրվարի 28-ը համարվում է թավշյա կամ հետմոդեռնիստական հեղաշրջում)։ Ընդ որում՝ այդ ռազմական հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց՝ 2010թ․ սեպտեմբերի 12-ին, Էրդողանը երկրում անցկացրեց հանրաքվե, որի արդյունքներով Սահմանադրությունից հանվեց 15-րդ ժամանակավոր հոդվածը, ինչը հնարավոր դարձրեց 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելը: Արդեն 2012թ. հունվարին Անկարայի դատարանն ընդունեց 94-ամյա Քենան Էվրենի և ՌՕՈՒ նախկին հրամանատար 86-ամյա Թահսին Շահինքայայի դեմ գործը (ռազմական հեղաշրջման մյուս կազմակերպիչները մահացած էին), ինչը նշանակում էր, որ նրանք պետք է կանգնեին դատարանի առջև։ Դա աննախադեպ իրադարձություն էր ԹՀ պատմության ընթացքում, որ նախկին նախագահը կանգնի դատարանի առջև (2014թ. ամռանը դատարանը Քենան Էվրենին և Թահսին Շահինքայային դատապարտեց ցմահ ազատազրկման)։ Եվ, վերջապես, հիշարժան է, որ S-400 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը թուրքական կողմի խնդրանքով մատակարարվեց ՌՀՓ-ի եռամյակից օրեր առաջ, ինչը, թերևս, ուներ խորհրդանշական կարևորություն։ Ընդ որում՝ դրանք հասցվեցին նախկին «Աքընջը» ավիաբազա, որը ժամանակին ստեղծվել է Անկարայի օդային պաշտպանության նպատակով և ՌՀՓ-ից քիչ անց՝ սեպտեմբերի սկզբին, ստացել է «Մյուրթեդ» (հավատուրաց) անվանումը[38]։ Այդ անվանումը ծագել է 1402թ. Անկարայի ճակատամարտում Լենկ Թեմուրից օսմանյան սուլթան Բայազիդ 1-ի կրած պարտությունից, որի համար թուրքական կողմը մեղադրում է ճակատամարտի ժամանակ օսմանյան սուլթանին դավաճանած և Լենկ Թեմուրի կողմն անցած քարա (սև) թաթարներին:
Մեր կարծիքով՝ չինական ու ռուսական ԶՀՀ-ների գնման հարցում Թուրքիայի գործողությունների ջրբաժանը հենց 2016թ․ ՌՀՓ-ն է։ Եթե ՌՀՓ-ից առաջ Թուրքիան ցանկանում էր պարզապես օգտագործել չինական կողմին՝ ԱՄՆ-ին իր այլընտրանքը ցույց տալու և նրանից նորանոր առաջարկներ, զիջումներ ստանալու համար, ապա ռուսական համակարգերի պարագայում դրդապատճառներն այլ էին։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան երկու անգամ չմտավ նույն գետը․ չփորձեց այս անգամ էլ չինական կողմի փոխարեն նույն նպատակով օգտագործել ռուսական կողմին։ Ակնհայտ է, որ մինչև ՌՀՓ-ը Թուրքիան չէր շտապում մեծ հեռահարության ԶՀՀ ունենալու հարցում, սակայն իրավիճակը կտրականապես փոխվեց ՌՀՓ-ից հետո, և հարցը, ըստ էության, լուծվեց 2-3 տարում։ Պատահական չէ, որ Ֆ․ Ըշըքը, ինչպես արդեն նշվել է, հայտարարում էր, որ S-400-ների գնումը պետք է լուծի կարճաժամկետ, իսկ Eurosam-ի հետ համագործակցությունը՝ երկարաժամկետ խնդիրներ։
Անկասկած է, որ թուրքական կողմը գիտակցում, կանխատեսում էր, թե ինչպիսին կլինի առաջին հերթին ԱՄՆ-ի արձագանքը S-400 ԶՀՀ-ների գնման հանդեպ, որ ի պատասխան՝ ԱՄՆ-ը Թուրքիային կարող է զրկել F-35 կործանիչներից։ Այժմ տպավորություն կա, որ Թուրքիան փորձում է ամեն գնով խուսափել դրանից (ԶԼՄ-ների համաձայն՝ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է S-400 ԶՀՀ-ների գնումից հետո փորձագիտական մակարդակով ուսումնասիրել դրանք[39]), փրկել այդ գործարքը (հայտարարում է, որ այդ ինքնաթիռները չեն տեղակայվի S-400 ԶՀՀ-ների գոտում[40]), փորձում է նստել «երկու աթոռի արանքում», սակայն եթե հարցին նայենք Էրդողանի անձնական շահերի տեսանկյունից, ապա առավել նախապատվելի է թվում ռուսական Су-57-ի տարբերակը։ Ինչպիսի՞ն կլինի այդ հարցում Թուրքիայի ընտրությունը, և ընդհանրապես որքա՞ն առաջ կգնա ռուս-թուրքական ռազմական համագործակցությունը, մեծապես կախված է լինելու այդ ամենին ԱՄՆ-ի հակազդեցության աստիճանից, նրա պատժամիջոցային քաղաքականությունից։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան շատ չհեռանա իր ուղեծրից, իսկ ՌԴ-ն անելու է ընդհակառակը։ Թուրքիան էլ իր հերթին փորձելու է խաղալ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի այդ փորձերի վրա, օգուտներ ստանալ նրանց տարաձայնություններից, ինչպես որ արել է ավելի վաղ, ընդ որում՝ հաջողությամբ (օրինակ՝ Սիրիայի հյուսիսում նրա իրականացրած ռազմական գործողությունները)։
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Dan Darling, Turkey’s T-LORAMIDS Missile Defense System Edges Ever Further Away, Defense & Security Monitor, 16.09.2015
[2] НАТО предложило Турции отказаться от российских ЗРК, Lenta.ru, 03.08.2011
[3] Türkiye’nin hava ve füze savunma ihalesini Çin kazandı, Akşam, 26.09.2013
[4] Çin, füzeleri Türkiye’de üretecek, Dünya Bülteni, 04.10.2013
[5] Bakan Yılmaz’dan Çin füzesi yanıtı: NATO sistemine entegre edilmeyecek, Hürriyet, 19.02.2015
[6] Turkey to go ahead with non-NATO-integrated missile defense, Hürriyet Daily News, 19.12.2015
[7] Füze ihalesinde değerlendirme süresi uzatıldı, Memurlar.Net, 01․05․2014
[8] Füze ihalesinde kritik karar, Takvim, 26․08․2014
[9] 3.4 milyar dolarlık Çin füzesi iptal, Milliyet, 16.11.2015
[10] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, ՄԱՀՀԻ, 24․05․2017
[11] S-400’lerle ilgili merak edilen her şey, Sputnik Türkiye, 13․09․2017
[12] Türkiye ve Rusya S-400 füze anlaşmasını imzaladı, BBC News Türkçe, 12․09․2017
[13] Rusya: S-400 anlaşması, Türkiye’ye kısmi teknoloji transferini öngörüyor, T24, 29.06.2019
[14] Türkiye, İtalya ve Fransa arasında füze ortaklığı anlaşması!, Haber Türk, 14.07.2017
[15] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ, ՄԱՀՀԻ, 17․01․2017
[16] ABD ve Almanya Türkiye’deki Patriot füzelerini çekiyor, BBC News Türkçe, 17.08.2015
[17] Հայկ Գաբրիելյան, ԵՄ-ՌԴ հարաբերություններն ու Թուրքիան, ՄԱՀՀԻ, 15․09․2017
[18] “Ahmet Davutoğlu: Akın Öztürk’ün neden görevden alındığı daha iyi anlaşıldı”, Karar.com, 19.07.2016
[19] 15 Temmuz’dan yeni detaylar: Darbenin seyri ‘düğün salonu’nda değişmiş, Gazete Manifesto, 19.09.2016
[20] Cinnetin perde arkası, Manşet Alanya Haber Protalı, 16․07․2016
[21] Ankara Emniyeti’ne saldırı anı polis kamerasında!, Sabah, 04.08.2016
[22] Özel harekatçı Gölbaşı’nda yaşananları anlattı: Karşılık verme fırsatımız olmadı, iki F-16 binayı bombaladı, T24, 16.07.2016
[23] “Askeri helikopterden MİT’e, MİT’ten askeri helikoptere ateş!”, T24, 16.07.2016
[24] 15 Temmuzda TÜRKSAT böyle bombalanmış, Yeni Çağ Gazetesi, 16.02.2017
[25] Meclis 1 saatte 3 kez bombalandı!, Turktime, 16.07.2016
[26] Cumhurbaşkanı Erdoğan’ın kaldığı oteli bombalayan yüzbaşı yaralı, Milliyet, 16.07.2016
[27] David Cenciotti, Exclusive: all the details about the air ops and aerial battle over Turkey during the military coup to depose Erdogan, The Aviationist, 18․07․2016
[28] Cumhurbaşkanlığı Külliyesi yakınlarına 2 adet bomba atıldı: 5 şehit, Hürriyet, 16.07.2016
[29] 6 ayrı noktaya 13 bomba atılmış, Sabah, 21.08.2016
[30] TSK, darbe girişimine katılan personel sayısını açıkladı, NTV, 27.07.2016
[31] Adalet Bakanlığı: Darbe Girişimi Soruşturmalarında 50 Bin 510 Kişi Tutuklandı, Bianet, 13.07.2017
[32] Yurtta 19 Mayıs Atatürk’ü Anma, Gençlik ve Spor Bayramı coşkusu!, Sözcü, 19.09.2019
[33] Erdoğan: F-35 projesinden çıkarılırsak, ödediğimiz 1,25 milyar doları geri isteriz, Ahval News, 27.06.2019
[34] ABD, Türk pilotlarının F-35 eğitim uçuşlarını durdurdu, Sputnik Türkiye, 02․04․2019
[35] ‘Türkiye, 5. nesil savaş uçağı Su-57’yi ithal eden ilk ülke olabilir’, Sputnik Türkiye, 10.04.2019
[36] ‘Erdoğan, Rusya ile birlikte S-500 üretmeyi hedefliyor’, Sputnik Türkiye, 19․05․2019
[37] S-400 Uzun Menzilli Bölge Hava ve Füze Savunma Sisteminin İntikali, Türkiye Cumhuriyeti Milli Savunma Bakanlığı, 12.07.2019
[38] Akıncı Üssü’nün adı ”Mürted” olarak değişti, NTV, 06.09.2016
[39] Bloomberg: Türkiye, ABD’ye S-400’leri inceleme teklifi sundu, Sol Haber Portalı, 20.12.2018
[40] Serdar Kılıç: F-35’ler, S-400’lerin kapsama alanında olmayacak, Aydınlık, 30.05.2019