Լրահոս
Օրվա լրահոսը

Գլաձոր համայնքի ավագանին էլ մերժեց Վայոց ձորի մարզպետի առաջարկն ու կրկին ոչ ասեց մետաղական հանքարդյունաբերությանը․ ՀԲՃ

Հուլիս 25,2019 13:04

Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

Դրանից հետո Վայոց ձորի մարզպետը մի երկարաշունչ գրություն է ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել է ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը:

Գլաձոր համայնքի ավագանու 2019թ․ հունիսի 14-ի հերթական նիստում քննարկվել է նաև այդ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի առաջարկն ու 0 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով այն մերժվել է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող հանրագրին հավանություն տալու ավագանու որոշումը մնում է ուժի մեջ, իսկ ուղիղ ժողովրդավարության գաղափարը շարունակում է տարածվել Հայաստանում։

Հիշեցնենք, որ մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ Հայաստանում արդեն իսկ հանդես են եկել հինգ համայնք․ 2018թ․ գարնանը՝ Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ մայիսին՝ Արենին ու Եղեգնաձորը։ Ավագանիների որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու առաջարկներ ներկայացվել է բոլոր այդ համայնքներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մարզպետներին ուղարկված գրության հիման վրա։ Այդ առաջարկները մինչ այս մերժվել էին նաև Ջերմուկ, Նոյեմբերյան և Արենի համայնքների ավագանիների կողմից։

Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է ուղիղ ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունում հայտնված քաղաքական թիմը պայքարում համայնքային մակարդակներում այդ նույն եղանակի կիրառման դեմ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031