Երեք տարի շարունակ Միացյալ Թագավորության ժողովրդին Brexit-ի անորոշության ալեկոծություններին մատնելուց եւ պետությունը մասնատման վտանգի առջեւ կանգնեցնելուց հետո, Brexit-ի խելացնորության ճարտարապետներից, քարոզիչներից ու առաջնորդներից ամենահայտնին եւ ազդեցիկը՝ Բորիս Ջոնսոնը, երեկ՝ հուլիսի 24-ին, Էլիզաբեթ II թագուհու ձեռամբ նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ։ Ըստ հաշվարկների՝ Բորիս Ջոնսոնին վիճակվել է լինել ՄԹ 77-րդ վարչապետը, իսկ 77-ից ավելի հաջող թիվ որեւէ սնոտիապաշտությամբ դժվար է պատկերացնել։
Սակայն բացի Բորիս Ջոնսոնից եւ նրա օգտին քվեարկած շարքային Tory-ներից (Պահպանողական կուսակցության անդամները), որոնք նախկին վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո ներքին կուսակցական ընթացակարգերով Ջոնսոնին ընտրեցին կուսակցության նոր ղեկավար եւ երկրի վարչապետ, մնացյալ մարդիկ Միացյալ Թագավորությունում ու նրա սահմաններից դուրս դժվարությամբ են հավատում, թե Ջոնսոնը որեւէ հաջողություն կարձանագրի վարչապետի պաշտոնում։ Ինչ խոսք, մեծագույն արդարություն կա նրանում, որ մարդը, ով Brexit-ի արշավի դեմքն էր ու այցեքարտը, ով եփեց Brexit-ի ողջ շիլաշփոթը (չար լեզուներն ասում են՝ հենց այն ետին հաշվարկով, որ ի վերջո հասնի վարչապետի պաշտոնին), այժմ ինքն է ստիպված լինելու թաղել դրա պտուղները։ Ջոնսոնը տպավորիչ է, էքստրավագանտ ու խարիզմատիկ, ինչը նրա շուրջ երկրպագուների մեծ կամ փոքր բազմություններ էր ձեւավորել դեռ Լոնդոնի քաղաքապետ լինելու շրջանում, բայց հազիվ թե ռոք-աստղի կերպարը նրան օգնի Brexit-ի կարգի քաղաքական ճգնաժամ հանգուցալուծելու։
Ջոնսոնն այնքան է երեւացոդ, ինքնացուցադրվող ու հանրահայտ, որ թեեւ Լոնդոնն էր ղեկավարում, բոլորը նրան համապետական գործիչների հարթությունում էին ընկալում։ 2016-ին, երբ Brexit-ի հանրաքվեի արդյունքներին ի տես Դեյվիդ Քամերոնը հրաժարական ներկայացրեց, այն ժամանակ արդեն վարչապետի առավել հավանական հավակնորդ էր համարվում Բորիս Ջոնսոնը։ Վերջինս, սակայն, հրաժարվեց վարչապետի աթոռի համար պայքարից, եւ Tory-ների առաջնորդ ու վարչապետ դարձավ Թերեզա Մեյը։ Մեյի կառավարությունում Բորիս Ջոնսոնին առաջարկվեց, եւ նա ստանձնեց ԱԳ նախարարի պաշտոնը։ Այդ ժամանակ Էլ Foreign and Commonwealth Office-ի պատերից ներս մի անեկդոտ էր ծնվել եւ հասել մամուլ, որի իմատը մոտավորապես այն էր, թե այնքան ապրեցինք, որ ռոք-աստղից չտարբերվող նախարար էլ ունեցանք։
Իսկ այժմ, ի դեմս Բորիս Ջոնսոնի, Մեծ Բրիտանիան ռոք-աստղ վարչապետ է ստանում։ Նոր վարչապետը գալիս է ղեկավարելու եւ առաջնորդելու համարյա քաոսի մեջ եւ խոստանում է մեկ հարվածով Brexit-ի գորդյան հանգույցը լուծել։ Ինչպե՞ս է պատրաստվում դա անել։ Եթե Ջոնսոնին լսենք, ապա ինքն ամենապարզ ու հանճարեղ ճանապարհն է գտել՝ հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի դուրս գալ Եվրամիության կազմից։ Այդ ամբոխավարական կարգախոսով Ջոնսոնը հասավ վարչապետի պաշտոնին, բայց կարգախոսը կյանքի կոչելու հնարավորություններն այսուհետ խիստ մշուշոտ են:
Կարդացեք նաև
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում