Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաշաթաղում խորհրդակցություն է անցկացվել հակահրդեհային անվտանգության թեմայով

Հուլիս 25,2019 12:54

Հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում հրդեհների դեմ պայքարին։ Խորհրդակցությանը մասնակցել են վարչակազմի աշխատակիցներ, ինչպես նաև ոլորտային պատասխանատուներ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության և բնապահպանության բնագավառներից, ինչպես նաև «Արցախէներգո» ՓԲԸ-ից։

Խորհրդակցության մասնակիցները Ս․ Սարգսյանին ներկայացրել են այս տարվա հրդեհավտանգ սեզոնի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը՝ ըստ տեղանքի և ծագումնաբանության։ Քաշաթաղի շրջանում հիմնական հրդեհավտանգ գոտին հարթավայրային տեղանք ունեցող հարավային թևն է։ Հրդեհի բռնկման պատճառների շարքում ներկաներն առանձնացրել են ինչպես տեխնածին պատճառները (օր․՝ հոսանքալարերի անկում), այնպես էլ մարդկային գործոնով պայմանավորված հարուցիչները (օր․՝ արտերի չսանկցիավորված հրդեհումներ, որսի կանոնների խախտումներ և այլն)։ Վարչակազմի ղեկավարին տեղեկացրել են, որ մարդածին գործոնով պայմանավորված հրդեհի երեք դեպքում այս տարի գանձվել է դրամական տուգանք։

Լսելով ներկաների զեկույցները՝ վարչակազմի ղեկավար Ս․ Սարգսյանը հանձնարարել է վարչակազմի և «Արցախէներգո» ՓԲԸ-ի միջև գործակցությամբ կարգի բերել շրջանի որոշ տարածքներում տեխնիկական չափորոշիչներին չհամապատասխանող հոսանքալարերի հարցը, ինչպես նաև մշտապես կոկիկ և խոտազերծ պահել էլեկտրական հոսանքի ենթակայանների տարածքը և շրջակայքը։ Կարևորելով բնակչության շրջանում բացատրական և ուղղորդիչ աշխատանքների անցկացումը՝ Քաշաթաղի ղեկավարը, հղվելով նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականին, շեշտել է, որ միայն դա բավարար չէ, անհրաժեշտ է նաև խստագույն վերահսկողություն համապատասխան նորմերի պահպանման հարցում և սանկցիա՝ դրանց խախտման պարագայում։ Այս համատեքստում Ս․ Սարգսյանը կարևորել է նաև ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ աշխատանքը։

Վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ՝ աշխատակազմը հանձնառություն է ստանձնել նաև անհրաժեշտ բացատրական աշխատանքներ տանելու համայնքների ղեկավարների հետ։

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031