Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ու Վրաստանին միավորում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգի ընդհանուր շահը

Հուլիս 25,2019 12:29

Հուլիսի 24-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ նախարար Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ամփոփեց այցի առաջին օրվա ընթացքում ունեցած հանդիպումները՝ վերահաստատելով Վրաստանի հետ դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամությունը:

Նախարարն իր խոսքում նշեց, որ թեև Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ, երկու երկրներին միավորում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգի, սեփական ժողովուրդների բարեկեցությանը նպաստող միջավայր ստեղծելու ընդհանուր շահը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց այն կամրջող դերակատարությունը, որ ունի վիրահայ համայնքը երկու երկրների, երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում: «Անչափ կարևոր է, որ դուք՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, Վրաստանի հասարակական կյանքի մասնակիցներ, Վրաստանի բարեկեցության, զարգացման մասնակիցներ, նաև հանդիսանում եք ձեր արմատների, ձեր ինքնության պահապանը: Դուք նաև կարևորագույն կամուրջ եք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջև՝ ներդրում ունենալով երկկողմ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու գործում։ Բոլորս գիտենք, որ առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների որպես համայնք։ Սակայն իմ կարծիքով մեր համայնքների և, մասնավորապես, այս համայնքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ սա ոչ թե ուղղակի մարդկանց խումբ է, որոնք տարին մի քանի անգամ կարող են հավաքվել միասին սուրճ խմելու համար, այլ հայ համայնքի կարողությունն արտահայտվում է իր ինստիտուցիոնալ կազմակերպման մեջ։ Մենք ունենք ինստիտուցիոնալ առումով մեր ինքնությունն արտահայտելու տարբեր ձևեր»:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը անդրադարձավ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը պատասխանեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ վիրահայ համայնքի հուզող խնդիրների շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում:

Վիրահայ համայնքի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031