Այսօր ստացա «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Ա.Մկրտչյանի որոշումը։
Մեկ տարի տևած նախաքննության արդյունքում կայացվել է հետևյալ որոշումը․ «Միևնույն ժամանակ պարզվել և հիմնավորվել է, որ Արթուր Աղաբեկյանի 2002թ. մինչև 2017թ. ներառյալ ընկած ժամանակաշրջանում «Կյանք», «Ֆլեշ Պլյուս», «Զբոսաշրջային Կենտրոն», Ղարաբաղ «Կարպետ», «Թորոսյան և Թորոսյան» ՍՊ ընկերություններից ընդհանուր՝ 54477160 ՀՀ դրամ գումարի տարբեր ծառայությունների մատուցման ձեռքբերումները և ապրանքների գնումները չեն բխել «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակներից և խնդիրներից, բացի այդ Գրիգոր Արտեմյանին 18.12.2009թ-ին կնքված փոխառության պայմանագրով 8/ութ/ տարվա մարման ժամկետով 37791000 ՀՀ դրամ փոխառության գումարի տրամադրման արդյունքում, փոխառության գումարից ստացվող տոկոսագումարների մասով Հիմնադրամը ունեցել է՝ 8340179 ՀՀ դրամ գումարի բաց թողնված օգուտ, որիպիսի գործողությունների արդյունքում «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանն իր կարգադրիչ կամ այլ լիազորություններն օգտագործել է Հիմնադրամի շահերին հակառակ՝ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու նպատակով, որի արդյունքում Հիմնադրամին պատճառել է ընդհանուր 62817339 ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այսինքն` կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածի 5-րդ մասի և 1-ին կետի համաձայն՝ մինչև 2018թ. հոկտեմբերի 21-ը ներառյալ գործերը, որոնցով անձինք կարող են մեղադրվել այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատիժը ոչ ավելի է քան 4 տարի ժամկետով ազատազրկումը, ենթակա են կարճման:
Սույն քրեական գործով ստուգվել են համաներում չկիրառելու համար նույն օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետով ներկայացված սահմանափակումների հնարավոր առկայությունն Արթուր Աղաբեկյանի մասով, սակայն այդպիսիք բացակայում են, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով Արթուր Աղաբեկյանը չի առարկել և խնդրել է համաներման ակտի ընդունվելու կապակցությամբ իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 13-րդ կետերով, 55-րդ հոդվածով, 261-262-րդ հոդվածների պահանջներով.
Ո ր ո շ ե ց ի
1. Սույն քրեական գործով Արթուր Ալեքսանդր Աղաբեկյանի նկատմամբ 2018թ. օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և նույն օրն ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2. Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով:
3. Կարճել թիվ 69103718 քրեական գործի վարույթը:
4. Որոշման մասին հայտնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Անահիտ Բախշյանին, տուժողի ներկայացուցիչ Սեդրակ Սեդրակյանին և Արթուր Աղաբեկյանին, նրանց պարզաբանել, որ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն սույն որոշումը ստանալու պահից 7 օրվա ընթացքում այն կարող է բողոքարկվել վերադաս դատախազին, իսկ 290-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` որոշումը կարող է բողոքարկվել նաև վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել¸ բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսյա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
5. Որոշման օրինականությունը ստուգելու համար այն՝ քրեական գործի հետ միասին ուղարկել քրեական գործի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազին: »
Հավելեմ, որ անձամբ տեսել եմ պատճառված վնասի՝ մոտ 63,000,000 ՀՀ դրամի վերադարձի անդորրագրերը և չեմ կարող չընդգծել այս ընթացքում քննչական մարմնի հետևողական աշխատանքի մասին։ Հատկապես կարևոր են այն քայլերը, որոնցով հանդես է եկել Քննչական մարմինը՝ առաջարկելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկել ՊՆ-ի ներկայացուցիչների, որը ընդունվել է ՊՆ-ի կողմից և, ինչպես տեղեկացա ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանի նամակից և հիմնադրամի կայքից, ս․թ․ հունիսի 17-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշում է կայացվել ՊՆ-ի երկու ներկայացուցիչների ևս ընդգրկել խորհրդի կազմում, ինչպես նաև «Նիստի օրակարգում ներառված էր հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը: Հիմնադրամի իրավաբանը փոխանցեց, որ անհրաժեշտ է կանոնադրությունը ամբողջովին համապատասխանեցնել ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել հիմնադրամի շահառուներին:
Կանոնադրության նշված կետերի փոփոխության վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում: Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ որոշվեց կատարել համապատասխան փոփոխությունները և դիմել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու համար:»
Նշեմ, որ ինչպես հայտնել է ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալը, ըստ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների՝ Հիմնադրամի կանոնադրության փոփոխություն դեռևս չի կատարվել։
Իմ կարծիքով, շատ կարևոր է, որ այս հիմնադրամը լինի ՊՆ-ի ձեռքի տակ, որովհետև 2002-ին, երբ այն հիմնվել է, Արթուր Աղաբեկյանը եղել է ՊՆ—ի փոխնախարար, իսկ հիմա ինքն այնտեղ չէ, ավելին, ինքն այլևս վստահելի չէ։ Կարծում եմ ՀՀ քննչական մարմնի 13 էջանոց այս որոշումը պետք է ստանա նաև ՊՆ նախարար պարոն Դավիթ Տոնոյանը, որպեսզի համոզվի այն բանում, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների նախագահի փոփոխության անհրաժեշտություն կա։
Քննչական մարմնին շնորհակալություն համագործակցության համար։
Անահիտ Բախշյան
Հանրային խորհրդի անդամ
25․07․2019թ․