Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալի է, չէ՞, որ վարչապետ Փաշինյանի նպատակը «փայտի բիզնեսն իրենով անելը» չէ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 25,2019 11:54

«Իջեւանյան կրքերն» ինչպես անսպասելիորեն բռնկվել էին, նույնքան անսպասելիորեն էլ գրեթե մարեցին։ Դիվերսիան չստացվեց։ Ընդ որում՝ չստացվեց երկու հիմնական պատճառներով։ Առաջին՝ չնայած լավ բեմականացված բախումներին ու վարձու քարոզչամիջոցների բարձրացրած ահավոր հիստերիային (իբր՝ ոստիկանները ջարդում են խաղաղ ցուցարարներին, թեեւ տուժածների մեծ մասը ոստիկաններ էին), հասարակական կարծիքն, այնուամենայնիվ, իշխանությունների կողմն էր ու դատապարտում էր անտառը լափողներին։ Եվ երկրորդ՝ իշխանությունները հայտարարեցին, որ իրենք չեն տրվելու շանտաժին, եւ իրավախախտների նկատմամբ ոչ մի զիջում չի լինելու: Մինչդեռ կազմակերպիչների հիմնական նպատակը հենց դա էր՝ շոշափել իշխանությունների թույլ կողմերը, հույս ունենալ, թե նրանք տեղի կտան մի քանի հարյուր ցուցարարների առաջ ու նվաստացուցիչ բանակցություններ կսկսեն, ու արդեն հետագայում, օգտագործելով այդ «նախադեպը», նմանատիպ ցույցեր կազմակերպել ու ճանապարհներ փակել ցանկացած մարզում՝ ցանկացած առիթով։ Բայց իշխանություններն անդրդվելի մնացին, եւ թամաշան շարունակելն անիմաստ դարձավ։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին անիմաստ էր դարձել օպերայի հարակից մի քանի սրճարանների ապամոնտաժման դեմ առաջին օրերին սկսված իբր ինքնաբուխ ակցիաները շարունակելը։ Այս իշխանություններն առաջնորդվում են օրենքներով, եւ ոչ թե մի քանի հարյուր ցուցարարներին դուր գալու մղումներով։

Օրենքով առաջնորդվելն, իհարկե, միշտ չէ, որ դուր է գալիս մարդկանց։ Հատկապես նրանց, ովքեր տարիներ շարունակ օրենք խախտելով՝ հսկայական հարստություն են դիզել։ Բայց ի սկզբանե հասկանալի էր նաեւ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է լինելու դիմել կոշտ քայլերի, եւ այդ հարցի շուրջ հասարակության մեջ լիակատար կոնսենսուս կա։ Առավել եւս, որ կոնկրետ Տավուշի մարզի ապօրինի անտառահատումների դեպքում կառավարությունն «անտեր չի թողնում» այդ ոլորտում «զբաղվածներին», փոխարենն աշխատատեղեր է առաջարկում, ներդրումային ծրագրեր է իրականացնում (համենայն դեպս բարենպաստ միջավայր է ստեղծում այդպիսի ծրագրերի իրականացման համար), եւ այլն։ Բայց տվյալ դեպքում շատ ավելի էական է մեկ այլ հանգամանք՝ իշխանություններն այս ամենն անում են ոչ թե հանուն իրենց անձնական շահի կամ քաղաքական վարկանիշի, այլ հանուն պետության։ Հասկանալի է, չէ՞, որ վարչապետ Փաշինյանի նպատակը «փայտի բիզնեսն իրենով անելը» չէ (ցանկության դեպքում դա հնարավոր կլիներ անել տասը րոպեում առանց ցնցումների), եւ նա, մեծ հաշվով, անձնական որեւէ շահ չունի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031