Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց գործընկերների քայլին սպասող

Հուլիս 25,2019 12:00

Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում ճշգրտումների փուլ է

Հուլիսի 24-25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Վրաստանում է, որտեղ անց են կացվում նրա բանակցություններ երկրի իշխանությունների հետ:

Երեկ Հայաստանի Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները:

Հայ-վրացական հարաբերությունների կարեւորությունը շեշտելու հարցում Փաշինյանի կառավարությունն առաջին իսկ քայլերն արեց դեռ անցյալ տարի անմիջապես իշխանափոխությունից հետո՝ Վրաստան այցելելով, այնուհետեւ Փաշինյանն ու իր պաշտոնակիցը ունեցան ոչ պաշտոնական հանդիպումներ:

Այս տարվա մարտ ամսին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստան նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին: Ավելի վաղ, նա Բաքվում նա հայտարարել էր, որ «օկուպացված տարածքները բաց վերք են երկու երկրների համար»: Երեւանում արդեն Զուրաբիշվիլին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նկատել էր, որ իր երկրի համար շատ կարեւոր է ՀՀ-ի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Պետության ղեկավարը մանրամասնել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների այցերը Աբխազիա եւ Հարավային Օսիա:

Հրապարակային, Երեւանում Վրաստանի բարձրագույն իշխանության կողմից նման հայտարարությունն, անշուշտ, աննախադեպ էր: Այս հայտարարությունից երկու ամիս անց ուշագրավ տեղեկություն ստացվեց: ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան իր 73-րդ նստաշրջանում ընդունել էր բանաձեւ, որը Վրաստանը նախաձեռնում էր 2008թ-ից սկսած, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում փախստականների կարգավիճակի վերաբերյալ: Հայաստանը, որը ամեն տարի դեմ էր քվեարկում այդ բանաձեւին, այս տարի առաջին անգամ չմասնակցեց քվեարկությանը:

Տարիներ առաջ վրացական բանաձեւի ընդունմանը Հայաստանից բացի դեմ էին քվեարկում՝ նաեւ Ռուսաստանը, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Վիետնամը, Կուբան, Լաոսը, Նիկարագուան, Շրի Լանկան: Հայաստանը խուսափում էր պաշտոնական պարզաբանում տալ, թե ինչու է դեմ քվեարկում բանաձեւին:

Այդ տարիներին հնչում էին քննադատություններ, որ Հայաստանը չպետք է միանշանակ բացասական դիրքորոշում հայտներ բանաձեւի առնչությամբ, քանի որ բանաձեւը արժանանում է արեւմուտքի եւ միջազգային հանրության աջակցությանը: Մյուս կողմից՝ հայ–վրացական կենսական նշանակության հարաբերություններն էին մատնանշվում, եւ նշվում էր, որ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի, բացահայտ չհարվածի Վրաստանին` հանուն Ռուսաստանի եւ հանուն հայ-ռուսական հարաբերությունների:

Իհարկե, նախկինում նշվում էր, որ Վրաստանը կողմ է արտահայտվում ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջ քաշած նախագծերին, այդ իսկ պատճառով՝ Հայաստանն էլ իր քայլն է անում: Սակայն, դեռ նախորդ տարիներին փորձագետները նշում էին, որ թե ավելի ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանը ոչ թե դեմ, այլ ձեռնպահ քվեարկի Վրաստանի առաջարկած բանաձեւին, որպեսզի չհայտնվի Սուդանի, Վենեսուելայի, Կուբայի եւ այլ երկրների կողքին:

Այսպիսով, Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չքվեարկեց Վրաստանի դեմ: Փաստաթղթի ընդունմանը կողմ էին քվեարկել 73 պետություն, դեմ` 15-ը, եւս 57 երկիր, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։ Նշենք, որ բանաձեւին դեմ քվեարկածների թվում էին՝ Բելառուսը, Ռուսաստանը, Բուրունդին, Կոմորոսը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լաոսը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Վիետնամը, Զիմբաբվեն։ Ձեռնպահների թվում էին՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Իրանը, Չինաստանը, Կիպրոսը, Իսրայելը։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մակարդակով հնչեց պարզաբանում: «Ռուսաստանի ու Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է արտաքին քաղաքական երկու կարեւոր ուղղությունները համադրելով», – արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանի ներկայացրած հակառուսական բանաձեւի քվեարկությանը Հայաստանի չմասնակցելուն՝ նկատել էր ՀՀ արտգործնախարարը։

Ընդունված բանաձեւը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տեղահանվածների վերադարձի իրավունքի ճանաչմանն էր վերաբերում, բայց կատարման համար պարտադիր չէ՝ խորհրդատվական բնույթի է: «Մենք շարունակելու ենք կանոնավոր ընդլայնել եւ զարգացնել մեր հարաբերությունները եւ խորացնել մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Հայաստանը նաեւ ունի կարեւորագույն օրակարգ Վրաստանի հետ, որպես հարեւան պետություն, [որում ընդգրկված հարցերը] նույնպես առնչվում են տարածաշրջանային անվտանգության եւ կայունությանը: Եվ մենք առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության այս երկու կարեւորագույն ուղղությունները համադրելով մեր երկու շատ կարեւոր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցելիս»,- հավելել էր Մնացականյանը:
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Առաջին հայացքից անէական թվացող այս քայլը, անկյունաքարային է Հայաստանի նոր արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հատկապես Հայաստան-Վրաստան հարաբերությունների եւ մեր երկու եղբայրական ժողովուրդների միմյանց նկատմամբ վստահության ամրապնդման համատեքստում սա բեկումնային փոփոխություն է: Այսուհանդերձ, ապագայում բազմակողմ ֆորմատներում նմանատիպ քվեարկությունները նորմ դարձնելու համար անհրաժեշտ է վրաց գործընկերների համանման վարքագիծը, ինչը` հուսով եմ, չի ուշանա»:

Թե ինչ վարքագիծ կդրսեւորեն վրաց գործընկերներն ապագայում՝ պարզ կլինի հետագա իրադարձություններից:

Վրաստան կատարած՝ Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի մասին՝ հաջորդ համարներում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

25.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031