Միանգամից զգուշացնեմ, որ խոսքը ոչ թե չարչրկված Վենետիկի հանձնաժողովի մասին է, այլ իրական Վենետիկի պատմական փորձի մասին: 16-րդ դարում Վենետիկի փառքը սկսել էր խամրել: Ատլանտիկ օվկիանոսից այն կողմ Նոր աշխարհի հայտնաբերումից հետո առեւտուրը, որն այն ժամանակվա հիմնական տնտեսական գործունեությունն էր, փոխել էր իր ուղղությունը, եւ հիմնական դերակատարներ էին դարձել Իսպանիան եւ Պորտուգալիան, իսկ այնուհետեւ Անգլիան եւ Հոլանդիան: Վենետիկը չէր դիմանում մրցակցությանն ու աղքատանում էր: Սակայն այդ ամենը հնարավոր չէր բացատրել քաղաք-պետության բնակիչներին՝ նրանց պետք էին քավության նոխազներ, որոնց անհրաժեշտ էր «մեղավոր նշանակել», իսկ նուրբ տնտեսագիտական ու քաղաքագիտական վերլուծությունները նրանց չէին հետաքրքրում: Այդ պարագայում պոպուլիստները միշտ պատրաստ են պարզունակ լուծումներ առաջարկել:
Բայց նման իրավիճակներն առաջ են բերում նաեւ այլ տեսակի պոպուլիստների, որոնք թերեւս ավելի վտանգավոր են: Պայմանականորեն նրանց կարելի է կոչել «հրաշագործներ»: Այս պարագայում հայտնվեցին խարդախներ, որոնք վենետիկցիներին ասացին՝ «Ի՞նչ առեւտուր, ի՞նչ Նոր աշխարհ, ի՞նչ Իսպանիա՝ այդ ամենը ձեզ պետք չէ: Մենք գիտենք մի գաղտնիք, մի հեքիաթային նյութ, որը ցանկացած սովորական քար կարող է ոսկի դարձնել»: Դա այն էր, ինչ մարդկանց պետք էր, եւ անգամ քաղաքի ղեկավարները հավատացին նման արկածախնդիրներից մեկին, նրան բնակեցրին շքեղ պալատում, հատկացրին շռայլ վարձատրություն, որպեսզի նա քարերը ոսկի սարքի եւ լուծի քաղաքի խնդիրները: Երիտասարդն էլ փողը վերցրեց ու փախավ Եվրոպայի մեկ այլ քաղաք, որի բնակիչները դարձյալ հավատացին խաբեությանը: 500 տարում մարդկությունը չի փոխվել, չեն փոխվել նաեւ արկածախնդիրները: Իհարկե, մեր լուսավոր դարում մարդիկ դժվար թե հավատան, որ սովորական քարից կարելի է ոսկի ստանալ: Բայց, օրինակ, Խորհրդային Հայաստանում ապրածներից շատերը վստահ են, որ «Նաիրիտը» կամ «Վանաձոր քիմպրոմը» հնարավոր է աշխատեցնել հին խորհրդային հզորություններով: Կամ կարծում են, որ եթե մեր հանքարդյունաբերության եկամուտները տրվեն ժողովրդին, ապա ժողովուրդը կհարստանա:
Բայց պարտադիր չէ, որ նաեւ մտածող մարդիկ ապրեն այդ, ինչպես ասում են, «մանիպուլյացիոն» առասպելներով: Հակառակը, մեր խնդիրն է հասկանալ, թե ուր է գնում աշխարհը: Վերադառնալով Վենետիկի օրինակին, այդ հրաշալի քաղաքի ղեկավարները եւ վերնախավը պետք է ոչ թե տարվեին երեւակայական ծրագրերով, այլ հասկանային, թե Նոր աշխարհի բացահայտումից հետո ինչ կարելի է անել, որպեսզի իրենց քաղաք-պետությունն էլ մասնակցի համաշխարհային առեւտրին: Իհարկե, դա ավելի մեծ մտավոր ջանքեր է պահանջում, քան «ժողովրդի ձայնը լսելը»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Basically, the story of today’s Armenia … and also many countries.
A simple formula to fool people: A+B=C.
A) The ‘bad guys’ (Serjik, Robic, Lfik, Manvel, Sashik, etc) are stealing from the people,
B) The bad guys are forced to leave and are replaced by the ‘good guys’ (Nikol, Ararat, Levon, etc),
C) we will live well.
People believed it of course! It always works … since centuries.