Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբուլատոր քարտի շապիկին նշել են՝ ՄԻԱՎ

Հուլիս 25,2019 13:30

47 ամյա կնոջ ամբուլատոր քարտի շապիկի վրա, ակնառու տեղում գրել են՝ ՄԻԱՎ: Պոլիկլինիկան, որտեղ բժշկական աջակցության համար դիմել է կինը, այդ գրառումն իրավունք չուներ անելու: Հիմա այդ գրառումը խնդիր է դարձել կնոջ համար:

ՄԻԱՎ-ով ապրող այս կինը չկարողացավ «Առավոտ»-ի հետ խոսել՝ առողջական խնդրի պատճառով դժվարությամբ է խոսում, գլխուղեղի լիմֆոմա ունի: Նրա փոխարեն մեզ խնդիրը ներկայացրեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» Հ/Կ նախագահ Ժենյա Մայիլյանը:

Նա ասաց, որ ամբուլատոր քարտի վրա նման գրառում անելն անթույլատրելի է, դա մարդու իրավունքի խախտում է, խտրականություն է անձի նկատմամբ. «Ո՞ւմ քարտի շապիկի վրա են գրում սիֆիլիս կամ մտավոր խնդիր: Նման իրավունք չկա, դա խարան է: Քարտի շապիկի վրա նշումներ կան գրելու՝ անուն, ազգանուն, ծննդյան օր, ամսաթիվ ու տարին, հասցեն, բայց չկա ՄԻԱՎ կարգավիճակի մասին պահանջ»: Մայիլյանն ասաց, որ ՄԻԱՎ-ով ապրող այս կինը Հ/Կ-ի սոցիալական աշխատողներին պատմել է, որ իր կարգավիճակի պատճառով տարբեր կառույցներում, մեղմ ասած, ոչ բարյացակամ են վերաբերվել. «Եթե նա որեւէ տեղ է դիմում, եւ եթե ամբուլատոր քարտի վրա գրված է նման բան, դրանով պայմանավորված նրան խտրականության են ենթարկել: Նա միայնակ չի կարողանում տեղաշարժվել, հենաշարժողական խնդիր ունի, բժշկի գնալիս իր հարազատին պիտի դիմի, սակայն չի համարձակվում, չի ասում նրան, որովհետեւ քարտի վրայի գրածը կտեսնի»:

Թվում է է թե բժշկական հանրությունը պետք է առավել հանդուրժող եւ կարծարատիպերից զերծ լինի, բայց ինչպես Մայիլյանին վստահեցրել է ՄԻԱՎ-ով ապրող այս կինը, ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակը հայտնաբերվելուց հետո բազմիցս ենթարկվել է խտրականության, բայց հատկապես առողջապահական հաստատություններում:

Հ/Կ-ի նախագահն ասաց, որ հիմա այս կինը գտնվում է հոգեբանական շատ ծանր եւ ընկճված վիճակում. «Կինը պետք է հերթական հետազոտությունն անցներ, բայց չէր կարողանում գնալ համապատասխան կենտրոն: Մեր սոցիալական աշխատողներն են գնացել արյուն վերցնելու, բայց հենց տեղում մի շարք խնդիրներ են բացահայտել: Բացի այն, որ նա հենաշարժողական խնդիր ունի ու չի կարողանում ինքնուրույն գնալ անալիզներ հանձնելու, ուներ թոշակի ու նպաստի հետ կապված խնդիր, քայլակի խնդիր: Մեզ դիմելուց հետո փորձել ենք խնդիրները լուծել՝ հաշմանդամության կարգի վերականգնում, բժշկական հետազոտությունների կազմակերպում, ընտանեկան նպաստի համար փաստաթղթերի հավաքագրման գործընթացում աջակցություն, քայլակի ձեռքբերման աջակցություն եւ հոգեբանական աջակցություն»:

Մայիլյանը նկատեց՝ պետական մարմիններն այստեղ անելիք ունեն, պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ բացառելու մարդու իրավունքների ոտնահարումները:

Մայիլյանը մեկ այլ դեպք էլ պատմեց խտրական վերաբերմունքի եւ իրավունքի խախտման մասին. հուլիսի 10-ին Հ/Կ-ն տեղեկություն է ստացել, որ մի կենսաթոշակառու քաղաքացի նստացույց է կազմակերպել եւ սպառնում է ինքնավնասվել, եթե իրեն կացարանով չապահովեն: Առաջին օգնությունը ցուցաբերել է կրկին Հ/Կ-ն, ժամանակավոր կացարան է տրամադրել, բայց այս օգնությունը երկարաժամկետ հնարավոր չէ տրամադրել, կազմակերպության ռեսուրսները սահմանափակ են:

Մայիլյանը պատմեց, որ այս քաղաքացին ՄԻԱՎ կարգավիճակ ունի, ինչպես նաեւ տուբերկուլոզ. «Նա տուբդիսպանսերից դուրս է գրվել, վարակիչ չէ, բայց պետք է բուժման կուրսը շարունակի: Այս քաղաքացին գնալու տեղ չուներ, իսկ օրենքը թույլ չի տալիս ծերանոցում նման հիվանդներին ընդունեն: Սա լուրջ խնդիր է, բացի այն, որ նա հասարակության շրջանում է խտրականության ենթարկվում, նաեւ օրենսդրական մակարդակում կա խտրականություն: Հիմա մենք մեր միջոցներով պահում ենք, փորձում ենք ավելի էժան բնակարան գտնել, մենք մեծ ռեսուրսներ չունենք, չենք կարող մշտապես հոգալ նրա կարիքները: Բազմաթիվ պետական կառույցների ենք դիմել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարին ենք հանդիպել, բայց օրենքը թույլ չի տալիս, որ այս մարդը գնա պետական որեւէ ապաստարան»:

Մայիլյանը նկատեց՝ այսօր հասարակական կազմակերպությունը կարողանում է մեկին, երկուսին, երեքին կամ մի քիչ ավելիին օգնել, սակայն, վաղը գուցե նման խնդիրներով անձինք ավելի շատ լինեն՝ եթե այսօր պետությունը չսկսի խնդրի լուծման ուղղությամբ աշխատել. «Եթե ինստիտուցիոնալ մակարդակում կան բացեր, խնդիրը չի լուծվի: Օրենքները պետք է լինեն ավելի մարդակենտրոն, համակարգային եւ օրենսդրական փոփոխություններ են հարկավոր, մարդու իրավունքները չպետք է խախտեն՝ անկախ նրանց կարգավիճակից»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031