Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր հայկական դիվանագիտության համար

Հուլիս 25,2019 15:30

Սկիզբը՝ այստեղ

Թրամփի աշխատակազմն ավելացնում է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը

Վաշինգտոնում անցյալ շաբաթ կայացավ «Կրոնի ազատության նախարարական համաժողովը», որին մասնակցեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նա աշխատանքային այցով էր մեկնել Միացյալ Նահանգներ։ ՀՀ ԱԳ նախարարը հուլիսի 16-ին հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հանդիպմանը կարեւորվել էր Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի եւ հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել էր կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել էին Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին: Նշյալ հանդիպմանը զրուցակիցները գոհունակություն էին հայտնել հայ-ամերիկյան գործընկերային եւ բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:

Հուլիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Վաշինգտոնում անցկացվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին, որին մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ պատվիրակություն նախարարների մակարդակով եւ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված հատուկ ուղերձով հանդես եկավ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, իսկ բացման խոսքով՝ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Իր ելույթում նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել էր. «Կրոնը ինքնության արտահայտման եւ պաշտպանության ինստիտուտ է: Մեր պատմությունը դրա խոսուն վկայությունն է: Բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողականությունը եւ հարգանքը, քրիստոնեական ժառանգությունը, միասին ապրելու եւ այլ հավատքների հետ գոյակցելու երկարատեւ պատմությունը մեր ազգային փորձի մասն են: Կրոնի եւ հավատքի ազատությունը բացարձակ մարդկային իրավունք է, որը որեւէ հանգամանքի պարագայում՝ ներառյալ հակամարտային իրավիճակներում, չի կարող վերացվել կամ սահմանափակվել»: Ընդգծելով, որ կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելումը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար, նախարար Մնացականյանը նկատել էր. «Հայաստանն ապաստան է դարձել կրոնական մի շարք խոցելի փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների եւ ասորիների համար։ Այսօր եզդիները Հայաստանի զորեղ փոքրամասնությունն են, եւ մենք շատ հպարտ ենք, որ այս հինավուրց ժողովուրդն իր հայաստանյան հայրենիքում կբացի ամենամեծ տաճարը։ Աշխարհի հնագույն Քրիստոնեական եկեղեցիների եւ Երեւանի հիասքանչ Կապույտ Մզկիթի հետ մեկտեղ այն կխորհրդանշի հավատքի եւ հանդուրժողականության գեղեցկությունը»: Ապա` նա հավելել էր, որ, ցավոք, Մերձավոր Արեւելքում ականատես ենք լինում զանգվածային վայրագությունների, ներառյալ՝ եզդիների եւ քրիստոնյաների հանդեպ իրականացվող ցեղասպան գործողությունների կրկնությանը. «Այս հալածանքները տեղի են ունենում կրոնի անունից, քանզի կրոնը հաճախ չարաշահվում է նրանց կողմից, ովքեր բռնություն են իրականացնում կամ արդարացնում այն։ Կրոնական տարբերությունների վկայակոչմամբ՝ զոհերի եւ հանցագործությունն իրականացնողների միջեւ հավասարության նշան դնելու փորձերը սին են մի պարզ պատճառով. ի տարբերություն զոհերի, հանցագործություն իրականացնողները չեն ներկայացնում որեւէ կրոն, եւ կրոնական համերաշխության կոչերով կամ կրոնի հետեւում թաքնվելով՝ ծանր հանցագործությունները, այդ թվում` ցեղասպանությունն արդարացնելու փորձերը վիրավորանք են ցանկացած կրոնի հանդեպ։ Հալածանքների ենթարկված համայնքների վերականգնումը, հավատքի վայրերի, կրթական եւ այլ գույքի վերադարձը եւ վերականգնումը կրոնի ազատության պաշտպանության առանցքային բաղադրիչներն են։ Այսօր մենք ապաստան ենք տվել ավելի քան 20 հազար փախստականների Մերձավոր Արեւելքից եւ տեղում վերջիններիս ցուցաբերել օգնություն»:

Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Մնացականյանը վերահաստատել էր Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու եւ խորացնելու համագործակցությունը Ամերիկյան պետությունների կազմակերպության եւ նրա անդամ երկրների հետ՝ այս համատեքստում ընդգծելով կառույցի՝ որպես կապող օղակի դերը։ Նրանք անդրադարձել էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք արդիական խնդիրներին եւ զարգացումներին՝ կարեւորելով բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը։

Մինչ ՀՀ Ազգային ժողովի նախագահը եւ արտգործնախարարը ԱՄՆ-ում հանդիպումներ էին անցկացնում եւ կարեւորում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, տեղեկություն ստացվեց այն մասին, որ Միացյալ Նահանգներն ավելացնում է Ադրբեջանի ռազմական օգնությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ. եւ 2019թ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի, ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը իր վերլուծության մեջ նշում է, որ Ադրբեջանը 2018թ. հարկային տարում պետք է ստանա 58.6 միլիոն դոլար, իսկ 2019թ.՝ 42.9 միլիոն դոլար: Ընդ որում, 2016-17թթ. հարկային տարիներին այդ օգնության չափը կազմել է տարեկան 3 միլիոն դոլար: 2018թ. ապրիլի 27-ին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը կոնգրեսին տեղեկացրել է, որ իրենք ծախսում են 47.5 միլիոն դոլար Ադրբեջանի «Հարավային սահմանի անվտանգության վրա՝ «կապ, էլեկտրոնիկա, շինարարություն, ծովային պաշտպանության սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ», 11.1 միլիոն դոլար «Կասպից ծովի ծովային անվտանգության վրա» եւ 80 հազար դոլար «մարդու իրավունքների դասընթացների» վրա:

Արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող 100 միլիոն դոլար ֆինանսական օգնության եւ Հայաստանին տրամադրվող աջակցության նվազման պատճառը Սիրիա հայ ականազերծողների խումբ ուղարկելու որոշումն էր… civilnet.am-ի թարգմանությամբ հոդվածում ասվում է, որ չնայած այդ օգնությունը ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ռազմավարության մի մասն է եւ թերեւս կենտրոնանում է Ադրբեջան-Իրան սահմանի վրա, այն անմիջական հետեւանքներ ունի Հայաստանի համար: Թեեւ ԱՄՆ-ը երկար ժամանակ Ադրբեջանին ավելի մեծ ռազմական օգնություն էր ցուցաբերում, քան Հայաստանին, սակայն այդ տարբերությունը ավելի ցայտուն դարձավ անցյալ տարի Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Անվտանգության աջակցության մոնիտոր հետազոտական կենտրոնի համաձայն, Հայաստանը ստացել է 4,2 միլիոն դոլար ամերիկյան ռազմական օգնություն 2018 ֆինանսական տարվա համար (2018թ. հոկտեմբերին ավարտված), իսկ 2019թ. համար նախատեսված է 2,8 միլիոն դոլար եւ 2020-ի համար՝ 2,1 միլիոն դոլար: Պարզ չէ, թե արդյոք դա կապված է Հայաստանի կողմից որպես ռուսական ռազմական ներկայության մաս Սիրիա ականազերծողների ջոկատ ուղարկելու հետ: Ադրբեջանի սահմանային անվտանգության համար անցյալ տարի ԱՄՆ-ի օգնության աճին զուգահեռ աճել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության բյուջեն՝ 2018թ. 90 միլիոնից 2019թ. դառնալով 116 միլիոն դոլար։

Ու այս ամենն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի օրենքը, որ հայտնի է Ազատության աջակցության ակտի 907 բանաձեւ, արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա «կարեւոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար» եւ «չի խոչընդոտի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:

Ի դեպ, հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել էր լրացում, որով նախատեսվում էր արգելել սպառազինություն վաճառել Ադրբեջանին, որը մեծացնում է քաղաքացիական ինքնաթիռներ հարվածելու երկրի հնարավորությունները։ Այս մասին տեղեկացրել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Աղբյուրի համաձայն՝ այս նախաձեռնությունն ուղղված էր նրան, որպեսզի Բաքվին թույլ չտան մշտական սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիային Ստեփանակերտի օդանավակայանի համար: «Այս լրացումն ազդանշան է Ադրբեջանին, որ նա չի կարող այսուհետ եւս սպառնալ, թե կխոցի քաղաքացիական ինքնաթիռներ։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը վախեցնի հարեւաններին»,- ասել էր Շերմանը։ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ նշել էր՝ ԱՄՆ-ը դեմ է քաղաքացիական ինքնաթիռների ցանկացած սպառնալիքին։

Հիշեցնենք, որ 2011թ. մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ թույլ չի տվել թռիչքներ կատարել դեպի Լեռնային Ղարաբաղ, եւ նշել է, որ ավիացիայի մասին օրենքի համաձայն՝ իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ ուղեւորվող ինքնաթիռները»։

Հավելենք նաեւ, որ հուլիսի սկզբին Միացյալ Նահանգների պահեստային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ռոն ՄըքԼարենը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի երկաթուղիների ղեկավար Ջավիդ Ղուրբանովի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում էին, որ կողմերը քննարկել են տրանսպորտի եւ բեռնափոխադրումների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային եւ Անդրկասպյան ճանապարհներով բեռների տեղափոխմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում համագործակցության խորացումը ավելի ու ավելի նկատելի է դառնում: Անշուշտ, Վաշինգտոնն ունի իր շահերը մեր տարածաշրջանում եւ առաջնորդվում է դրանցով, սակայն մնում է անպատասխան հարցը, թե հայկական դիվանագիտությունն ինչպես է փորձելու հակակշռել ԱՄՆ-Ադրբեջան խորացող համագործակցությանը:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031