Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա աբսուրդ է եւ վիրավորական՝ պետության ղեկավարների միջեւ հարաբերություններում»

Հուլիս 25,2019 14:00

Արծվիկ Մինասյանը՝ «ճռռիկներ» անողների ու դավադիր ուժերի մասին

«Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող անձինք փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրում: Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, եւ վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել եւ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետեւյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկն այսպես էր սկսել ու հրահանգել էր ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին՝ սեւազգեստ խմբերին տեղորոշել, ծաղկավոր «բաբոչկան» կապել եւ ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք:

Վարչապետը վստահեցրել էր, որ Ազատության հրապարակը փորձում են երթեւեկելի գոտի դարձնել, ավտոմեքենաներով ճռռիկներ անել, վարել մայթերով եւ սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն կամ իրավական համակարգը չկա, թույլ է:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե խոսքը կենցաղային մակարդակով այն, որ մեքենաներով ճռռցնում են, դրա մասին է, դա բերել եւ դարձնել պետական մակարդակի հարց, նշանակում է ոչ ոստիկանությունն է տեղում, ոչ էլ մենք կարողանում ենք պետականության կարեւորության հարցը տարանջատել կենցաղային հարցերից: Եթե դա խոսվում է այնպիսի փոխաբերական իմաստով ճռռռացողների մասին, որոնք պետականությանը վտանգ են սպառնում, ուրեմն դրա մասին ոչ թե պետք է բարձրաձայնել, այլ պետք է գործել: Հրահանգը կարող էր տալ ԱԱԾ-ին ու ոստիկանապետին առանց մամուլի մասնակցության, եթե նպատակը կանխարգելելն էր»:

Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ ինչ-որ ուժերի մասին, որոնք ուզում են դավադրությունների միջոցով պատերազմ հրահրել ու հողեր հանձնել: Իսկ երբ լրագրողները հարցրեցին, թե ո՞ւմ նկատի ունի, ո՞ր ուժերի, վարչապետն ի պատասխան խոսեց Արցախի իշխանությունների մասին. «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում՝ ԼՂՀ եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ պրետենզիաներ կա՞ն իմ առաջադրած տեսլականի հետ կապված, համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն: Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով պետք է գնանք առաջ ու էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքը դա անում»:

Այս առնչությամբ Արծվիկ Մինասյանն ասաց. «Դա աբսուրդ է եւ վիրավորական է՝ ընդհանրապես պետության ղեկավարների միջեւ հարաբերություններում, այն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ հայկական երկու պետությունների»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031