Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը վստահեցում է, որ իրենց դուռը բացող կա, ընկերներն իրենցից երես չեն թեքել
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստերը շարունակվում են՝ առանց Մանվել Գրիգորյանի: Երեկ էլ հայտարարվեց, որ առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը չի կարողանում ներկայանալ դատարան: «Առավոտը» զրուցեց Նազիկ Ամիրյանի հետ: Մենք ճշտեցինք՝ դուք հիմա Էջմիածնո՞ւմ եք դեռ բնակվում, այսինքն, այն տանը, որտեղ նախկինում էիք ապրում, նա պատասխանեց. «Հա, բայց ուրիշ որտե՞ղ մենք պիտի ապրեինք»:
Հարցին՝ մարդկանց, ձեր շրջապատի վերաբերմունքը ձեր ու ձեր ընտանիքի նկատմամբ փոխվե՞լ է, Նազիկ Ամիրյանը պատասխանեց, որ շատ նորմալ են իրենց վերաբերվում. «Շատ նորմալ է, նույն ձեւ, ոնց նախկինում էր»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի դեմ ցույցեր էին կազմակերպվում, իսկ երբ նրա խափանման միջոց կալանքը փոխվեց, ցուցարարները սպառնում էին՝ ասելով. «Մի՛ ստիպեք ժողովրդին դիմել ծայրահեղ քայլերի: Մի՛ ստիպեք ձեռքս դուբինկա վեկալեմ, կամ մի հատ դանակ վեկալեմ ու Մանվելի վիզը կտրեմ: Չեմ ուզում Մանվելի համար գնամ նստեմ մի տասը տարի: Պահանջում ենք կալանքի տակ վերցնել Մանվելին»:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ այնքան չարացած էին մարդիկ, որ հնչում էին կոչեր նրան հրապարակում այրելու:
Կարդացեք նաև
Նազիկ Ամիրյանը, սակայն, վստահեցնում է, որ իրենց նկատմամբ ոչ մի ագրեսիա էլ չեն տեսնում: Հարցին՝ չկա՞ վախ տնից դուրս գալու առանց թիկնապահ «ախրաննիկների», նա պատասխանեց. «Ես երբեք ախրաննիկով ման չեմ եկել, միշտ առանց թիկնապահների եմ եղել, հիմա էլ ընդհանրապես դրա կարիքը չեմ զգում»:
Նազիկ Ամիրյանն ասաց, որ ոչ մի արտառոց իրավիճակ չկա, իրենց հարեւանները, ընկերները միանշանակ իրենց հետ շփվում են այնպես, ինչպես նախկինում, իրենց տան դուռը բացող, իրենց հետ շփվողներ կան: Իսկ այն մարդիկ, որոնք ցույցեր էին անում, Էջմիածնի ճամփան էին փակում, որ Մանվել Գրիգորյանի «կլանը» տապալեին ու նրան թույլ չտային մտնել Էջմիածին, Նազիկ Ամիրյանի խոսքով՝ «Նրանք իրանց խնդիրն ունեն, իրանց հովանավորն ունեն, իրանց գործով են զբաղվում: Մենք ապրում ենք սովորական մեր առօրա կյանքով»:
Թե ո՞րն էր ցուցարարների խնդիրը, ի՞նչ հարց էին լուծում դրանով՝ նա պատասխանեց. «Կխնդրեմ արդեն մանրամասներ չասեմ: Դիրքորոշում չհայտնեմ, լա՞վ: Առանց ուղղորդելու ոչ մի բան չի լինում»:
Հարցին՝ ինչո՞ւ պետք է հատուկ միտում ունենային, ըստ ձեզ, ո՞վ է ուղղորդում, ո՞ւմ է Մանվել Գրիգորյանը խանգարում, որ ուղղորդում են նման քայլերի՝ Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Եկեք էլ չշարունակենք»: Նա ասաց, որ իր վարկածն ու իր տեսակետն ունի, բայց չի հայտնի:
Նշենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Նազիկ Ամիրյանը վստահեցրեց, թե Մանվել Գրիգորյանը որեւէ կապ չունի շղթայակապ երիտասարդի հետ, որի լուսանկարները տարածվել էին համացանցում ու մեկնաբանում էին, որ Մանվել Գրիգորյանը նրան կտտանքների է ենթարկել: Ըստ Նազիկ Ամիրյանի, այդպես է հարմար, այդպես են ներկայացնում: Թե ո՞ւմ է հարմար, ուղղորդվա՞ծ է սա, քաղաքակա՞ն հարց են լուծում, ո՞վ է դրա հետեւում կանգնած՝ այս հարցերին ի պատասխան՝ Նազիկ Ամիրյանը դարձյալ ոչինչ չասաց՝ նշելով. «Չեմ կարող ասել»: Հարցին՝ ձեզ վերագրվող մեղադրանքների մասին ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Դատական պրոցեսը գնում է: Եթե մեղադրող կողմն էդքան վստահ է, որ այդ ամեն ինչը ես կատարել եմ, թող դատարանում ապացուցեն»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
24.07.2019