Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Հրանտը գալիս էր, այս տունը անմեկնաբանելի շունչ էր առնում»

Հուլիս 25,2019 12:30

Հրանտ Մաթեւոսյանի եղբայրն ու որդին` գրողի ժառանգության պահպանման, Մաթեւոսյան-Թումանյան աղերսով ծրագրի մասին:

Վերջերս Լոռի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահը եղել էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձորում, հյուրընկալվել գրողի հայրական տանը, որտեղ բնակվում է Մաթեւոսյանի եղբայրը` Համո Մաթեւոսյանը:

Նա նախագահին նվիրել էր Մաթեւոսյանի երկհատորյակը: «Առավոտի» հետ զրույցում Համո Մաթեւոսյանը նշեց. «Գիտեմ, որ նախագահը գիտության, գրքի մարդ է, ոչ միայն տեխնոկրատ, նորօրյա գյուտերից քաջատեղյակ, այլեւ գրականությանն ու մշակույթին նվիրված մարդ: Զգացված եմ, որ առիթ ընձեռվեց նախագահին գիրք նվիրելու: Դա պատահական գիրք չէր, այլ Հրանտ Մաթեւոսյանի երկհատորյակը, որի վրա մի քիչ ջանք եմ թափել»:

Ինչ վերաբերում է մեծ գրողի հայրական տանը, Հրանտ Մաթեւոսյանի գրականագետ եւ մանկավարժ եղբայրը նշեց. «Հայրական տունն ինձ համար թանկ տուն է, համարեք գյուղական անշուք տուն, գյուղական թերի տուն, բայց դա ինձ համար ամենանվիրական տունն է… Սկսենք Եսենինից, Պուշկինից մինչեւ Համո Սահյան, բանաստեղծների գյուղական տները միշտ էլ այսպիսին են եղել, շքեղաշուք չեն եղել, գրող մարդու տունն այսպիսին էլ պետք է լինի, ոչ թե ճռճռան, վերամբարձ ու պաթետիկ: Չեմ ասում, թե գյուղական տունը ոտքի տակ գնացած ինչ-որ տուն պետք է լինի, սա հարգանքի արժանի տուն է, որը պետք է գեղեցիկ պահել`մթնոլորտը, կոլորիտը, գյուղական այդ տան շունչը պետք է տեղը պահել»:

Համո Մաթեւոսյանին խնդրեցինք, որեւէ տպավորիչ դրվագ պատմել Հրանտ Մաթեւոսյանից: «Նրա համար ամենատպավորիչը հայրական տունն էր, հայրական տան ճանապարհը, հայրենի գյուղը… Ասում էր` Ալավերդու ճամփից թեքվես դեպի Ահնիձոր, արդեն մարդու շունչը բացվում է: Այդ զգացումը ես էլ եմ ունենում ամեն անգամ: Այս քարքարոտ ճամփի վրա իմ շունչը բացվում է, որովհետեւ այդ ճամփան ինձ տուն է բերում: Այս զգացողությունը Հրանտից է գալիս… Ես դաստիարակվել եմ իր գրականությամբ, իր շնչով, հայացքով, այդպես էլ շարունակում եմ: Երբ Հրանտը գալիս էր, այս տունը անմեկնաբանելի շունչ էր առնում»,-նշեց գրողի եղբայրը:

Մաթեւոսյանի հայրական տունը թանգարան դարձնելուն էլ անդրադարձ եղավ: Համո Մաթեւոսյանն ասաց, որ դա իրեն եւ ուրախացնում է, եւ տխրեցնում. «Թանգարանում մի տեսակ մեռած ցուցանմուշներ են լինում, անկենդան, սառը, թանգարանի տնօրեն, որն անհաղորդ գիդի նման ոմանց կառաջնորդի` հասկացող եւ անհասկացող… Էն կենդանի շունչը չի լինի, որ պետք է լիներ: Ես կուզեմ, որ այս տունը միշտ շնչող լինի, այցելողները կենդանի շնչառություն զգան, ոչ թե թանգարանի տխուր օդ շնչեն: Թե առաջիկայում ինչ է նախատեսվում, դա արդեն հանրապետության ղեկավարության անելիքն է կամ որոշելիքը: Վաղը, մյուս օրը ենթադրենք ես չկամ, իմ դուռը ձեր առաջ ո՞վ է բացելու, ո՞վ է ողջունելու ձեզ, դա մտածելու բան է… Բայց ինչպես ասել է մեծ գրողը` Լեւ Տոլստոյը, ինչ լինում է, այն է լինելու»:

Հրանտ Մաթեւոսյանի որդու` Դավիթ Մաթեւոսյանի հետ էլ խոսեցինք: Նա անդրադարձավ ինչպես իր «Մոտկոր» ծրագրին, այնպես էլ Մաթեւոսյանի ժառանգության պահպանությանը, նախագահի` Ահնիձոր այցելելուն. «Օրերս քննարկում էինք Մաթեւոսյանի ժառանգության, եկող տարվա հոբելյանի, Երեւանում կենտրոնի չկառուցվելու եւ գործը չշարունակելու, ընդհանուր առմամբ անելիքների եւ մշակութային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Պարզվեց, նախագահը Լոռի է գալիս: Հույս ունեմ, որ իր այցելությունն Ահնիձոր մեծ անելիքների նոր հանգրվանի սկիզբ է»: Ներկայացնելով «Մոտկոր» նախագիծը` Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ այն արժանացել է կառավարական շրջանակների քննարկմանը եւ հավանությանը, մի քանի նախարարություն հետաքրքրված է, տարածքային կառավարման նախարարությունն աշխատում է իրենց հետ, Եվրոպական պատվիրակությունն էլ իրենց մեծ ծրագրի սեգմենտներից մեկը վերցրել է իր ուշադրության կենտրոնում եւ հավանական է, որ աշխատանքները կսկսվեն այս աշնանը:
«Մաթեւոսյան-Թումանյան աղերսով, հայեցակարգով մեր ծրագիրը համայնքների (առաջին հերթին Թումանյան խոշորացված համայնքի, ապա անդրադառնալով Դսեղին եւ հարեւան համայնքներին), միջավայրի առողջացման ծրագիր է ենթադրում, երբ վերահաշտեցնում ենք սոցիումը ու բնությունը: Ցավոք, Հայաստանում շատ լուրջ խնդիր է բնության հետ թշնամությունը: Մարդիկ հուսահատությունից դարձել են բնության ագրեսիվ սպառողներ, եւ մենք պարբերաբար ունենալու ենք այդ խնդիրը, երբ մարդիկ փող աշխատելու ու հեշտ փող աշխատելու համար կազմակերպված ձեւով փորձելու են իրենց այլեւս նվաճած տարածքը ետ չտալ: Ասելու են` թույլ տվեք անտառը ոչնչացնենք, ձուկ ոչնչացնենք, մենք սպառողներ ենք, այդպես ենք ապրել, որովհետեւ մեզ այդպես է պարտադրվել, հիմա էլ այդպես պետք է շարունակենք: Սա այդ ճանապարհը չէ: Դա երկրի ու հայրենիքի ճանապարհ չէ, դա սեփական ձեռքով ճյուղը կտրել է, այն ճյուղը, որի վրա նստած ես: Այստեղի գյուղերում էլ այդ խնդիրը կա, թերեւս ավելի հանգիստ ու ավելի լոռեցիաբար, բայց կա: Եվ անհանդուրժելի է, որ լինի, որովհետեւ դա հեռանկար չունի, գյուղերը դատարկվում են, աշխատատեղեր չկան, կյանքի որակը ցածր է: Հիմա մենք ուզում ենք գյուղացու, եթե ոչ աստվածաշնչյան, ապա գոնե գրագետ գյուղացու, հայրենիքը սիրող քաղաքացու կերպարը վերականգնել, ուզում ենք, որ ինքը բնության հետ ներդաշնակվի, որովհետեւ մարդը ծնվում է ներդաշնակ, հետո արտաքինից պարտադրվող պայմաններն են իրենց ագրեսիվ սպառող դարձնում»,-ասաց Դավիթ Մաթեւոսյանը:

Նրանից տեղեկացանք, որ ինքն էլ ունի մտահոգություն, որ Մաթեւոսյանի հայրական տունը դասական ձեւաչափով տուն-թանգարան դարձնելու դեպքում «կանշնչանա»: «Այդ անհանգստությունն ունեինք նաեւ Երեւանի վերաբերյալ, այդ պատճառով Հրանտ Մաթեւոսյան կենտրոն-թանգարանի մասին խոսեցինք: Ահնիձորում լինելու է կենտրոն-թանգարանի գաղափարի շարունակությունը, մենք ունենալու ենք օջախ, որը պարբերաբար մարդկանց, գրողների, սերունդների, աշակերտների, ուսանողների է հյուրընկալելու, լինելու է կրթական, մշակութային կենտրոն: Դասական իմաստով տուն-թանգարանների ձեւաչափը վաղուց իրեն սպառել է: Իհարկե, իրենց գոյությունը մեծ անհրաժեշտություն է` մտար նայեցիր, էստեղ ապրել է, էս օրորոցում ճոճվել է, այստեղ հայրն է մի բան արել, դա, իհարկե, աշխատող է, բայց աշխատում է, եթե դու դրա կողքին ստեղծում ես, վերընձյուղում ես, անընդհատ տալիս ես այն գրականությունը, որը ստեղծել է, արժանի է մաթեւոսյանականին ձգտող գրականություն համարվելու»,- նշեց մեր զրուցակիցը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 

24.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031