ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ 5 միլիարդ դոլարով տուգանել է Facebook սոցցանցին՝ օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով:
«Facebook Inc-ը կվճարի ռեկորդային 5 միլիարդ դոլարի տուգանք և կպարտավորվի ենթարկվել նոր սահմանափակումների, ինչպես նաև փոխել կորպորատիվ կառուցվածքը, որպեսզի կազմակերպությունը պատասխանատվություն կրի օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ ընդունվող որոշումների համար»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Կարգավորման արդյունքում կստեղծվի տվյալների պաշտպանության անկախ կոմիտե, որը այդ հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը դուրս կբերի ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ուղղակի վերահսկողությունից: Այդ կոմիտեի անդամները կլինեն անկախ և նրանց հնարավոր կլինի հեռացնել միայն տնօրենների խորհրդի ձայների մեծամասնությամբ:
Բացի տուգանքից՝ իշխանությունների հետ համաձայնագրի շրջանակում ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նաև անձնապես պատասխանատվություն կկրի գաղտնիության պահանջներին հետևելու համար: Facebook ընկերության այդ նորմերին չհետևելու դեպքում նա կարող է պատասխանատվության ենթարկվել, այդ թվում քրեական:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, 2018թ.հայտնի դարձավ, որ սոցցանցերում քաղաքական գովազդով զբաղվող Cambridge Analytica ընկերությունը անօրինական կերպով հասանելիություն է ստացել Facebook սոցցանցի 87 միլիոն օգտատերերի տվյալներին: Դրանից հետո այդ ընկերությունը փակվել է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ