Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն գործած 19 ամյա զինծառայող Վոլոդյայի մայրը Արցախից ահազանգ էր ստացել՝ որդին փախել է զորամասից

Հուլիս 24,2019 23:30

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած 19–ամյա զինծառայող Վոլոդյա Գալոյանը հուլիսի 11-ին մեկ շաբաթով արձակուրդ էր եկել տուն՝ պապի մահվան առաջին տարելիցին մասնակցել ու վերադարձել ծառայության: Այս տեղեկությունը Aravot.am-ին հայտնեց Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի ղեկավար Մելսիկ Ղազարյանը: Մահացած զինծառայողն այդ գյուղից էր:

«Վերին աստիճանի խելացի, խեղճ ընտանիքում ապրող երեխա էր: Շատ շնորհալի երեխա էր, պապի մահվան առաջին տարին էր, եկավ, գնաց: Ծնողներից հայրը արտագնա աշխատանքի է, մայրն էլ առավոտյան ճանապարհ էր դուրս եկել, գնում էր Ղարաբաղ՝ տղայի մոտ, ես եմ զանգել, ճանապարհից հետ են եկել: Եկավ, որ տեսավ՝ բակում մեծ բազմություն է հավաքվել, վատացավ»,- պատմեց գյուղապետը:

Մեր հարցին՝ ինչու էր տղայի մոտ գնում, եթե տղան մի քանի օր առաջ էր արձակուրդից վերադարձել ծառայության, գյուղապետը պատասխանեց. «Ինչ որ ասում են՝ ոստիկանությունից զանգել էին մորն ասել, թե տղադ փախել է զորամասից, դրա համար իրենք գնացին, բայց այս միջադեպի մասին ոչ ոք տեղեկություն չունի»:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո, Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, եւ կողքին ընկած նրա ինքնաձիգը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031