ՊԵԿ-ը մտադիր է հարկային ծառայողների վարքականոնը փոփոխել, դրանք ավելի, այսպես ասած, եվրոպական դարձնել:
Պետական եկամուտների կոմիտեն կառավարությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 25-ի նիստի օրակարգից:
«Ներդնել հարկային ծառայողների վարքագծի կանոններ հիմնված միջազգային փորձի վրա՝ նախատեսելով այնպիսի վարքագծի նորմեր, ինչպիսիք են՝լավ կառավարումը, բարեխղճությունը, այդ թվում նաեւ՝ էթիկան, շահերի բախումը, նվերներ ընդունելու արգելքը»,-գրված է նախագծում:
Հարկային ծառայողի նոր վարքականոնով սահմանվում է. «Չհրապարակել կամ այլ կերպ չտարածել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները (բացառությամբ ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերի), ինչպես նաեւ չօգտագործել նման տեղեկությունները շահադիտական կամ ցանկացած ոչ ծառայողական նպատակներով»:
Կարդացեք նաև
Բացի այս, հարկային ծառայողին «կերպարանափոխող» այս նոր վարքականոնը, ինչպես նշված է նախագծում, սահմանում է՝ իր ծառայողական պարտականությունների կատարման համար չստանալ նվերներ, գումարներ, իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որեւէ անձից: Իր ծառայողական պարտականություններն իրականացնել այնպես, որ հնարավորինս բացառվեն շահերի բախման իրավիճակները, իսկ անձնական եւ պետական շահերի միջեւ շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում՝դրա մասին անմիջապես տեղյակ պահել վերադասին:
Հարկային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում, ըստ վարքականոնի, առեւտրային կազմակերպություն հիմնադրելու եւ դրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում՝ այդ բաժնեմասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:
Նոր վարքականոնում մի ուշագրավ դրույթ էլ կա՝ ամենօրյա գործառույթներում եւ շփումներում լինել քաղաքականապես չեզոք, խուսափել այնպիսի գործողություններից եւ շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն:
Ըստ նոր վարքականոնի, հարկային ծառայողը պարտավոր է հարգել հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը եւ լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ եւ տարածել տեղեկատվություն»:
Իսկ եթե այս վարքականոնի որեւէ դրույթ խախտվի, ապա, ինչպես նշված է նախագծում, հարկային ծառայողը կարգապահական պատասխանատվության կենթարկվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ