Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեղական իշխանություններին այս բոլոր տարիներին վերաբերվել ենք վերջին մեղավորի կարգավիճակով». Էմին Երիցյան

Հուլիս 24,2019 20:35

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում անցկացված համաժողովին Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը բացման խոսքում տեղեկացրեց՝ ներկայումս մշակվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որտեղ կա դրույթ՝ 15 հազար և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում նույնպես ներդնել հակակոռուպցիոն ծրագրերն ու գործողությունների ծրագրերը: Նա նշեց, որ այս առումով սա առաջին քննարկումն է, որով բացում են թեման: Այնուհետև նշեց. «Կարևոր է, որ քննարկումն անցկացվում է այնպիսի  համայնքում, որտեղ մենք ունենք հետհեղափոխական զարգացումներ և ընտրություններ հեղափոխության արդյունքում: Շատ կարևոր է այս խնդիրները քննարկելուց հասկանալ, որ խոսքը հիմնականում վերաբերում է երեք հիմնական հենասյուների՝ թափանցիկության ապահովման, քաղաքացիների, մասնավոր սեկտորի, հկ-ների մասնակցության ապահովման, հենց համայնքային մակարդակում հանրային քաղաքականությունների մշակման և վերհանման հարցերին»:

ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն անդրադարձավ կոռուպցիայի կանխարգելման հարցում ՏԻՄ-երի դերին. «Արդեն քննարկում ենք խոշոր համայնքներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման տողի հարցը ռազմավարությունում: Ամենակարևոր փուլը կիրառումն է և կոռուպցիոն մտածողության վերացումը: Երբ խոսում ենք նոր ռազմավարության ներդրման մասին, նոր ռազմավարությունն ամբողջությամբ մշակվեց հենց հասարակական կազմակերպությունների,  քաղհասարակության հետ համատեղ և կոնսենսուալ փաստաթուղթ դարձավ: Ուրախ եմ, որ այս փուլում ինտեգրվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինները»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտնեց՝ դեռ 2001-2002 թվականներից մշակել ենք վարքականոնների հետ կապված ձեռնարկներ, իրականացրել վերապատրաստման ծրագրեր, ԵԽ-ի հետ էթիկայի ծրագրեր համայնքի ղեկավարների համար, նման մի ծրագիր կսկսվի այս աշնանից ԵԽ նախաձեռնությամբ:

Էմին Երիցյանը կարևորեց, որ հանրային իշխանությունների, ինստիտուների համար պետք է  կարևորվի տեղական ինքնակառավարումը որպես հենակետ, բնակչության վստահությունը շահելու, վստահության հիման վրա հանրային քաղաքականության իրականացման համար: Էմին Երիցյանի բնորոշմամբ՝ հայկական իրականությունն այնպիսին է, որ մենք տեղական իշխանություններին բոլոր այս տարիներին վերաբերվել ենք վերջին մեղավորի կարգավիճակով։

Ըստ Էմին Երիցյանի՝ ապակենտրոնացումը ոչ թե բերում է նոր ռիսկեր, այլ հակառակը. «Ապակենտրոնացումը բերում է կոռուպցիոն  ռիսկերի կրճատման, քանի որ տեղական իշխանություններն ավելի հասանելի են բնակչությանը, ավելի վերահսկելի: Միաժամանակ տեղական իշխանությունները վերահսկվում են պետական մարմինների կողմից, սա բերում է նրան, որ ընդհանրապես տեղական մակարդակում կոռուպցիոն երևույթները շատ ավելի քիչ են»: Էմին Երիցյանը նշեց, որ երբ վերջին մեղավորի մոտեցումն է շրջանառվում, տեղական իշխանությունների համար դժվար է լինում կառուցել վստահության վրա հիմնված փոխհարաբերություններ իր բնակիչների մոտ. «Ունենք 503 համայնքներ, բայց եթե հանրության մեջ տարածվում է գողուավազակ բնորոշումը, ապա ցանկացած համայնքի ղեկավար և ավագանի գործում է այս «իմիջի» շրջանակում: Մոտիվացիաները սկսում են մեռնել: Թե′ նախկին, թե′ նոր իշխանությունների օրոք այս միտումը մնում է»:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կարծիքով՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը և առհասարակ կոռուպցիայի բացառումը պետության կարևոր հանձնառություններից է. «Այն պետք է պատվով իրագործենք բոլոր մակարդակներում՝ թե′ տեղական, թե′ կենտրոնական իշխանության: Ընդգծեմ կոռուպցիոն մտածողության վերացումը, որը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնասյուներից է: Մեր համայնքի մասով առնվազն հավատացնեմ, որ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ քաղաքական պայքար մղելու կամքի առկայությունն ամենակարևոր բաղադրիչներից է, որը թույլ է տալիս հաջողություն գրանցել այս ոլորտում»:

Դիանա Գասպարյանը մտահոգություն հայտնեց, որ համայնքները պաշտպանված չեն. «Կա գենետիկ եկած տպավորություն, որ տեղական ինքնակառավարման մարմիններում փոքրիկ իշխանիկներ են նստած, որոնք զբաղված են կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվելով, կամ այս կամ այն իրենց բարեկամին հարազատին հովանավորելով: Բացի այդ որպես տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնքի ղեկավարն այն առաջին օղակն ու պաշտոնյան է, ում մոտ գալիս է քաղաքացին ցանկացած խնդրով և նաև անգամ օբյեկտիվ մերժում ստանալով՝ մեղադրում է համայնքի ղեկավարին ամենատարբեր բաներում, անգամ կոռուպցիոն սխեմաների ներգրավման մեջ: Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմիններ այն օղակներն են, որոնք դուրս են գալիս այդ ամենի տակից և որոնց ուղղությամբ նետվում են բոլոր քարերը»:

Համաժողովին քննարկումներ ծավալվեցին կոռուպցիայի դեմ պայքարը տեղական ինքնակառավարման մարմիններում թեմայով, ներկայացվեց միջազգային փորձը, քննարկվեցին հակակոռուպցիոն ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի ներդրման հնարավորությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, կոռուպցիայի կանխարգելումն ու էթիկայի ապահովումը տեղական և տարածքային մակարդակով: Հաշվի առնվեցին նաև ԵԽ մեխանիզմները: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում համայնքային ծառայության զարգացման հեռանկարներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031